ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն ու «FAST» հիմնադրամը կհամագործակցեն

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որով հաստատում են իրենց գործակցությունը գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի երկու հետազոտական նախագծերի համաֆինանսավորման և իրականացման շուրջ:

Տեղեկությունը հայտնում են ԵՊՀ-ից։

«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն կընձեռի նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա:

Այսօր տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և «FAST»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը և Հետազոտության առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ երկու կառույցների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է Մայր բուհի համար: Նրա խոսքով, վաղուց արդեն հաստատված համագործակցությունը, որն այսօր ամրագրվում է իրավաբանորեն, վստահաբար կարևոր արդյունքներ է գրանցելու:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այս համաձայնագրի ստորագրումն ազդակ է հանդիսանալու գործարար և մասնավոր այլ կազմակերպությունների համար՝ աջակցելու բուհերին և համագործակցելու դրանց հետ՝ խթանելով Հայաստանում կրթության և գիտության զարգացումը:

Արմեն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին վստահության և համագործակցության համար: Նա հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կիրագործվեն բազմաթիվ հետազոտական ծրագրեր:

««ADVANCE» ծրագրով մենք նպաստում ենք համակարգային փոփոխությանն ու ինստիտուցիոնալ ուժեղացմանը, որի իրագործման համար կարևոր բաղադրիչ են բուհերի հետ համագործակցությունը, համալսարանների ներուժի զարգացումն ու գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի գիտնականների նոր սերունդը ևս հաղորդակից լինի առաջատար փորձին»,- ասաց «FAST»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

Այսօր ստորագրված համաձայնագրով իրագործվելու են մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող երկու հետազոտական նախագծեր, որոնք համապատասխանաբար ղեկավարում են Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության և ֆինանսների բարձրագույն դպրոցի («ENSAE») տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի («CREST») տնօրեն, պրոֆեսոր Առնակ Դալալյանը և Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանը:

Համաձայնագրով նախատեսվում է հետագայում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնել հետազոտական նոր նախագծեր: