Արցախյան պատերազմ-2020Գլխավոր

Պատերազմից հետո Տաթև Խաչատրյանն ավելի է արժևորում բժիշկ դառնալու որոշումը

Սպիտակ բանակի կրտսեր զինվորներից մեկն էլ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Տաթև Խաչատրյանն է: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության մեքենաներով մեկնել է Արցախ՝ Ստեփանակերտ, վիրավորներ տեղափոխելու:

«Հասել եմ մինչև Հադրութ, Տող, Խոջալու: Վիրավորների տեղափոխել ենք Գորիսի հիվանդանոց, նաև Սիսիան, հետո նորից վերադարձել ենք Արցախ: Օրերով տուն չենք գնացել»,-պատմում է ապագա բժիշկը:

Պատերազմի առաջին օրերին Տաթև Խաչատրյանը վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու կամավոր աշխատանքն իրականացրել է ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Վահե Գրիգորյանի հետ, որի եղբայրը՝ ժամկետային զինծառայող, տանկիստ Արման Գրիգորյանը, զոհվեց Վարանդայում:

«Մենք նրա մայրիկին խոստացանք, որ Վահեին էլ չենք տանի, և արդեն Արցախ գնում-գալիս էի ընկերներիս, երբեմն՝ անծանոթների հետ»,- ասում է ապագա բժիշկը, որի ցանկությունն է եղել՝ առավելագույնը ներգրավվել վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման աշխատանքներին:

«Պատերազմի օրերին վախն ինձ համար տասներորդական գործոն էր: Կարծում եմ՝ առաջնագծում մեր կարիքը կար: Տեղափոխել ենք ծանր վիրավորումով զինվորների, եղել են դեպքեր, որ շտապօգնության մեքենայում տղաներին միացված է եղել արհեստական շնչառության սարք»,-պատերազմի ծանր ժամանակահատվածն է հիշում ապագա բժիշկը:

Նրանց շտապօգնության բրիգադը երբեմն ստիպված է եղել վիրավորի կյանքը փրկելու համար փակ ճանապարհներ հաղթահարել:

«Տող գյուղում էինք, հետո դուրս եկանք: Հոսպիտալում էինք, ծանր վիրավոր բերեցին, Հադրութից Ստեփանակերտ տեղափոխոցինք, ամբողջ ճանապարհին արցունքներս չէի կարողանում զսպել: Կրակոցներ, անընդհատ պայթյուններ… Ծանր օր էր ինձ համար»,- վերհիշում է Տաթև Խաչատրյանը:

Ապագա բժիշկներն աշխատել են նույնիսկ տագնապի ազդանշանի պայմաններում, բուժօգնությունը չեն ընդհատել անգամ, երբ լսել են տարածքում թշնամու դիվերսիոն փորձի մասին:

«Եղել են պահեր, որ ԱԹՍ-ներ են ընկել մեզնից մի քանի մետր հեռավորության վրա:  Մենք՝ ուսանողներով, առաջին օգնություն ենք ցուցաբերել, դեղորայքային ներարկում ենք արել, ինչ որ այդ պահին  անհրաժեշտ է եղել: Հիշում եմ՝ Վահեի հետ Հադրութում էինք, մեքենայում վիրավոր զինծառայողն արնահոսում էր, ես ոտքն էի գրկել, Վահեն երակային ներարկում էր կատարում, քանի որ գլյուկոզա չունեինք, հիշեցի, որ պայուսակում շոկոլադ ունենք, վիրավորին տվեցինք։ Փառք Աստծո, դուրս եկանք այդ դժվար իրավիճակից, հիմա այդ տղան մայիսին մեզ հրավիրել է մասնակցելու իր նշանադրությանը…»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here