ԳլխավորԼուր

Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լաչինի միջանցք, ադրբեջանական անցակետ

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, տեղեկացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։

«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, նրանց անկեղծ զղջումը և դատավարական օրենսդրության պահանջների պահպանումը` կիրառվել է մարդասիրության սկզբունքը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,– նշված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ նրանք 3-ն էլ ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։