ԳլխավորԼուր

Վայոց Ձորում անցկացվել է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  խորհրդակցությունների հերթական փուլը

Վայոց Ձորում անցկացվել է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  խորհրդակցությունների հերթական փուլը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Վայոց Ձորի մարզպետարանում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության մարզային արդյունքները․ համաձայն «Գնահատման և թեստավորման կենտրոնի» տվյալների՝ Վայոց Ձորի մարզից այս տարի քննություններին մասնակցել է 234 դիմորդ, որի 63,2 տոկոսն ընդունվել է առաջին փուլով, ևս 19 ուսանող ընդունվել է 2-րդ փուլով, այնուհետև ըստ տարբեր չափանիշների՝ մանրամասն վերլուծել է արդյունքները՝ տնօրենների ուշադրությունը հրավիրելով որոշ ցուցանիշների վրա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար: Անդրադարձ է կատարվել նաև նոր դասագրքերին, դրանց ուշացման խնդիրներին և այդ ընթացքում դասավանդման գործընթացի կազմակերպման եղանակներին, ինչպես նաև դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանը, մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, ոլորտի իրավական ակտերի փոփոխություններին, ներառական կրթության առանձնահատկություններին, հոգեբանի ծառայությունների ներդրմանը, դպրոցաշինության ծրագրերին, բնագիտական առարկաներ դասավանդողներին տրվող լրավճարներին։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև ՀՀ Կրթության տեսչական մարմնի՝ Վայոց Ձորի դպրոցներում կատարած ստուգումների վերլուծությունը, այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նաև մարզի մանկապարտեզների տնօրենների հետ՝ քննարկելով տնօրենների հավաստագրման գործընթացին։ Քննարկվել են ոլորտի իրավական ակտերին, համընդհանուր ներառականությանն առնչվող մի շարք հարցեր։

Նշենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: