ԳլխավորՄի կտոր գիրք

«Անսպասելի համրություն». Կենձաբուրո Օե

Ճապոնական գյուղ

Ներկայացնում ենք ճապոնացի արձակագիր, գրականության նոբելյան մրցանակակիր (1994) Կենձաբուրո Օեի (31 հունվարի, 1935- 3 մարտի, 2023) «Անսպասելի համրություն» պատմվածքը։

***

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էր մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:

Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:

Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր չէին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:

Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:

Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.

– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:

Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:

–Ավագը ես եմ,–ասաց նա:

–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:

–Կարող եք տեղավորվել դպրոցում,–մեծահոգաբար ասաց հայրը:

–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:

–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:

–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:

Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն  երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։

Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մե­կր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։

Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հա­վանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դի­տորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։

Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածան­քով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոս­կեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձր գոռգոռում։

Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին և ակնա­պիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգ­մանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշո­րեն էր մտնում ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հա­զիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։

Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշա­պիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխա­ները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շփոթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։

Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։

–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։

Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։

–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։

Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանում՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.

–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։

Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։

–Դե, ի՞նչ, չգիտե՞ք,– գրգռված հարցրեց թարգմանիչը, –ո’ւխ, անբաններ…

Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստա­նամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի աններդաշնակությունից։

–Ավագին՝ այստեղ։ Թող անհապաղ ներկայանա՛,– հրամայեց թարգմանիչը։

Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։

Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշ­խատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։

–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։

–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։

–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։

Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծառ արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։

«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։

–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։

Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլու­խը։

–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։

–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։

–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պա­տասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։

–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։

–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։

Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.

–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։

–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգ­մանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։

Ավագը լռում էր։

–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգ­մանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։

Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակա­գույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Ար­տասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորո­վին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրա­ցանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։

Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։

–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։

Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանա­պարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գե­տափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանչից, դրանով չզբաղվեց։

Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։

Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավա­կան հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին մի­ախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։

Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածնե­րին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։

–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։

–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։

–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։

Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտե­լով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։

Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով եր­կար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվո­րին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։

–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գո­ղացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։

Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.

–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։

Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նո­րից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.

–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հե­տևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։

Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։

–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասա­ցի՝ հետևեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։

Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմա­նիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։

–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։

–Գնացինք,– ասաց տղայի հայրը։

Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կա­տաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երե­խաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։

Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր   խուզարկությունը, նրանցից  մեկն  անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։

Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։

Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։

Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երեկոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։

Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զին­վորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.

–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահա­րեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժար­վի ինձ օգնելուց։

Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.

–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռո­վություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյու­ղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։

Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղա­ցիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։

–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։

–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգ­նենք ձեզ։

–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։

Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևահար այտն ինչպես է դանդաղորեն կարմրա­տակում։

–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողը դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։

Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հե­ռանալ։

–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգ­մանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։

Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:

Հայրը  շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։

Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սեղմվեց հոր տաք թիկունքին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմա­նիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գոռաց, սակայն ո՛չ մեծահա­սակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։

Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերը տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։

Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձ­րանում, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։

Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։

Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարու­նակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։

Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապար­հը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլա­կերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։

Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։

Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց և կերպարանքը դուրս ցցվեց։

–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։

Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։

–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։

Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։

–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատ­մի։

Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որ­պեսզի զսպի դողը։

–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվոր­ների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտա­սահմանյան ամսագիր նվիրել։

Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։

–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշ­խատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։

Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան  այնտեղ, թույլ չտալով բարձրանալ և շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։

Նա բացեց դուռը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նա­յեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։

Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մեջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնաց­րեց ընկերներին։ Թարգմանչին ջրից դուրս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգում էին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փորձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։

Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հա­նեց խեղդվածին և նրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դուրս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։ Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետեց քաղցրավենիքով տոպրակը, սա­կայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:

Թարգմանությունը՝ Գրիգոր Խանջյանի