ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ Ֆակուլտետի ուսանողները ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։
Մրցույթում հաղթեցին երրորդ կուրսի ուսանողներ Մարիամ Անտոնյանը (առաջին հորիզոնական), Լուսինե Սարգսյանը (երկրորդ հորիզոնական) և Արփինե Ավետիսյանը (երրորդ հորիզոնական):
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ լրագրող ազատամարտիկների լսարանը դարձել է հետաքրքիր միջավայր, որտեղ լռությունն անգամ իր խորհուրդն ունի:
«Մենք դարձյալ հավաքվել ենք ավանդական դարձած «Ոսկի սերմեր» կրթամրցանակի հանձնման արարողությանը՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին: Այս լսարանում դեռ մրցանակաբաշխություններ ու դասեր են լինելու: Տղաները սերունդների հետ ոչ միայն դասի են մասնակցելու, այլև լուռ վարելու են այդ դասը. պետք է ականջալուր լինել նրանց ու փորձել սերտել հայրենիքը սիրելու և կյանքը արժանապատիվ ապրելու նրանց բանաձևը»,- ասաց Ն. Մարտիրոսյանը:
Կրթամրցանակի ժյուրիի նախագահ Դավիթ Պետրոսյանը փաստեց, որ Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված այս մրցույթը դարձել է ֆակուլտետի կարևոր միջոցառումներից մեկը, որի նկատմամբ ուսանողների շրջանում հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։
«Այս տարի մրցույթին մասնակցել են 24 ուսանողներ՝ ֆակուլտետի բոլոր կուրսերից: Նկատելի է, որ մրցույթի մասնակիցները իրենց գործին վերաբերվել են պատասխանատվության մեծ զգացումով, իսկ հանձնաժողովի անդամները քննարկել և ամենայն անաչառությամբ ընտրել են իրենց կողմից ամենաբարձր միավորներ ստացած երեք աշխատանքները»,- ասաց Դ. Պետրոսյանը:
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը հպարտությամբ նշեց, որ մեծ պատասխանատվություն է մասնակից և հաղորդակից լինել Վաչագան Մանուկյանի անվան հետ կապ ունեցող իրադարձություններին:
Անդրադառնալով մրցույթի հետագա շարունակականությունը՝ հիմնադրամի տնօրենն ասաց․ «Այն պատրաստակամությունը և պատրաստվածությունը, որին մեզ արժանացնում է ֆակուլտետի ղեկավարությունը, հիացնում է մեզ: Վերահաստատում ենք՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը պատրաստակամ է շարունակելու այս պատվավոր մրցույթը։ Մենք պետք է ոչ միայն Վաչագան Մանուկյանի, այլև բոլոր հերոսների մասին խոսենք, գրենք, հիշենք և խնկարկենք»:
Հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ Վաչագանը գնում էր իր մեծ գաղափարի հետևից:
«Նրա համար իր հաջողությունը, իր գերագույնը հայրենիքին ծառայելն էր: Ես ինքս էլ եմ նրան նոր ճանաչում, նոր բաներ եմ բացահայտում ու փորձում եմ «մոտենալ» նրան»,- ասաց Խ․ Մանուկյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև բ.գ.թ․, հրատարակչության ղեկավար Արմեն Ավանեսյանը: Իր խոսքում նա անդրադարձավ հերոսի անձնային առանձնահատուկ հատկանիշներին, ներկայացրեց Վ. Մանուկյանի «Չկորցնեք լույսը», «Ազգային հերոս» գրքերը և «Մահից 7 րոպե առաջ կամ գնդապետը» պատմվածքների ժողովածուն, որոնք, ըստ նրա, խորհրդանշական են և ընդգծում են Վ. Մանուկյանի անհատականությունը:
Մրցույթում հաղթած ուսանողները նույնպես իրենց խոնարհումը հայտնեցին անմահ հերոսների հիշատակին՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպիչներին։ Նրանք ասացին, որ մեծ ոգևորվածությամբ են պատրաստվել մրցույթին մասնակցելուն, երկարատև աշխատանք են կատարել իրենց նյութերի լավագույն որակն ապահովելու համար։ Համալսարանականների խոսքով՝ այս հաղթանակը շատ պարտավորեցնող և պատասխանատու է: