ԳլխավորԼուր

Կներդրվի ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագիր. կնքվել է հուշագիր

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ստորագրել են Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման համաձայնագիր ու ՀՀ ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն կընձեռվի ֆրանսերեն լեզվի օգնականներ տրամադրելու ՀՀ այն ուսումնական հաստատություններին, որտեղ դասավանդվում է ֆրանսերեն: Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ «Ֆրանսերեն» առարկայի հայ դասավանդողներին, ինչպես նաև սովորողներին մշտական շփում ունենալու ֆրանսերենը՝ որպես մայրենի լեզու կրողների հետ և այդպիսով բարելավելու ֆրանսերենի իմացության մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: