Usanogh.am-ը ներկայացնում «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ կզրուցենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից և այն մասին, թե արդյոք հաջողվեց ստացած գիտելիքները կիրառել կյանքում:
Շարքի առաջին զրուցակիցը «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանն է:
Տրվելով հոսանքին
17 տարեկանում առաջին անգամ կիթառը ձեռքը վերցրած տղան, որն արդեն մի քանի տարի էր` տարված էր ռոքով, հետևելով ընկերների օրինակին` տրվեց ընդհանուր հոսանքին և հայտնվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, կամ, ինչպես ընդունված է ասել` Ժողում: Մարքեթինգն ու բիզնեսի կազմակերպումը, սակայն, Վանինը չէին: Դա ակնհայտ դարձավ արդեն 2-րդ կուրսից: Փոխարենը թվերի աշխարհն էր հետաքրքիր.
«Այդ տարիներին խորացա բարձրագույն մաթեմատիկայի մեջ: Ունեի դասախոսներ, որոնք խիստ էին, բայց նաև հաճելի էր նրանց հետ շփումը: Հետաքրքրություն և պատասխանատվության զգացում ունեի: Կարող եմ ասել, որ ուսանողական տարիների ընթացքում ավելի շատ բան անհատներից ստացա, քան, ցավոք, կրթական համակարգից»,-ասում է Վանը:
Ռոքն ընդդեմ «քյառթիզմի»
Առաջին իսկ տարիներին Վանի համար պարզ էր, որ հետագայում արդեն հոսանքին հակառակ է քայլելու: Սովորելուն զուգահեռ Վանը խումբ հավաքեց, սկսեց ռոք երգեր գրել. «Իմ ուսանելու տարիներին Ժողում ուսանողները «քյառթու» էին, նրանց երաժշտական ճաշակն իմից շատ էր տարբերվում: Իսկ համակարգին, այդ «քյառթու» աշխարհին հակառակ գնալն ինձ ավելի էր ոգևորում: Բայց դա չի նշանակում, թե ուսանողական կյանքս չէի վայելում. հակառակը, հրաշալի հիշողություններ ունեմ այդ տարիների հետ կապված: Եթե կարճ` կարող եմ ասել, որ մենք ընկերներով անընդհատ ուրախ էինք… Իհարկե, առանց կողմնակի էֆեկտների (ծիծաղում է): Սա ամենավառն է տպավորվել:
Ուսանողական ընկերները երեխաների հետ են գնում Վանի համերգներին
Վանն ուսանողական ընկերներ շատ չի ունեցել, սակայն մինչև վերջերս էլ նրանցից մի քանիսի հետ պահում է կապը.
«Երբեմն զանգում-խոսում ենք: Ասեմ, որ բնավորությամբ, աշխարհայացքով ծայրահեղ տարբեր ուսանողական ընկերներ եմ ունեցել: Նրանցից ոմանց հաճախ տեսնում եմ համերգներիս, հիմա արդեն շատերը նույնիսկ իրենց երեխաների հետ են գալիս, ինչն ամենահաճելին է»,-եզրափակում է երգիչը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ