ԳլխավորԼուր

Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանին՝ նմանօրինակ ծավալուն և ժամանակակից պահանջներին համապատասխան գործընթացում մեծաթիվ պատանիներ ընդգրկելու համար:

Անուշ Լալազարյանը մրցույթի 9 հաղթողներին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով այդպիսի տպավորիչ և հեռանկարային միջոցառման համար:

Նշենք, որ այս տարի մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գորիսում: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 942 թիմ՝ ավելի քան 1000 աշակերտ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Հնդկաստանից և ԱՄՆ-ից: Եզրափակիչ փուլում իր աշխատանքները ներկայացրել է 60 թիմ՝ 72 աշակերտ:

Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայի ձևաչափով», «Սարքերի ինտեգրում՝ նոր տեխնիկական լուծում»: