ԳլխավորԽոսք

«Ինձ ոգևորում է այն զարմանալի նվիրվածությունը, որն ունի էս ջահելությունը». Սոս Սարգսյան

Սոս Սարգսյան

Թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի (24.10.1929-26.09.2013) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա մտքերից։

***

• Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…

• Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

• Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու:

• Երկու մարդու երբեք չեմ կարող մինչև վերջ հասկանալ՝ մեկն Անդրանիկն է, մեկը՝ Հովհաննես Թումանյանը: Ինձ համար դրանք անհասանելի մեծություններ են, իրենց ապրած կյանքի իմաստն ինձ համար խորհրդավոր ու անհասանելի է:

• Մի անգամ ասացի՝ ինձնից նեղացան: Ասացի, որ հայերը թատերասեր ժողովուրդ չեն: Դա ճիշտ է, իմ ասածի մեջ ճշմարտություն կա…

• Հիշեցի իմ մանկությունը, հանկարծ զգացի, թե ինչքան ծանր մանկություն էր: Մոռացել ենք այդ բոլորը, բայց իմ սերունդը սոսկալի բաներ է տեսել՝ հասարակ բան է, չէ՞, կոշիկը, բայց չկար…

• Ինչո՞ւ պիտի վատատես լինեմ: Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբերան ժողովուրդ: Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել: Շատ լավ բաներ են կատարվում… Չի կարելի նվնվալ, նվնվալ… Ինչքան շատ գանգատվենք, ինչքան շատ փնովենք՝ այնքան կվատանա վիճակը…

• Հայաստանն իմ երկիրն է՝ ինչ նախագահ, ինչ մինիստր, ինչ կուսակցություն, ինչ բան… Առաջին հերթին իմ երկիրն է, քո երկիրն է, ձեր երկիրն է, մեր բոլորի երկիրն է, այս բոլորը պիտի կարգի բերենք: Տիրոջ զգացողություն է պետք դրա համար:

• Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր բանակն է: Ես դա համարում եմ զարմանալի երևույթ: Մեր օրենքներից, մեր դրվածքից, մեր պահվածքից, մեր կորցրած արժանապատվությունից դուրս մեր բանակն է: Խոնարհվում եմ այն մարդկանց առջև, ովքեր կարողացան մեր բանակը կառուցել:

• Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ: Խռովքս գալիս է հենց հասարակության չկայացվածությունից, էն բազմաթիվ խնդիրներից, որոնք էսօր եկել ու կանգնել են մեր առաջ: Հայրենասիրության պակասի խնդիրը, մեր հոգևոր արժեքների հանդեպ անտարբերության խնդիրը… Շատ են…

• Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնք, փառք Աստծո, այսօր նման են աշխարհի շատ ու շատ երկրներում կառուցված լավագույններին: Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի:

• Չեմ ընդունում այն բոլոր տրտունջները, թե ջահելությունը լավը չէ, թե մեր նման չէ: Լավ է, որ մեր նման չէ, որովհետև ավելի առաջադեմ է, ավելի ազատ ու համարձակ է: Ժամանակը զգացող է, այդ ժամանակի մեջ սեփական «ես»-ը հաստատող է: Իհարկե, շատ խնդիրներ ունի ջահելությունը, կիսատ-պռատ տեղեր շատ կան, բայց ինձ ուրախացնում և ոգևորում է այն զարմանալի նվիրվածությունը, որն ունի էս ջահելությունը:

Comment here