ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

Դիմորդ, հայտագրում

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,

• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: