ԳլխավորԼուր

«Մեր պայքարն արդար է, մեր պահանջը սովորելն է». «Պահանջատեր դիմորդ»

Նոր նայեցի Հ1-ի տաղավարում նախարարի ելույթը և կարող եմ արդեն վստահաբար փաստել, որ այս մարդն իր սխալը չընդունելու համար պատրաստ է խաղալ հարյուրավոր դիմորդների ճակատագրի հետ, ձեզ համար կարևորը՝ ձեր աթոռն է, ֆեյսբուքյան էջում գրել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը։

«Ելույթում ասվում է, որ ես նստել եմ առաջին հայտով, այնուհետև հակադարձելով իրեն, ասում է՝ իմ պայքարը առաջին հայտով ընդունվելու համար է։ Ասում է նաև, որ այսօր դիմորդները ավելի քիչ էին (ախ եթե դուք վերցնեիք իմ հեռախոսը և տեսնեիք, թե քանի տասնյակ, եթե ոչ հարյուր մարդիկ են ամեն օր գրում և զանգահարում մարզերից, որոնք պարզապես հնարավորություն չունեն գալու), քան քաղաքական ուղղվածություն ունեցող մարդիկ, այնինչ մեր պայքարի առաջին իսկ օրվանից հայտարարել ենք՝ մեր պայքարը քաղաքացիական է, ոչ քաղաքական։

Ցանկանում եմ անդրադառնալ մի շատ կարևոր խնդրի։ Մենք բոլոր անհատներից և լրատվական կայքերից պահանջում ենք չտարածել ապատեղեկատվություն։ Մի քանի գրառումների եմ հանդիպել, որտեղ փորձում էին քաղաքականացնել մեր պայքարը։ Հարգելի լրագրողներ և լրատվական կայքերի համակարգողներ, մեր շարքերում կարող են լինել տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներով, որը շատ բնական երևույթ է, բայց մեր շարժումը բացառապես արդար պահանջն է հանուն կրթության, մեր շարքերում չկա մեկ մարդ, որը թույլ կտա մեր անունը և մեր հարցը շահարկել քաղաքական տեսանկյունից։

…Սիրելի ընկերներ, հավաքվում ենք վաղը՝ առավոտյան ժամը 11։30-ին, ԿԳՄՍՆ-ի դիմաց, նպատակը մեկն է՝ պահանջելու ենք հետևյալը՝ նախարարը այն, ինչը համարձակվում է ասել ֆեյսբուքյան ուղիղ եթերով և հեռուստաընկերությունների տաղավարում, պետք է ասի մեր աչքերի մեջ նայելով, պետք է պատասխանի մեր հարցերին։ Եթե հիմա՝ այս իրավիճակում նախարարը չի լսում դիմորդներին և թաքնվում է ոստիկանության թիկունքում, նրանց դուրս բերելով դիմորդների դեմ, ապա էլ ե՞րբ է պատրաստվում լսել։

Կոչ եմ անում բոլոր դիմորդներին (այդ թվում՝ նաև մարզերի) միանալ մեզ, ես հասկանում եմ բոլոր պատճառները, որոնցից ելնելով դուք չեք կարող ներկա գտնվել, բայց հավատացեք՝ մեր և ձեր իրավունքների համար պետք է պայքարենք միասնական, դա է հաղթանակի բանաձևը։

Չենք հանձնվելու ոչ մի պարագայում, քանի որ մեր պայքարը արդար է, մեր պահանջը սովորելն է, մեր հոգին անկոտրում է»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

 

Comment here