ԳլխավորՄի կտոր գիրք

Ստեփան Զորյան. «Ցանկապատ»

Ստեփան Զորյան

Արձակագիր, թարգմանիչ Ստեփան Զորյանի (16.09.1890-14.10.1967) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատված նրա «Ցանկապատ» պատմվածքից։

***

Վաղուց, շատ վաղուց, գուցե դեռ պապերի օրից Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի: Իրանք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրանց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք. երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա. ծառերից շատերն արմատից ու բներից շևակալել էին ու փրչոտել, ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ. շատ տեղ ծեր, խլխլոտած ծառերի կողքին անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ կարծես ծերերին արհամարհելով աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար, աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկներր մեկնել դեպի հարևան ծառը…

Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ- մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փոքրիկ պարտեզներում. ծառերը նմանում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն… Եվ այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։ Ինչպես պարտեզները, այնպես էլ տները հարևանների՝ գտնվում էին իրար կողքի, հենց նույն պարտեզների ծայրում, և այնքան մոտ էին իրար, որ երբ մեկի ներսը խոսվում էր՝ լսվում էր մյուսի բակում, որովհետև թե պարտեզները, և թե տների բակն իրարից բաժանողը մի հասարակ ցանկապատ էր, փշոտ թփերից ու մացառներից շինված մի հի՜ն ցանկապատ։ Օ՜, այդ ցանկապատը… Որքա՜ն վեճ, կռիվ ու գանգատ էր տեսել դա. քանի՜ դատավոր, հաշտարար ու միջնորդ էր եկել դրա մոտ…

Ցանկապատի այդ վեճը, պետք է ասած, հին էր: Սկզբում հայրերն էին վիճում, ապա վեճն անցավ որդիներին՝ Մինասին ու Թևոսին, որոնք արդեն սպիտակախառն մորուքով, հիսունն անց մարդիկ էին, հարսների ու թոռների տեր։ Վեճն, իսկապես, վերաբերում էր ցանկապատի այն մասին, որ մի սաժեն տարածության վրա երկու տեղ աղեղի ձևով ծռվում էր աջ ու ձախ և, սալորի մի ծառ գրկելով, դնում էր դեպի փողոց։ Վեճը հենց այդ ծուռ տեղերի մասին էր։ Հարևաններից յուրաքանչյուրը գտնում էր, որ ծուռ տեղը պետք է ուղղվի հարևանի հաշվին, ուստի և ոչ մեկը չէր զիջում։ Վեճն, իհարկե, տարեն տասներկու ամիս չէր շարունակվում, բայց ամեն անգամ, գարունը բացվելուն պես, երբ անհրաժեշտ է լինում պարտեզները մաքրել անցած տարվա աղշպանքից և ցանկապատը նորոգել նոր թփերով ու ծառաճյուղերով, նորոգվում էր և հին վեճը հարևանների միջև։

— Պետք է մի ոտը դպա քեզ դնես չափարը, — ասում էր նրանցից մեկը, երբ տեսնում էր հարևանը կամենում է ցանկապատը կարգի բերել։

Մյուսը, խռով լեզուն բանալով, խուսափուկ հայացքով պատասխանում էր.

— Ընչի՞ որ. հազիր դու պտի մի ոտը քեզ քաշես. քու կողմից է ծուռը։

— Ներեղություն կանես, ծռողը քո հերն է եղել, դու էլ պըտի…

— Իմ հե՞րը…

— Հա, հենց քո ագահ հերը:

— Ագահը դո՛ւ ես…

Ու երկուսն էլ վիրավորվում էին և ավելորդ խոսքեր ասում իրար։ Նրանց ձայնի վրա տներից իսկույն դուրս էին թափվում որդիները, կանայք. հարսները գլուխները հանում էին դռներից կամ լուսամուտներից, երեխաները վազում էին խաղի տեղից, ու սկսվում էր լեզվակռիվ. բոլորն էլ խոսում էին միասին և աշխատում միանգամից մի քանի խոսք ասել:

Մի երկու րոպեում իրար գլխով էին տալիս հին ու նոր, կրկնում էին այն բոլորը, ինչ ասել էին անցյալ տարի, և ասում էին բաներ, որ երբեք չէին ասել. կամ ծաղրում էին իրար պակասություն ու խոսելու ձև։ Թևոսը հեգնում էր Մինասի բարձր հասակն ու «սարսաղ» մտքերը, Մինասը զարմանում էր նրա կարճ բոյի ու մեծ-մեծ խոսքերի վրա։ Հաճախ դիմում էին հայհոյանքի կամ շոշափում ոսկորները վաղուց մեռած ծնողների.— «Քո հերն ի՞նչ էր. մեր գութանի խոփը կերավ» … Երբեմն էլ փորձում էին հարձակվել իրար վրա, բայց հարևանները միջամտում էին, համոզում, խնդրում՝ հանգիստ լինել։ Մեծերին նայելով՝ հայհոյում էին միմյանց և երեխաները, իսկ կանայք քիթները վեր քաշելով, ցանկապատի երկու կողմից չանչում էին իրար.

— Ի՜ի՜, հողեմ ձեր գլուխը…

Շատ ժամանակ վեճը վերջանում էր նրանով, որ կամ դրացիների միջամտությամբ ցրվում էին իրանց տները, կամ երկուսն էլ ջոկ-ջոկ գնում էին դատարան: Վերջին անգամ նրանց վեճը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ, այն օրերին, երբ թշնամին գրավել էր Կարսը և առաջ էր խաղում, և հենց այն օրը, երբ գյուղը պիտի գաղթեր։ Չնայած, որ շարունակ վատ լուրեր էին գալիս, տեղացիներն այնուամենայնիվ, աստծուն ապավինած, մխիթարվում էին նրանով, որ թշնամին դեռևս չի մոտեցել իրենց գյուղին, որ գուցե ետ դառնա, ուստի և այդ օրն ամեն մեկը շարունակում էր իր սովորական աշխատանքը։ Գարնան արևկա օր էր. օդը վետվետում էր արձակ դաշտերում և գյուղի կտուրների վրա. զգացվում էր ծաղկող ծառերի և նոր կանաչի հոտ. հավերն աչքերը խուփ՝ տաքանում էին արեգընդդեմ պատերի տակ. փողոցների եզերքին և ցանկապատերի արանքում աճում էր եղինջը։

Մինասը չուխեն հանած, ուրագը ձեռին չթի մաճ էր շինում իր թակում և միաժամանակ նայում պարտեզն արած նորածին հորթերին, որ վախվխելով դունչները մոտեցնում էին ծառերի բներին, թփերին, հողին և միշտ դողահար ծուլ լինում (գոմից նրանց առաջին անգամն էին դուրս բերել): Մեկ էլ հանկարծ նրանք խրտնեցին և փախան դեպի այգու խորքը։ Եվ երբ Մինասը ելավ տեղից իմանալու, թե ինչի՞ց արդյոք նրանք խրտնեցին, նա նկատեց հարևան Թևոսին, որ չուխի փեշերը ետ ծալած՝ ինչ-որ բան էր անում ցանկապատի մոտ։ Հարևանին տեսնելով՝ Մինասը թողեց ձեռքի մաճը, ի՞նչ է անում Թևոսն այնտեղ…

Նա ուրագը խրեց գոտին՝ մեջքի կողմից և գնաց դեպի ցանկապատը։ Թևոսը ծառերից կտրած չոր ճղափայտեր էր խրում ցանկապատի մեջ, երևի ցանցառ տեղերը խտացնելու համար։ Մինասը կանգ աոավ, կուրծքը դուրս գցեց և ձեռները կանթեց մեջքին։ Իր այդ կեցվածքով և համառ նայվածքով նա, կարծես, հարևանին հասկացնել էր կամենում, թե ինքը քնած չէ։ Թևոսը սակայն սրա ներկայությունը նկատելով՝ ձևացնում էր, իբր թե ոչինչ չի տեսնում և, գլուխը կախ, շարունակում էր իր գործը հանդարտ ու անխոս արհամարհանքով: Այսպես շարունակվեց մի քանի րոպե։ Հարևանի անտարբերությունը վերջապես վրդովեց Մինասին. նրա սափրած ներքին ծնոտը դողաց մալոռուսական բեղերի տակ:

— Ի՞նչ ես անում,— հարցրեց նա զուսպ զայրույթով և մի այնպիսի չոր եղանակով, որ հատուկ է խռով մարդկանց, երբ նրանք, հարկադրված, խուսափող հայացքներով դիմում են միմյանց: Անցած տարվա վեճից հետո նրանք առաջին անգամ էին կանգնում դեմ առ դեմ:

Թևոսը չպատասխանեց։ Նույն անտարբերությամբ նա շարունակում էր ճյուղերը խրել ցանկապատի մեջ։ Մինասն ավելի վրդովվեց։

— Քեզ եմ ասում է՜, էդ ի՞նչ ես անում։

— Աչքերդ տեսնո՞ւմ չեն, — պատասխանեց Թևոսը հանդարտ։

— Կույր չեմ. բայց քեզ ո՞վ է իրավունք տվել որ…

— Ումի՞ց պետք է իրավունք խնդրեմ իմ բանի համար։

Մինասն ավելի վիրավորվեց հարևանի արհամարհական պատասխանից։ Այդ արդեն չափազանց էր։ Ինչպե՛ս թե ումի՞ց պետք է իրավունք խնդրի. իհարկե` իրենից։

— Ձեռ մի՛ տալ էս չափարին, — գոչեց նա հանկարծ:

— Ձեռ մի՛ տալ։

— Ի՞նչ. չափարը քո՞՜նն է…

— Ո՛ւմն է բա… Քո՞նն է։ Հերիք չի ծռել ես դեսը, հիմի էլ ճղներ ես կոխում, որ զավթե՜ս, հա՞՜… Թո՛ղ, ասում եմ, ձեռ մի՛ տալ…

Եվ Մինասը ձեռը թափ տվեց սպառնալից։ Բայց հարևանը նրան չէր լսում և նույն հանդարտությամբ շարունակում էր իր գործը։ Մինասն իր սպառնալիքը կրկնեց։ Հարևանը պատասխանեց միայն.

— Գլուխ մի տանիլ։ Հերի՛ք, հա…

— Շունը դո՛ւ ես…

Ու կանգնեցին դեմ դիմաց և սկսեցին ծանր խոսքերով վիրավորել իրար. նորից հիշեցին մեռելներին, ծաղրեցին միմյանց պակասություն, հանդիմանեցին իրար՝ ագահության համար։ Նրանց աղմուկի վրա անցորդները կանգ առան փողոցում և, վիզները երկարած, ցանկապատից նայեցին կռվողներին. երեխաները ավելի լավ տեսնելա համար մագլցեցին դիմացի կիսապատի վրա, հավաքվեցին հարևանները աշխատանքի գործիքներով` բահ, փոցխ, ջրի կուժ ձեռներին:

Վրա հասան և կռվողների տնեցիները, մանուկներն ատելությամբ նայեցին իրար, հարսները գլուխնին օրորեցին տրտմությամբ, իսկ կանայք սկսեցին քաշքշել ամեն մեկն իր ամուսնու փեշը, անեծքներ ուղղելով հակառակորդի անձին ու ցեղին։ Այդ քաշքշուկը սակայն հակառակորդների զայրույթն ավելի գրգռեց։ Մինասը հարևանին սպառնաց գոտկից հանած ուրագով, իսկ Թևոսը ցանկապատից վերցրած փշոտ ճյուղով։

— Մի թող հլա՜, — ասում էր Մինասը դեպի հարևանը գնալով։

— Մի թո՛ղ, թո՛ղ մի, — ասում էր Թևոսը նույնպես դեպի հարևանը գնալով։

Բայց կանայք չէին թողնում, նրանք ամբողջ ուժով ձգում էին ամուսինների փեշերը, և նրանք ցանկապատի շնորհիվ իրար մոտենալ չէին կարողանում։ Կռիվը կարող էր մեծանալ, եթե որդիները տանը լինեին, բայց նրանք, բարեբախտաբար, բանակումն էին, ուստի և դրացիներին հաջողվեց շուտով դադարեցնել հարևանների ընդհարումը։ Մինասը սակայն իրան վիրավորված զգալով, չուխան վերցրեց և, թևերը փողոցում հագնելով, գնաց դատարան։ Թևոսը կամենում էր հետևել նրան, բայց կինը չթողեց։ Չանցավ քսան րոպե՝ Մինասը վերադարձավ` հետը բերելով տանուտերին և գյուղական դատավորներին։

Տանուտերը, որ մի շատ նիհար, բարձրահասակ և ուղիղ մեջքից սկսվող ոտքերով չոր-չոր մարդ էր՝ երկարաճիտ ու սրաքիթ մույկերով, անբաժան ճիպոտը ձեռին, դատավորներին բերել էր հարևանների վեճին միանգամ ընդմիշտ վերջ տալու մտքով, որովհետև իր տանուտերության օրերում նա չորս անգամ զբաղվել էր այդ վեճով և միշտ ապարդյուն։ Այսօր առանձնապես նրա տրամադրությունը վատ էր, որովհետև կինը նորից աղջիկ էր բերել:

Comments (2)

  1. […] հայ գրողներ են: Սյունեցիները գերադասում են Ստեփան Զորյանի «Պատմվածքներ և վիպակներ» ժողովածուն, իսկ Վայոց Ձորում՝ Վարդգես Պետրոսյանի […]

  2. […] դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների […]

Comment here