ԳլխավորԼուր

ԱԱԾ–ն դասի ժամին ներխուժել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ու բերման ենթարկել ուսուցչին

ԱԱԾ

ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»,– նշել է նա։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։

Ուսուցիչը ձերբակալվել է։

Ֆեյսբուքի օգտատերեր Մարինա Ադուլյան-Անդրյանը գրառում է արել` նշելով, որ ԱԱԾ–ն մտել է այն դասարան, որտեղ սովորում է իր երեխան։

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ–ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրթել, մազերից քաշել և այլն։ Այդ ամենը` երեխաների աչքի առաջ»,– գրել է նա։

Կինը նշել է, որ 2 ժամ է` չեն կարողանում հանգստացնել երեխաներին։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ մտահոգիչ համարելով երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը։

Նախարարությունը հորդորել է համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: