ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Շա´տ գժություն արեք». ինչպե՞ս Աշոտ Տեր-Մաթևոսյանը ձախողեց ծնողների պլանները

Աշոտ Տեր-Մաթևոսյան

Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն է: Նա 2002-2006-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Արմեն Մազմանյանի կուրսում:

Ուզում էին` իրավաբան դառնա, պլանները ձախողեց

Աշոտի տնեցիներն արդեն որոշել էին, որ նա դպրոցն ավարտելուց հետո պետք է ընտրի իրավաբանի մասնագիտությունը,նույնիսկ գտել էին դասախոսի, որը պետք է պարապեր նրա հետ.

«Սովորում էի «Բարեկամություն» անսամբլի ստուդիայում, այնտեղ ավագ սերնդի էտալոն համարվող պարողներից մի քանիսն ընդունվեցին Թատերական, ես ու ընկերս էլ նրանց հետևից գնացինք: Սկզբում ես 0 կուրսում նստեցի, նախապատրաստական փուլով անցա, դերասանությունը սկսեց գրավել: Հիշում եմ, որ «Կալիգուլա» ներկայացման մեջ երկրորդական ինչ-որ դեր էի խաղում, նիզակը ձեռքիս կանգնել էի բեմում. այդ ժամանակ դա ինձ համար մեծ բան էր»,-պատմում է դերասանը:

«Մեր ժամանակ ուրիշ էր…»

Աշոտի խոսքով` ինքը բազմիցս ավագ սերնդից լսել է, որ իրենց ժամանակ Թատերականում բոլորովին այլ մթնոլորտ էր, հիմա արդեն ինքն է ասում` մեր ժամանակ ուրիշ էր. «Թատերականում շունչ կար, աժիոտաժ, բեմադրություններ կային. մթնոլորտն այլ էր: Իմ բախտը բերեց, որ ընդունվեցի հենց Արմեն Մազմանյանի կուրս»,-ասում է դերասանը:

Ուտում էին հաց ու երշիկ, բուլկի, բայց էնտուզիազմ կար…

Հայտնիներից Աշոտենց կուրսում սովորել են նաև Սամվել Թոփալյանը, Նարինե Պետրոսյանը, Գայանե Բալյանը, Դավիթ Գասպարյանը: Արվեստանոցում ունեին նաև բեմ, որտեղ խաղում էին. «Մենք շատ համախմբված էինք, Արմեն Մազմանյանը կարողանում էր միավորել բոլորիս: Ուտում էինք հաց ու երշիկ, բուլկի, բայց ամեն բան էնտուզիազմով էինք անում: Իսկապես, ուրախությամբ եմ հիշում ուսանողական տարիներս և անվերջ շնորհակալ եմ Արմեն Մազմանյանին: Եթե նա չլիներ, գուցե չմնայի ասպարեզում»,-նշում է դերասանը:

Աշոտը բոլոր ուսանողներին մաղթում է լինել համարձակ, չվախենալ նորարարություններից և էքսպերիմենտներից. «Շա´տ գժություն արեք»,-եզրափակում է Աշոտը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ