ԳլխավորԼուր

8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատի գագաթ

8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատի գագաթ

«Այս տարի Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաջողությամբ բարձրացան Արարատի գագաթ՝ դառնալով աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը, ընդամենը 8 տարեկանում։ Սա, առնվազն Հայաստանի համար, բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում»,-նշված է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի ֆեյսբուքյան էջում։

«Այս հաջողությունը երկար պատրաստության արդյունք էր։ Դրան նախորդել էին ամիսներ տևած մարզումներ՝ մշակված հատուկ վերելքների ծրագրով։ Երեխաները հերթականությամբ հաղթահարել էին Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի Հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։

Իհարկե, Արարատի վերելքն առանց փորձությունների չէր։ Բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ։ Վերելքի ընթացքում առողջության համար վտանգավոր իրավիճակներ չեն արձանագրվել (հակառակ դեպքում վայրկյանական հետ կիջնեին)։

Սյունեի և Մոնթեի հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարիքը սահման չէ, երբ կա նպատակ, հետևողական աշխատանք, պատասխանատու պատրաստություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ։

Այս վերելքը միայն Սյունեի ու Մոնթեի մասին չէ, այլ վկայություն այն մասին, թե ինչի կարող են հասնել երեխաները, երբ նրանց տալիս ենք ճիշտ գիտելիքներ և հավատում ենք նրանց հնարավորություններին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews