Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:
Այս անգամ շարքի զրուցակիցը երգիչ, դերասան, հաղորդավար Արամ MP3-ն է: Նա 2001-2006 թթ.-ին սովորել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:
Ուսանողական առաջին օրը սթրեսային էր
Արամն ուսանողական տարիները երանությամբ է հիշում, ասում է` կցանկանար հետ տալ ժամանակն ու հայտնվել Բժշկականում.
«Երբ նոր էի ընդունվել բուհ, առաջին օրս սթրեսային էր, մտածում էի` միայն իմ խմբեցիների հետ կարող եմ ընկերություն անել: Հետո հասկացա, որ ուսանողական կյանքի ընկերս կարող է լինել բոլորովին այլ ֆակուլտետից ու կուրսից. այդպես էլ եղավ: Ի դեպ, բավական մեծ շրջապատ եմ ձեռք բերել Բժշկականում, մինչև հիմա էլ շատ ընկերներիս հետ կապը պահում եմ»,-ասում է երգիչը:
Երբ հայտնվեց ՈՒՀԱ-ում և սկսեց նմանակել դասախոսներին
Արամը 2004-2006 թթ.-ին խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: Նա բավական աշխույժ ուսանող է եղել.
«Ինձ շատ էին սիրում, որովհետև նմանակում էի դասախոսներին: Երբ արդեն մասնակցում էի «Ուսանողական գարուն»-ներին, մարդիկ հասկանում էին, որ մասնագիտությանս ընտրության հարցում սխալվել եմ (ծիծաղում է): Շատ եմ մտածել` այդ ինչպես է պատահել, որ շոուբիզնեսցիներից, մշակույթի ոլորտից շատերը հենց Բժշկական համալսարանն են ավարտել: Պատասխանը մեկն է` Բժշկականում, համենայն դեպս մեր ուսանելու տարիներին, խրախուսվում էին մշակութային գործունեությունը, ժամանացային միջոցառումները: Ավելին ասեմ` Թատերականից շատերը ՈւՀԱ-ում խաղալու խնդիր ունեին, իսկ մենք` ոչ: Մեզ դասախոսներն ընդառաջում էին, բայց մենք չէինք չարաշահում նրանց բարությունը, լավ էինք սովորում»,-հիշում է Արամը:

Եթե չէր սիրում առարկան, աշխարհն էլ շուռ գար` չէր սովորի
Այն առարկաները, որոնք շատ սիրում էր, Արամը լավ էր սովորում. խոսքը մասնագիտականի մասին է, օրինակ` Ֆիզիոլոգիան. «Բայց, օրինակ, «Բժշկության պատմություն» առարկան տանել չէի կարողանում: Ծնողներս ասում էին` եթե առարկան չի սիրում, աշխարհն էլ շուռ գա` չի սովորի»: Այդպես էլ կար»,-նշում է երգիչը:
Ի դեպ, Մոսկվայի «Արարատ» հայկական թիմում Արամը ծանոթացել է Արմուշի, Վահագն Գրիգորյանի, Վաչե Թովմասյանի հետ. ««32 ատամ» հումորային հեռուստանախագծի շրջանակում արդեն գիտեինք իրար ու ընկերներ էինք»,-ասում է Արամը:
Երջանկության բանալին
Արամը շեշտում է` եթե ընտրես քո սիրելի մասնագիտությունը, հետագայում աշխատանքդ կդառնա հոբբի. «Եթե մասնագիտությունդ սիրում ես, չես հոգնում, այն դառնում է քո կյանքի անբաժան մասը, և երջանկությունը ինչ-որ չափով կախված է հենց դրանից»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ