ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները Լաչինի անցակետից արցախցի ուսանողի են առևանգել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ., հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

Հուլիսի 29–ին էլ կրկին Լաչինի միջանցքից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանում նրան կալանավորել են։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։