ԳլխավորԼուր

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Մրցույթն անցկացվել է 20 անվանակարգերում.

Ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան,  քի­մի­ա­կան, կեն­սա­բա­նա­կան, տեխ­նի­կա­կան, գյու­ղատն­տե­սա­կան, պատ­մա­կան գիտու­թ­յուն­ներ, տնտե­սա­գի­տու­թ­յուն, բա­նա­սի­րական, իրա­վա­բա­նա­կան, ման­կա­վար­ժա­կան, բժշկական, դեղագործական գիտություններ, արվեստագիտություն, ճարտարապետություն, հոգեբանական, ռազմական, սոցիոլոգիական, քաղաքական գիտություններ, գի­տու­թ­յուն­ներ Երկ­րի մա­սին, տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Մրցույթին բոլոր 20 անվանակարգերից ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ 19 անվանակարգից. եզրափակիչ փուլ չի անցել միայն «Իրավաբանական գիտություններ» անվանակարգը:

Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրը արժանացել է 500.000-ական դրամի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու նորարարությամբ, ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները, որոնք հանրային կյանքը ավելի հեշտ և արդյունավետ կդարձնեն:

Ըստ փոխնախարարի՝ մյուս տարիների համար նախատեսվում է մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ իրականացնել, այն է՝ մրցանակային գումարը բացառապես ծառայեցնել գաղափարի կյանքի կոչմանը, անվանակարգերը կսահմանվեն, և հայտերը կներկայացվեն ոչ միայն գիտական ուղղություններով, այլև հաշվի կառնվեն ծրագրերի սոցիալական կիրառելիությունը:

Ա. Մարտիրոսյանը նկատել է, որ նմանօրինակ հետաքրքրության պայմաններում միայն 5 գաղափար ընտրելը քիչ է: Նա հույս է հայտնել, որ ֆինանսավորումը կավելանա, կամ կլինեն համաֆինանսավորողներ:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝

1. Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:

2. Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:

3. Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:

4. Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:

5. Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:

«Հույս ունեմ, որ մրցանակային գումարը կուղղեք ձեր գաղափարների իրագործմանը: Իսկ չհաղթող մասնակիցներին ոչ մի դեպքում չընկճվելու, այլ նոր ոգևորությամբ աշխատելու կոչ եմ անում, քանի որ ձեր գաղափարները կարող են կյանքի կոչվել այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ»,- հաղթողներին մրցանակ հանձնելիս ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ հավելել է, որ որպես գերատեսչություն՝ իրենք պատրաստ են համագործակցելու և քննարկելու երիտասարդների նախագծերը:

Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով: