ԳլխավորՀայտնիները` ուսանող

Տղաներով նստեցինք դասախոսիս մեքենան ու ամբողջ օրը «գուլյատ» արեցինք. Արտյոմ Մարկոսյան

Արտյոմ Մարկոսյան

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան, հումորիստ և հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն է: Նա 1997-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

«Մենք անկախության առաջին սերունդն ենք, դժվար ճանապարհ անցանք: Մութ ու ցուրտ տարիներին գնում էինք իրար տուն, գիշերը մնում էինք, վառարանի մոտ պարապում էինք: Եվ այդ սուղ պայմաններում այնքա՜ն մաքրություն ու ռոմանտիզմ կար: Ուսանողական ընկերներիս հետ, ի դեպ, արդեն 31 տարի է` ոչ միայն պահում ենք կապը, այլև մեր 5-իս հարաբերությունները ավելին են, քան ընկերականը, ավելի շատ եղբայրական են»,-ասում է Արտյոմը:

Նրա խոսքով` միջազգային հարաբերություններն ուսումնասիրելը նպաստել է իր աշխարհայացքի ձևավորմանը, կրթվելուն: Քչերը գիտեն, որ դերասանը 6 ամիս աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում, ավելի կոնկրետ` ԱՊՀ վարչությունում.

«Այնտեղ պրակտիկա անցա, հավանեցին, արդեն պետք է ընդունեին աշխատանքի, խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով մեկ ուրիշին անցկացրեցին այդ հաստիքի համար: Չգիտեմ` եթե մնայի նախարարությունում, ինչ կլիներ, բայց գոհ եմ այն ճանապարհից, որտեղ հետո հայտնվեցի: ՈՒՀԱ-ում էի 1990-ականների սկզբից, իսկ երբ բանակից վերադարձա, առաջարկ եղավ մասնակցելու հումորային ծրագրերի. այդտեղից էլ սկսվեց ամեն բան»:

Հումորիստը հիշում է ուսանողական տարիներին իր և ընկերների արկածներից մի դեպք. «Շատ խիստ դասախոս ունեինք, ճանապարհներ էինք փնտրում, որպեսզի իր դասավանդած առարկայի քննությունը ստանայինք: Ի վերջո, ձևը գտանք: Դասախոսս մեքենա ուներ, հայրս էլ մեքենայի արհեստավոր էր: Դասախոսիս մոտ մեքենայի մասին խոսք բացեցի, պարզեցի, որ նա պետք է Արցախ մեկներ, իսկ մեքենան անսարք վիճակում էր: Ասացի. «Ես կտանեմ ձեր մեքենան տեղը տեղին կսարքեմ-կբերեմ, բայց դե գիտեք էլի…ընդ որում, ես միայնակ չեմ, ընկերներով ենք»: Հարցրեց` քանի հոգի եք, ասացի`5: Ուզում էի 5-իս համար 3 պոկել: Ասաց` այդպես չի լինի: Համոզեցի. «Դուք չեք պատկերացնի` մենք ձեր մեքենան ոնց կսարքենք…»: Համաձայնեց»:

Հետո Արտյոմն ընկերների հետ մեքենան տանում է հայրիկի արհեստանոց, վերջինս այն սարքում է. «Ու մենք տղաներով նստեցինք դասախոսիս մեքենան ու ամբողջ օրը, կներեք արտահայտությանս համար, «գուլյատ արեցինք»: Երեկոյան նոր հիշեցինք, որ ախր, մեքենան պետք է վերադարձնել դասախոսին: Արագ գնացինք համալսարան: Հույս չունեինք, որ դասախոսս այնտեղ կլիներ»,-հիշում է Արտյոմը:

Մինչդեռ դասախոսը մայթեզրին կանգնած սպասում էր տղաներին: Հենց նրանք մոտենում են` զայրացած հարցնում, թե որտեղ էին. «Ես էլ ասացի. «Չեք պատկերացնի` ձեր մեքենայի վրա որքան գործ կար անելու…Այդպես հանգստացրեցինք նրան, իսկ հաջորդ օրը մենք, որ պայքարում էինք 3-ի համար, 4 ու 5 պոկեցինք մեր դասախոսից»,-ծիծաղելով եզրափակում է դերասանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ