ԳլխավորԼուր

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին

Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։

Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա կապերը՝ գիտաժողովի շրջանակում խնդիր է դրվել վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ քննարկումների և միջգիտակարգային գործակցության միջոցով, հետազոտելու թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցությունը տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրի բարօրության հիմքը ամուր տնտեսությունն է, որի կայացման ու հզորացման գրավականը բանիմաց և արհեստավարժ տնտեսագետների արդյունավետ գործունեությունն է կյանքի բոլոր բնագավառներում:

«Թերևս հենց այս հիմնավորմամբ՝ համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ներդրվել է տնտեսագիտական կրթություն, իսկ կարճ ժամանակ անց՝ 1934 թվականին, կազմավորվել է Տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես ինքնուրույն ստորաբաժանում: Այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում և առանձնանում գիտակրթական ոլորտում արձանագրած իր նշանակալի ձեռքբերումներով ու գիտական բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորը վստահ է, որ առաջիկայում լինելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նոր ձեռքբերումներն արձանագրելու և շրջանավարտների հաջողություններով հպարտանալու բազմաթիվ առիթներ:

Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

Որպես բանախոսներ հանդես են եկել ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ողջույնի խոսքով հանդես է եկել Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի (RSAI) նախագահ Հանս Վեստլունդը՝ խոսելով անկախ երկրների տարբերությունների, տարածաշրջանային գիտության, տարբեր տեսությունների մասին:

Նշենք, որ եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանի պետական համալսարան են ժամանել Հարվարդի, Կոռնելի,  Սորբոնի,  Ազորեի, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 22 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Ֆակուլտետը գիտաժողովի շրջանակում 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի։

Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում