ԳլխավորԼուր

Աշխատանքի ու պրակտիկայի նոր հնարավորություններ համալսարանականների համար

ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը անկախ ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեց ընկերության գործունեությունը:

Մայր բուհի հետ համագործակցության կարևորության և ակնկալվող արդյունքների մասին խոսեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը.

«Այսօր մեկնարկում է մեր համագործակցությունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նմանաբնույթ հանդիպումները պարբերական ու շարունակական բնույթ են կրելու: Փոխգործակցության շրջանակում ընկերության կողմից պարբերաբար աշխատանքի և պրակտիկայի առաջարկներ են լինելու, ուստի ուսանողներին հորդորում եմ ակտիվ լինել և հետևել մեր կենտրոնի կողմից հրապարակված հայտարարություններին»:

«Revery Group» ընկերություների խմբի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Վիկտորյա Հակոբյանը տեսապատկերների միջոցով խոսեց ընկերության ստեղծման պատմության, գործունեություն հիմնական ուղղությունների ու հիմնական նպատակների մասին:

«Մեզ համար կարևոր է երիտասարդների հետ հանդիպումները, քանի որ մեր ներդրումային քաղաքականության թիրախային խումբը նաև երիտասարդներն են, որոնք վաղն ապահովելու են ոչ միայն ընկերության, այլև տվյալ երկրի զարգացումը: Ուստի մենք շատ ենք կարևորում ուսանողների ու երիտասարդ կադրերի հետ հանդիպումները, ինչպես նաև կրթական կենտրոնների հետ համագործակցությունը: ԵՊՀ-ի հետ համագործակցությունը զուտ համաձայնագիր չէ, քանի որ ուզում ենք լուրջ ներդրումներ անել երկրի զարգացման գործում»,- ասաց Վիկտորյա Հակոբյանը:

«Պրեմիեր Ֆուդս» մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նարե Գրիգորյանն էլ մանրամասն ներկայացրեց «Revery» ընկերության կազմում գործող «Ջի Պեպսի-Կոլա Բոթլեր» և «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ների գործունեությունն ու զարգացման միտումները:

Միջոցառման ավարտին հյուրերը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հավելենք, որ ուսանողները նաև լրացրեցին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից նախապես պատրաստված հարցաթերթեր, որոնց միջոցով հետագայում ապահովվելու է ընկերության գործունեությամբ հետաքրքրված ուսանողների հետ կապը: