ԳլխավորՄի կտոր գիրք

Մարինա Ցվետաևան՝ Ռուզան Հովասափյանի հայացքով

Բանաստեղծ, թարգմանիչ Ռուզան Հովասափյանի թարգմանությամբ, Երևանում Ռուսական տան ֆինանսական աջակցությամբ լույս է տեսել ռուս մեծ բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի (1892-1941) ստեղծագործությունների ժողովածուն:

Մտահղացման հեղինակն է Սիլվա Յուզբաշյանը, ժողովածուի խմբագիրը բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն է, առաջաբանի հեղինակը՝ ՎՊՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Թադևոս Թադևոսյանը, գեղարվեստական ձևավորողը՝ Կարինե Սիրադեղյանը:

Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն նոր գրքից։

Սխալմունք

Երբ փաթիլը ձյունի, որը թեթև թռչում –
Ինչպես ընկնող աստղիկ` հանդարտ ընկնում է վար,
Ձեռքիդ մեջ ես առնում նա արցունքով հալչում
Եվ թեթևությունն իր ետ չես բերի բնավ:

Եվ երբ հմայվելով մեդուզայի փայլով՝
Մենք դիպչում ենք նրան քմայքով ձեռների,
Շղթաներում բանտված՝ որպես կալանավոր,
Գունատվում է հանկարծ, թվում է՝ կմեռնի:

Երբ մենք ցանկանում ենք ճախրում թիթեռների
Երկրային բան տեսնել և ոչ թե երազանք –
Նրանց զգեստն ու՞ր է: Ավաղ, մեր մատներին
Լուսայգից գունատված լոկ փոշի՛ն է նրանց:

Թող ձյան փաթիլները թռչեն թիթեռ-թիթեռ,
Ավազին մի՛ զոհիր մեդուզային այն խեղճ.
Երազանքը ձեռքով չի՛ կարելի բռնել,
Չի՛ կարելի նրան պահել ձեռքերի մեջ:

Չի կարելի նրան, ինչ թախիծ էր երեր,
Ասել, թե՝ կի՛րք եղիր, շիկնի՛ր հրաշաղախ.
Քո սերը այնպիսի՜ սխալմունք է եղել,–
Բայց մենք առանց սիրո կործանվում ենք: Կախա՛րդ:

(1909-1910)

Փարիզում

Տներն՝ աստղահաս, իսկ երկինքը` վար,
Մոտիկ է նրան հողը ծխի մեջ:
Այս մեծ Փարիզում` աղմկոտ, ուրախ,
Միևնույն գաղտնի թախիծն է անվերջ:

Ծառուղիներն են լի. մարեց ահա
Արեւամուտի վերջին շողքը ալ:
Ամենուր զույգեր, զույգեր սիրահար,
Շրթունքների դող և աչքերի փայլ։

Այստեղ մենակ եմ։ Ինձ դուր է գալիս
Գլխով լուռ հենվել շագանակենու՛ն:
Ռոստանի երգն է իմ սրտում լալիս,
Ինչպես որ այնտեղ` լքված Մոսկվայում:

Գիշերը Փարիզն ինձ օտա՛ր է, խեղճ,
Նախկին զառանցանքն ինձ համար՝ թանկ հուշ:
Ես տուն եմ գնում. թախիծն է այնտեղ
Եվ ինչ-որ մեկի նկարը քնքուշ:

Այնտեղ պատից կախ` նուրբ դիմանկար.
Եղբայրական մի հայացք է տխրում.
Էդմոն Ռոստանն ու զոհը Ռեյխշտադտյան,
Սառան – բոլո՛րը կգան երազում։

Այս մեծ Փարիզում` ուրախ, աղմկոտ,
Երազիս` խոտ ու ամպեր են միայն,
Եվ խինդն է հեռու, ստվերներն են մոտ,
Եվ խորն է ցավը առաջվա նման:

Հունիս, 1909

* * *

Նրանք, փութորեն գրված, թռչում են –
Տաք՝ հաճույքներից և ցավից դառը:
Սիրո և սիրո միջև խաչվում են
Իմ ակնթարթը, տարին և դարը:

Ամազոնուհու նիզակն է փայլում –
Աշխարհում մի տեղ ձայն է աղետի:
– Իսկ ես գրիչս ետ չե՛մ պահելու: –
Երկու վարդ ծծեց արյունն իմ սրտի:

Հունվար, 1916

Comment here