ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի ու Թբիլիսիի համալսարանի ռեկտորները հուշագիր են ստորագրել

ԵՊՀ-ի ու Թբիլիսիի համալսարանի ռեկտորները հուշագիր են ստորագրել

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության ոլորտներում: Ջաբա Սամուշիան առանձնահատուկ կարևորել է միջբուհական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախարարի առաջին այցը Թբիլիսիի պետական համալսարան խորհրդանշական է: Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում գիտական կապերն ունեն մեծ նշանակություն: Ռեկտորն անդրադարձել է համալսարանում 1922 թ.-ին հիմնադրված հայագիտական ամբիոնի գործունեությանը և զարգացման հեռանկարներին: Նա նշել է, որ հայագիտության ամբիոնում կրթությունը կազմակերպվում է բոլոր մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Ջաբա Սամուշիան տեղեկացրել է, որ բակալավրիատում ավելացրել են ևս 60 կրեդիտ, որի շրջանակում կպատրաստվեն նաև համապատասխան ուսուցիչներ: Ռեկտորը վստահություն է հայտնել, որ միջբուհական համագործակցությամբ կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ՝ ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-վրացական բարեկամական կապերը:

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտական ամբիոնում մանկավարժական կադրերի պատրաստումը:

Նախարարը հայտնել է, որ ներկայում օտարերկրյա պետություններում գործող բուհերում և կրթագիտական կենտրոններում իրականացվում է հայագիտական կենտրոնների և ամբիոնների ստեղծման ծրագիր: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 13 հայագիտական կենտրոնների գործունեության զարգացման ծրագիր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուրախ կլինի տեսնել Թբիլիսիի պետական համալսարանը և դրա հայագիտական ամբիոնը 2023 թվականի հունիսին կայանալիք հայագիտական խորհրդաժողովի աշխատանքներին:

ԵՊՀ ռեկտորը նույնպես կարևորել է համագործակցությունը Թբիլիսիի պետական համալսարանի հետ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով լավագույնս կնպաստեն հայագիտության զարգացմանը Թբիլիսիի պետական համալսարանում և վրացագիտության զարգացմանը՝ ԵՊՀ-ում: Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում կիրականացվեն համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և գիտականների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան ստորագրել են համագործակցության հուշագիր: