ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Սովորում էինք ու սիրահարվում». հացի հերթերից մինչև «մարոլ-փարթիներ». Վահագն Գալստյանը` ուսանող

Վահագն Գալստյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Վահագն Գալստյանն է: Նա 2001-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Էլբակյանի արվեստանոցը:

Բոլորը մեկի համար, մեկը` բոլորի

Վահագնը պատմում է, որ 1994-ին ընդունվել է Թատերական ինստիտուտ, 96-ին արդեն զորակոչվել է բանակ, և երբ 1998-ին վերադարձել է բանակից՝ մթնոլորտի ակնհայտ տարբերություն է զգացել. «Իսկ, առհասարակ, Թատերականում մթնոլորտը միշտ է բուռն: Իսկապես, չափազանցություն չէ, երբ ասում են, որ Թատերականը բուհ չէ, տուն է»:

Դերասանի խոսքով` իրենք կուրսեցիներով սովոր էին, որ բոլորով պատասխանատու են մեկի արարքների համար. «Էլբակյանը հարցնում էր` ով է այս բանն արել, բոլորով ոտքի էինք կանգնում` աղջիկ, թե տղա: Հիմա երբ հիշում եմ, բոլոր կուրսեցիներիս էլ կարոտում եմ, ի դեպ, նրանցից ոմանք իրենց երեխաների հետ գալիս են իմ ներկայացումներին»:

Խաշ` ամառվա շոգին, «մարոլ-փարթի»` որովհետև էժան էր

Վահագնը նշում է, որ իրենք կուրսեցիներով միշտ են խենթ ու խելառ եղել: Օրինակ` ամառվա շոգին հանկարծակի որոշել են, որ պետք է խաշ ուտեն և այդպես էլ արել են. «Մի օր էլ որոշում էինք, որ պետք է «մարոլ-փարթի» կազմակերպենք ու շատ արագ իրագործում էինք: Ինչո՞ւ մարոլ, որովհետև դա այդ տարիների ամենաէժան բանն էր: Ընկերներով էլ Տիկնիկային թատրոնում «խավիար-փարթի» էինք անում:

Հացը կտրոնով էր, սերը` ոչ

Հացն այդ տարիներին կտրոնով էր, ոտքով էինք շրջում, օրինակ` քայլում էինք մեր կուրսից մեկի տուն, ով ուներ բոլոր լեկցիաները, գիշերը մնում էինք այնտեղ ու պատրաստվում քննությանը, վառարանի վրա կարտոֆիլ էինք դնում, հետո առատ ձյուն էր գալիս, մի տեսակ մաքուր էր թվում մեզ…Սովորում էինք, սիրահարվում, ժպիտով եմ հիշում այդ օրերը»

Վահագնը մեր ուսանողներին մաղթում է կրթության որակի բարձրացում, նրա կարծիքով` միայն այդ կերպ կկարողանանք ստեղծել օրենքի երկիր` «ադամանդի նման»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ