ԵՊՀ արհեստակցական կազմակերպության 6-րդ հերթական համաժողովի ավարտին տեղի ունեցավ նորընտիր Արհկոմիտեի անդրանիկ նիստը, որի ժամանակ բաց քվեարկությամբ կազմակերպության նոր նախագահ ընտրվեց Էդգար Չախոյանը 5 տարի ժամկետով:
Էդգար Չախոյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտ է: Ուսումնառությունն ավարտելուց հետո՝ 2014 թվականից, աշխատում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունում՝ որպես նախագահի օգնական, այնուհետև՝ տեղակալ: Աշխատանքային 9 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է արտերկրում և ՀՀ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացների, մասնագիտացված դպրոցների կրթական ծրագրերի՝ շարունակաբար կատարելագործելով մասնագիտական հմտություններն ու գիտելիքները:
Անդրադառնալով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեության կարևորությանը՝ Էդգար Չախոյանը նշեց.
«Բոլորիս նպատակը նույնն է՝ զարգացնել Երևանի պետական համալսարանը, որին ի նպաստ Արհեստակցական կազմակերպությունը կշարունակի պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների իրավունքները, ներկայացնել նրանց շահերը, ինչպես նաև օրենքի շրջանակում ապահովել համերաշխ և կայուն միջավայրում գործունեությունը»:
Արհեստակցական կազմակերպությունը ԵՊՀ-ում գործում է 1946 թվականից։ 2006 թվականից մինչ այժմ կազմակերպությունը ղեկավարում էր Արմեն Ավետիսյանը, որը նաև Հայաստանի բուհերի արհմիության նախագահն է: