ԳլխավորԼուր

Մահացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյան

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը։

Մարտի 17-ին Կիրակոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ` վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ. դեկտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1969-2022 թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացած ներկայացումներից էին` Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ. Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ. Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն:

Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984 թ.), «Ավտոբուս» (1988 թ.), «Լաբիրինթ» (1994 թ.), «Մեր բակը 1» (1996 թ.) ֆիլմերում: Հեռուստադիտողի հիշողության մեջ մնացել է «Վերվարածները ընտանիքում» հայկական հեռուստասերիալից։

2007 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Երևանում հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 14:00- 15:30-ն, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (հասցե՝ Իսահակյան 28)։

Հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում ապրիլի 4-ին՝ ժամը 19:00-ին,«Վան» սգո սրահում (հասցե՝ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 19/1), իսկ վերջին հրաժեշտը՝ նույն վայրում ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-14:00-ն։