ԳլխավորԼուր

58 տարի բեմում. Հակոբ Ազիզյանը ծննդյան օրը ինքնատիպ նվեր է ստացել

Հակոբ Ազիզյան

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  «Ռուզան»-ի հերթական ներկայացումը նվիրվել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան օրվան, տեղեկացնում են թատրոնի լրատվական ծառայությունից։

«Կրկին շնորհավորում ենք սիրելի արտիստին, մաղթելով քաջառողջություն և անսպառ ուժ, շարունակելու փառահեղ անցյալի և ներկայի, ինչպես նաև ապագայի գործը` արարել և ստեղծագործել հանուն թատրոնի, հայրենիքի, ազգակիցների, և ոչ միայն»,-մասնավորապես նշված է թատրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 ապրիլի 19-ին թվականին Մարտունու Գեղհովիտ գյուղում:

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և նույն թվականին էլ աշխատանքի է անցել Կիրովականի (Վանաձոր) Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Առաջին դերերից են՝ Արթուր Միլլեր «Տեսարան կամրջից»- Ռուդոլֆ, Գ.Գևորգյան, «Կապույտ ձիավորը» — Մուշեղ Աֆրիկյան, Գ.Սունդուկյան «Պեպո» — Պեպո,Վիլյամ Շեքսպիր «Մակբեթ»-Մակդուֆ: Այնուհետև խաղացել է Ն.Դումբաձե «Մի վշտանա, մայրիկ»-Թեյմուրազ, Գ.Սունդուկյան «Ամուսիններ» — Արկադի Սամսոնյան, Ալ.Շիրվանզադե «Քաոս» — Միքայել և այլն:

1978 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: 1990-ական թվականներին ղեկավարել է թատրոնը, հեղինակ է մի շարք բեմադրությունների:

2004 թվականին արժանացել ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, 2011 թվականին՝ «Արտավազդ» մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում Շեքսպիրի «Արքա Լիր» Լիրի դերակատարման համար: 2004 թվականին Հակոբ Ազիզյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Վանաձորի պատվավոր քաղաքացի է: