ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Մտա քննության, Աշոտ Ղազարյանն ասաց` իյա, էս իմ կնիկնա». Քեթրին Մանասյան

Քեթրին Մանասյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Քեթրին Մանասյան
Քեթրին Մանասյան

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասանուհի Քեթրին Մանասյանն է: Նա ավարտել է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ղեկավարած կուրսը և Երևանի պետական էստրադային և ջազային արվեստի քոլեջի ջազ-վոկալ բաժնի Աշոտ Բզնունու ղեկավարած կուրսը: Քեթրինի խոսքով` ուսանողական տարիներն ամենալավն էին, քանի որ այդ ժամանակ ավելի երիտասարդ էր և իրերին բոլորովին այլ հայացքով էր նայում:

«Պարտաճանաչ ուսանող եմ եղել, չեմ սիրել անպատրաստ ներկայանալ, բացի տաղանդից` կարևորել եմ ինքս ինձ վրա աշխատելը: Եթե ժամանակ ունենայի, կարողանայի երեխայիս խնամքի հետ  համատեղել, կցանկանայի հավերժ ուսանող լինել: Օրինակ` կուզեի ռեժիսուրայի բաժնում ուսումս շարունակել: Ինձ ուսանողի կարգավիճակը միշտ դուր է եկել»,-ասում է դերասանուհին:

Բավական հետաքրքիր է եղել դերասանուհու ընդունելությունը Երևանի պետական էստրադային և ջազային արվեստի քոլեջ: Ընդունելության քննությունների ժամանակ ընդունող հանձնաժողովի կազմում եղել է նաև դերասան Աշոտ Ղազարյանը, ում հետ Քեթրինը 1999-ին նկարահանվել է «Արմենիկում UPSA» երգիծական գեղարվեստական կինոֆիլմում. «Հանձնաժողովի կազմում բավական պատկառելի մարդիկ էին նստած, հենց մտա քննության, Աշոտ Ղազարյանն ինձ տեսավ, ասաց` իյա, էս իմ կնիկնա: Բոլորը զարմացան, բայց չհասկացան` ինչի մասին է խոսքը, և միայն քննությունից հետո ասաց, որ ֆիլմում իր կնոջ դերն եմ խաղացել»,-ծիծաղելով հիշում է Քեթրինը:

Նա ուսումնական նոր տարում բոլոր ուսանողներին մաղթում է բարի երթ, նոր գիտելիքներ։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ