ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Եկա քաղաք, կապերս կտրեցի». Վահագ Ռաշի ուսանողական արկածները

Երգիչ, երգահան Վահագ Ռաշ

Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը երգիչ, երգահան Վահագ Ռաշն է: Նա 1999-2003-ը սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, մասնագիտությամբ ցանցային ծրագրավորող է։

Կուրսեցիներն իմացան կիթառ եմ նվագում` շատ զարմացան

Ուսանողական տարիներին Վահագն ուներ կիթառ, նվագում էր, բայց երգեր դեռ չէր գրում, երգիչ դառնալու մասին էլ չէր մտածում.

«Երբ կուսեցիներս հայտնաբերեցին, որ կիթառ եմ նվագում, շատ զարմացան: Երգով լրջորեն զբաղվել եմ համալսարանն ավարտելուց հետո: Ընդունվեցի Պոլիտեխնիկ, քանի որ այդ տարիներին մոդայիկ էր ծրագրավորողի մասնագիտությունը, ինչպես և այժմ: Սովորում էի միայն ինձ հետաքրքրող առարկաները: Եղել է, որ լիկվիդ էլ եմ ունեցել, եղել է, որ 100 եմ ստացել»,-պատմում է Վահագը: Նա ընկերների հետ գործարկել է ինտերնետ-ակումբ, որի ցանցային սպասարկումով զբաղվել է նաև ինքը, այնպես որ` ծրագրավորումը կիրառել է բիզնեսում. «Հիմա էլ սեփական բիզնես ունեմ, և համակարգչի հետ կապված բոլոր գործերը ես եմ անում»,-ասում է նա:

Պոլիտեխնիկում հնարավոր չէր առանց «ռազբորկաների»

Վահագի խոսքով` 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Պոլիտեխնիկում «ռազբորկաներն» անխուսափելի էին. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից եկած տղա էի, մարզի տղա, եկա քաղաք, կապերս կտրեցի (ծիծաղում է): Պոլիտեխնիկի հետևը չէր կարող կռիվ չլինել: Ամեն դեպքում, սիրով եմ հիշում այդ տարիները: Ընկերներիս մեծամասնության հետ հենց ուսանողական տարիներին եմ ծանոթացել»,-հիշում է երգիչը:

«Ինչ խելքներիս փչեց, որոշեցինք օղի խմել»

Երբ Վահագը դեռ առաջին կուրսի ուսանող էր, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումներից հետո որոշեցին ընկերներով հավաքվել Հանրապետության հրապարակում.

«Ավագ ընկերներ ունեինք, ասացին` գնանք օղի առնենք, բերենք-խմենք: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ խմելու հետ առանձնապես սեր չունեի, բայց ինչ խելքներիս փչեց` որոշեցինք խմել: Օղ, հաց, երշիկ առանք, բերեցինք, այգու մեջ նստեցինք, մեկ էլ ոստիկանները եկան, ասացին, որ կտանեն քաղմաս: Հիշում եմ, որ շատ էի վախեցել: Դա իմ առաջին առնչությունն էր ոստիկանների հետ: Ի՞նչ իմանայի, որ հետագա տարիներին պարբերաբար առնչվելու էի նրանց հետ» (ծիծաղում է):

Վահագ Ռաշը այժմյան ուսանողներին մաղթում է բեղուն և արդյունավետ տարիներ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ