ԳլխավորԽճանկար

ԱրՊՀ ուսանող Իգոր Հասրաթյանը հավերժ մնաց 19 տարեկան

Իգոր Հասրաթյան

Նա մնաց հավերժ ուսանող, սակայն իր ապրած կյանքով ու սխրանքով դարձավ հավերժ ուսուցիչ՝ ապրողներին հղելով ամենակարևոր դասը, այն է՝ հայրենիքը վեր դասել ամեն ինչից և հանուն հայրենիքի պաշտպանության չխնայել ոչինչ, անգամ՝ սեփական կյանքը․ կյանք, որ ընդամենը ապրել էր 19 գարուն․․․

Իգոր Հասրաթյանը Արցախի պետական համալսարանի լավագույն ուսանողներից մեկն էր, ով Արցախյան առաջին պատերազմին կամավորագրվեց՝ հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով գիտության ոլորտում սպասվող հաջողություններից, որը կանխատեսում էին նրան դասավանդող դասախոսներն ու նրա ստեղծագործություններն ընթերցող մասնագետները։

Ծնվել է 1973 թ․ սեպտեմբերի 7-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր: «Պրոֆեսոր» մականունով էին կոչում նրան: Արցախյան շարժմանն անդամագրվելու կասկածանքով նրան ուզում էին հեռացնել դպրոցից: «Հանճարեղ պատանին» (այսպես էին կոչում նրան արտակարգ ընդունակությունների համար) գերազանցությամբ հանձնել է ընդունելության քննությունը և 1990 թվականից դարձել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի ուսանող, որի ավարտական (գերազանցությամբ) դիպլոմին արժանացել է հետմահու: Ուսանողական տարիներին նա անդամագրվում է  «Ցեղակրոն» կուսակցությանը, դառնում  Նժդեհի գաղափարների դավանողն ու տարածողը։ 17-ամյա պատանին շրջում էր Արցախի տարբեր վայրերում, ոգեշունչ ելույթներ ունենում:

Պատմում են, որ նա, լինելով, համալսարանի առաջին կուրսի ուսանող, դասախոս Ռոնա Բալայանի փոխարեն դաս է վարել՝  պատմությունից ունեցած  իր խորքային ու համապարփակ գիտելիքներով հիացնելով ներկաներին:

«Հիշում եմ,  առաջին կուրս մտավ  բարձրահասակ, գեղեցկադեմ, մի քիչ ամոթխած,   բաց գույնի կոստյումով, մի քիչ գանգուր մազերով մի պատանյակ։ Շատ զուսպ էր։ Նրա լռության մեջ ասես մտքեր էին համարձակ պտտվում։ Երբ գնում էին գիշերային պաշտպանական կամավորական գործողությունների ու վերադառնում, ասես ժամ առ ժամ դեմքը, ինչպես նաև իր ընկերների, փոխվում էր, հայացքը` հասուն մարդու հայացք էր դառնում… Գերազանց էր սովորում, չհասցրեց… լավ պատմաբան կդառնար…»,-Իգորի մասին անթաքույց հիացմունքով է հիշում նրան դասավանդած դասախոս, ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը։

Իգորը հեղինակել է «Զվարթ գիտություն» փիլիսոփայական գիրքը, որտեղ երևում է նրա՝ տարիքին անհամեմատ հասուն մտածողությունն ու տաղանդով օժտված լինելը։  Հանճարեղ պատանին Արցախյան առաջին պատերազմում անցել է փայլուն մարտական ուղի՝ իր սխրանքով նպաստելով պատերազմի հաղթանակին ու անկախության կերտմանը։

1992 թ․ այս օրը՝ մայիսի 10-ին, նրա մարտական փայլուն ուղին ընդհատվեց՝ դառնալով հավերժի ճամփորդ։