ԳլխավորԼուրԿրթություն

Առցանց համակարգով հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի

Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով. արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։

«Արմենպրես»ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասացՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարի մենք կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի։ Հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ 2 խմբի ընձեռվել է առաջնահերթության իրավունք։

Առաջին խմբում այն երեխաներն էին, ում քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, իսկ երկրորդ խմբում էլ նրանք էին, ում ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն աշխատում են դպրոցում։

«Հաշվի առնելով առաջնահերթությունը՝ համակարգը գործել է հատուկ ձևով. հունիսի 1-10-ն առցանց հայտագրվելու հնարավորություն են ունեցել այդ խմբերի երեխաները։ Այդ առաջնահերթության իրավունքից օգտվել է 9247 երեխա»,- ասաց ԿԳՄՍ փոխախարարը։

Նա ընդգծեց, որ համակարգն այս ընթացքում աշխատել է անխափան, և ծնողները բավական արագ և հեշտ կարողացել են գրանցել իրենց երեխաներին։

Հունիսի 11-ից հայտագրվելու իրավունք ունեն բոլորը։

Comment here