ԳլխավորԼուրՄի կտոր գիրք

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն առաջադրվել է ԵՄ գրական մրցանակի

Լուսինե Խառատյան, «Սիրավեպ»

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքը, որ ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի:

Հեղինակներին և նրանց վեպերն առաջադրել են ազգային կառույցները (մեր երկրում՝ ԵՄ գրական մրցանակի հայաստանյան գործընկեր «Փեն Հայաստան»-ը), որոնք քաջածանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաև փորձառու՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում:

Մրցանակի ժյուրին կընտրի 2023 թ. ԵՄ գրական մրցանակի հաղթողին և հատուկ մրցանակակիրներին, որոնց անունները կհրապարակվեն 2023 թ. ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում:

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, աշխատանքի բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում և զրուցում մարդկանց հետ և այս ամենով պայմանավորված՝ հայտնվում սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը:

Ներկայացնում ենք հատվածներ վեպի՝ «Գրանիշ»-ում հրապարակումից։

***

Արթնացա կիզիչ, քրտնախաշ շոգից: Կեսօր էր: Արևն ամենուր էր: Սենյակը, որտեղ երեքով արևածագին քնել էինք, մետաղյա տանիքի տակ էր ու հիմա արևից տանիքը տաքացել, ու պատուհանից ներս մտնող արևաշողերի հետ մեկտեղ անխնա խաշում էր: Խաշած մսի հոտն ամենուր էր: Սկսեցի ինքս ինձ հոտոտել. տագնապալից գիշերն ու վրայիցս հոսող քրտինքը կասկած էին ներշնչում, թե այդ միսը ես եմ: Շուշանն ու Էսթերը դեռ քնած էին: Արագ վազեցի ցնցուղի տակ: Այն սկզբում տաք էր ու վրայիցս գոլորշի էր բարձրանում: Հետո բացեցի սառը ջուրը: Այդ շոգին այն լիովին չէր սառում, բայց գոնե գոլ էր: Երևի քսան րոպեի չափ կանգնած էի ցնցուղի տակ: Սրբիչով փաթաթված դուրս եկա: Խաշած մսահոտը չէր անցել: Շուշանն ու Էսթերն էլ հերթով ցնցուղ ընդունեցին:

Արևի լույսն աչք էր կուրացնում: Պատուհանները լայն էին։ Լայն-լայն շերտավարագույրներ կային, բայց բաց էին: Քաշեցի: Արևը միևնույն է ճեղքերից ներս էր սողոսկում: Պատուհանից դուրս բասկետբոլի դաշտ էր: Աջի վրա՝ եկեղեցու գմբեթ: Պատուհանները դրսից կանաչ ներկված փայտյա փեղկեր էլ ունեին: Բացեցի ամենալայն պատուհանն ու փեղկերը փակեցի: Սենյակը կիսամթնեց: Կահույքը շատ էր: Բազմոցներ, բազկաթոռներ, մահճակալներ: Չորս-հինգ մահճակալ՝ երկհարկանի: Գորգեր: Սեղանիկներ: Իսկ պատերի երկայնքով վերից վար գրապահարաններ:  Խորհրդային Հայաստանում հրատարակված ողջ գեղարվեստական գրականությունը: Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Սևակի բոլոր հատորները: Հայկական մեծ հանրագիտարանը: Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակությունը: Անգամ Լենինի ու Ստալինի հատորները: Տարօրինակ գրադարան էր՝ դասավորված առանց որևէ տրամաբանության:

Ոսկե դարի պատմագիրները մի շարքով էին՝ Սևակի ու Հրանտ Մաթևոսյանի կողքին, իսկ Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հայերեն թարգմանության կողքին: Մանանդյանի «Տիգրան Բ և Հռոմը» Մարքսի «Կապիտալ»-ի կողքին էր, իսկ Լեոյի երկերի ժողովածուն՝ Լև Տոլստոյի հատորների հետ մի շարքում: Առանձին շարքերով ֆրանսերեն և իտալերեն գրականություն էլ կար: Ամենականոնակարգվածը վերևի մի դարակն էր, որտեղ Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ էին՝ հայերեն, արաբերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Նույն շարքում Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդ»-ն էր, և այդ գրքի վերաբերյալ մեկ տասնյակ հետազոտություններ՝ տարբեր լեզուներով: Մի ամբողջ շարք աշխարհի խոշորագույն թանգարանների կատալոգներն էին՝ Լուվրից, Վատիկանից, Բրիտանական թանգարանից մինչև Էրմիտաժ:

Ես դեռ երկար փորձում էի հասկանալ գրքերի դասավորության սկզբունքը, երբ դուռը թակեցին: Բարձրահասակ, սլացիկ, նրբիրան, թխամաշկ, կապտաչյա, երկարավիզ աղջիկ էր՝ նուրբ քթով, ընդգծված շուրթերով, երկար, սև վարսերով: Քանդակի գեղեցկություն ուներ, կենդանի աչքեր, որոնք ինձ տեղում սկանավորեցին:

‑ Բարև ձեզ,- ասաց նա անգլերեն,- ես Աիշան եմ: Հուսամ հանգստացել եք: Եկել եմ ձեզ ճաշի հրավիրելու:

Մուգ կապույտ ջինսն ամուր գրկել էր երկար, ձիգ, գեղեցիկ ոտքերը: Վարդագույն շապիկի տակից թափանցում էր սպիտակ կրծկալը: Փոքրիկ ոսկյա խաչը երևում էր շապիկի բացվածքից:

‑ Շնորհակալույթուն, հիմա կգանք,- ասացի ես:

Տասը րոպեից ներքևում էինք:

Երկար միջանցքը տանում էր դեպի ընդարձակ ճաշասրահ: Սրահում մի տասը պլաստմասե սեղան էր շարված՝ յուրքանչյուրի շուրջ 5-6 աթոռ: Խոհանոցը սրահի ծայրում էր և խոհանոցից սրահ պատուհանիկ էր բացվում: Պատուհանիկից ամենամոտ սեղանի մոտ նստած էին Նա և Աիշան: Նա սափրված ու թարմացած էր՝ նոր արդուկած մանուշակագույն վերնաշապիկով:

Սեղանին արդեն ափսեներ էին շարված, մի մեծ գրաֆին ջուր, լոշիկներ, կենտրոնում՝ մի մեծ ափսե թաբուլե: Մսի հոտն ամենուր էր: Համեմունքախառը հոտ էր: Աիշան մոտեցավ պատուհանիկին և վերցրեց այնտեղից փոխանցվող մեծ ու խորն ափսեն: Խաշլամա էր: Ահա թե որտեղից էր գալիս այդ խաշած մսի հոտը։

***

Աիշան Նրան արաբերեն ինչ-որ բան հարցրեց: Ըստ երևույթին Նրա պատասխանն Աիշային դուր չեկավ ու նա ավելի էմոցիոնալ ինչ-որ հարց տվեց: Հետո շատ կրքոտ խոսակցություն էր նրանց միջև: Նա բարկացած վեր կացավ, բռունցքով խփեց սեղանին և գնաց: Աիշայի աչքերը արցունքոտեցին: Սրահից դուրս գալիս՝ Նա մեզ դարձավ և ասաց.

‑ Պատրաստվեք: Երեկոյան կգամ և ձեզ հայկական սրահ կտանեմ, որ ձեր ուզած հարցազրույցներն անեք:

‑Իսկ կարո՞ղ ենք մինչ այդ զբոսանքի դուրս գալ,- հարցրեց Էսթերը:

‑ Ոչ: Դուք իսկապես ոչինչ չեք հասկանում: Դուք անգամ այստեղ գտնվելու թույլտվություն չունեք: Առանց ինձ՝ ոչ մի տեղ:

Աիշան շարունակում էր անձայն լացել: Հենց Նա դուրս եկավ՝ սկսեց հեկեկալ:

‑ Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես լացում- հարցրեց Շուշանը:

‑ Նա ինձ բանտում է պահում: Արդեն քանի ամիս է էս շենքից լույսով դուրս գալու իրավունք չունեմ: Արևի երես չեմ տեսնում:

‑ Իսկ ինչու՞:

Արցունքները հոսում էին թարմ թեյի մեջ, որը հենց նոր պատուհանիկից բաժակներով տեղափոխել էր մեր սեղանին՝ շաքարով ու թեյնիկով հանդերձ:

‑ Նա իմ փրկիչն է: Ես դա շատ լավ եմ հասկանում: Եթե Նա չլիներ, ես առհասարակ մեռած կլինեի: Բայց նման կյանքն այլևս անտանելի է: Ես ընդամենը 18 տարեկան եմ: Ծնվել եմ Լիբանանում: Իմ ընտանիքը մուսուլման է: Ունեմ հինգ եղբայր: Ծնողներս շատ հավատացյալ ու խիստ մարդիկ են: Ինձ մեծացրել են խստության մեջ: Ինձ համար եղբայրներիս ասածն օրենք էր: Տասնչորս տարեկանից հիջաբով եմ ման եկել: Մի պահ կար, որ մեծ եղբայրս անգամ ուզում էր երեսս փակել, ինձ արգելել դպրոց գնալ: Երբ դարձա 15 տարեկան, միանգամից շատ գեղեցկացա: Կազմվածքս լիովին ձևավորվեց և բոլորի ուշադրությունն էի գրավում: Եղբայրներս ինձ հերթով տանից դպրոց ու դպրոցից տուն էին ճանապարհում: Չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, բայց այդ ամենն ինձ սկսեց ահավոր նյարդայնացնել: Ես դպրոցում էլ ավելի էի ընդգծում կազմվածքս: Հետս շպար էի տանում և զուգարանում շպարվում՝ նոր գնում դասի: Քայլելիս շարժվում էի պատկերացրածս մոդելների նման: Հիջաբս շատ կոկետ էի կապում: Ու այս ամենն իհարկե գրավում էր դպրոցի տղաների ուշադրությունը: Բայց ոչ միայն:

Շուտով ինձ սկսեց ուշադրություն դարձնել մեր մաթեմատիկայի ուսուցիչը: Նա երիտասարդ էր՝ 24-25 տարեկան: Գեր էր ու տգեղ: Միշտ քրտնած: Բայց դա ոչինչ: Երբ դաս էր բացատրում, թքում էր մեզ վրա: Իսկ բերանից էլ միշտ հոտ էր գալիս: Ես լավ էի սովորում: Մաթեմատիկայից էլ ուժեղ էի: Բայց ինձ այլևս դասերը չէին հետաքրքրում: Ինձ հետաքրքրում էր արտաքինս և այն ազդեցությունը, որն այն ունենում էր ուրիշների վրա: Լավ ձայն ունեի: Ֆայրուզի երգերն էի երգում դասամիջոցներին: Ու այդ ամենը՝ տնեցիներից թաքուն: Մի օր, երբ առավոտյան եղբայրս ինձ դպրոց էր բերում, մաթեմատիկայիս ուսուցիչը մեզ դիմավորեց մուտքի մոտ և նրան խնդրեց, որ այդ օրն ավելի երկար մնամ, որ քաղաքային օլիմպիադա է լինելու, ես ուժեղ եմ ու դպրոցում որոշել են, որ պետք է մասնակցեմ, իսկ ինքն ինձ հետ պետք է հավելյալ պարապի:

Ես զարմացած նրան նայեցի, բայց ոչինչ չէի կարող ասել: Օլիմպիադայի մասին ոչինչ չէի լսել, բայց նաև չէի ուզում եղբորս մոտ կռիվ սարքել: Եղբայրս համաձայնություն տվեց ու գնաց: Ես էլ մտա դասարան: Դասերից հետո ուզում էի դասասենյակից դուրս գալ ու մի տեղ թաքնվել, որ ուսուցիչն ինձ չգտնի։ Բայց նա հայտնվեց ճիշտ կողքիս: Ես պարապելու կարիք չունեմ՝ ասացի: Դու չգիտես՝ ինչի կարիք ունես: Փորձում էի չշնչել՝ բերանի գարշահոտը չառնելու համար: Սպասեց, որ բոլորը գնան: Նստեց դիմացս, բացեց գիրքը: Ասաց՝ մոտենամ գրատախտակին: Հավասարում էր թելադրում: Քայլելով: Գրում էի:  Ուրախ էի, որ իրեն մեջքով էի կանգնած ու վրաս ոչ թքում էր, ոչ էլ բերանի հոտն էի առնում: Փորձում էի արագ լուծել հավասարումը, որ շուտ տուն գնամ: Լուծեցի: Ասեց՝ ապրես: Մաքրել տվեց ու հիմա էլ ինչ-որ խնդիր սկսեց թելադրել:

Էսպես շուրջ մեկ ամիս ինձ շաբաթը 2-3 օր պահում էր դասերից հետո: Այդ օրը շատ շոգ էր: Բայց նա փակել էր դասասենյակի բոլոր պատուհանները: Խնդրեցի բացել: Ասաց, որ դրսի աղմուկն իրեն խանգարում է: Սենյակում նրա ծանր քրտնահոտն էր: Գրատախտակի մոտ հերթական խնդիրն էի լուծում: Երբ լուծում վերջացնում էի, ստիպում էր, որ իրեն բացատրեմ՝ ինչպես եմ լուծել: Հետո պետք է լուծածս տետրի մեջ արտագրեի: Հիջաբս նեղում էր: Ես էլ էի քրտնում: Քունքերիս քրտինքի կաթիլներ էին: Ձեռքերս էլ էին խոնավ ու թաց, կավիճից փշաքաղվում էի: Կատաղած գրում էի, երբ հանկարծ մեջքս տաքացավ: Փորձեցի շրջվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Նրա թաց ձեռքը փորիս էր: Հետո ափով բերանս փակեց: Զզվանքով ձեռքն էի փորձում կծոտել: Բայց ուժեղ էր: Ինձ գետին տապալեց, հետո ամբողջ մարմնով վրաս էր: Մի ձեռքով ձեռքերս էր պահում, մյուսով՝ բերանս: Ես փորձում էի ոտքերով հարվածել: Ձայնդ, թե չէ կսպանեմ: Դուռը բացվեց, ներս մտավ պահակը: Մի բիձա: Մոտեցավ մեզ, բռնեց ձեռքերս ու հիմա էլ իր ափով փակեց բերանս: Ուժով թեքեց, ստիպեց շան պես չոքել։