ԳլխավորԼուր

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է: Մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքներում, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարդկային ճակատագրեր, ընդհուպ՝ ինքնասպանության դեպքեր:

«Դրա համար խստացնում ենք պահանջները: Մենք բոլորս պետք է պայքարենք արատավոր այս երևույթի դեմ: Ամսվա կտրվածքով 100-ավոր միլիոններ մարդիկ պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Comment here