ԳլխավորԼուր

Հաստատվել են 2026-27 ուստարվա կլինիկական ռեզիդենտուրայի ընդունելության տեղերը

Օրդինատորների գործնական քննություն

Կառավարության նիստում հաստատվել են 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հատկացվել է ընդհանուր 101 տեղ (այդ թվում՝ հետավարտական մեկամյա ուսումնառություն (ինտերնատուրա)), որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 29-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 62-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Ընդունելության տեղերը ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, իսկ օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:

Կառավարության որոշումը կնպաստի մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացմանը և առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews