Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին, նշված է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում։
Ժյուրին նրան է ընտրել «բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Հան Կանը 2016 թվականի անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Բուքերյան մրցանակի դափնեկիր է «Բուսակերը» վեպի համար։ Եվ այս գիրքը, և նրա «Մարդկային արարքներ» վեպը թարգմանվել են տարբեր լեզուներով։
Ի դեպ, նա առաջին ասիացի կին գրողն է և երկրորդ կորեացին, որը Նոբելյան մրցանակի է արժանանում:
Ավելի վաղ հայտնի են դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները. մրցանակը կիսել են Դեյվիդ Բեյքերը, Դեմիս Հասաբիսը և Ջոն Մ. Ջամփերը։
Ֆիզիկայի բնագավառում այս տարի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ջոն Հոփֆիլդը և Ջեֆրի Հինթոնը, ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակն էլ շնորհվել է Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին։



