ԳլխավորՄի կտոր գիրք

«Նահապետի աշունը». Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Գարսիա Մարկես

Նրան օտարերկրացիներն էին նստեցրել իշխանական աթոռին, ավելի ստույգ՝ ծովային հետևակը։ Ինչ հրաման ու օրենք ասես չէին դնում առաջը։ Չէր ստորագրում, բութ մատն էր դնում բոլոր այդ փաստաթղթերի վրա, քանի որ գրել-կարդալ չգիտեր։ Օտարերկրացիների հեռանալուց հետո հայտնվեց շան պես հավատարիմ նմանակը, որ հանուն նրա պատրաստ էր ամեն ինչի։ Ուրիշ ելք չուներ․ արքայավայել ապրելու հնարավորությունը նրան շնորհվել էր մահապատժի փոխարեն։ Երկուսից էլ ծնվում էին օրապակաս երեխաներ, և ո՛չ նրանք, ո՛չ կանանցից որևէ մեկը չգիտեր, թե ով է ում հայրը։ Երբ նմանակին թունավորեցին, երկրում սուգ հայտարարվեց։ Բայց այդ սուգը հանկարծ վերածվեց տոնախմբության։ Նախագահը իր բեմադրած հուղարկավորությունից հետո արագ հարություն առավ և սկսեց ավելի դաժան վարվել հպատակների հետ։

Ռազմական ուժերի մեջ էր հատկապես տեսնում իր ամենաերդվյալ թշնամիներին։ Դրա համար էլ իրար դեմ էր լարում սպաներին։ Շուտով այն աշխարհը ուղարկեց երբեմնի զինակից գեներալներից վեցին, իսկ յոթերորդին դարձրեց ձեռնասուն թիկնապահ։ Ամենադաժանը ավելորդ վկա համարվող հազարավոր երեխաների սպանությունն էր։ Երբ պայթեցվեց նրանց նավը, և երեք սպաները զեկուցեցին այդ մասին, գեներալը նախ պարգևատրեց զինվորականներին, հետո գնդակահարեց իբրև քրեականների․ «Որովհետև հրամաններ կան, որ կարելի է արձակել, իսկ իրագործելը հանցագործություն է, գրողը տանի։ Խեղճ երեխաներ»։

***

Գեներալը խժռում էր գվինեոյի պտուղները և աչքերով լափլփում Ֆրանսիսկա Լիներոյի հրաշալի մարմինը, իսկ սա չգիտեր՝ ուր կորչեր ամոթից, որովհետև շատ էր երիտասարդ, վերջերս էր ամուսնացել, և նման հայացքները խորապես հուզում էին նրան, բայց նա հասկանում էր, որ գեներալը եկել էր բավարարելու իր ցանկությունը, գիտակցում էր կատարվելիքի անխուսափելիությունը, եթե, իհարկե, գեներալն ինքը միայն ետ չկանգներ որոշումից։

«Ես հազիվ լսեցի սարսափից կծկված ամուսնուս շնչառությունը, նա նստեց կողքիս և մենք քարացանք ձեռք ձեռքի տված, սրտներս էլ միացած, ինչպես աղավնիները բացիկների վրա, և մեր այդ միացած սրտերը թպրտում էին վախեցած, մի սիրտ դառած, իսկ հրեշավոր ծերուկը կանգնել էր մեզանից երկու քայլի վրա և խժռում, հա խժռում էր գվինեոյի պտուղները, ուսի վրայով դեն շպրտում մնացորդները, անթարթ, համառորեն նայում ինձ։ Իսկ երբ խժռեց ճյուղի բոլոր պտուղները, մաքրազարդած ճյուղը թողեց իր տեղում՝ եղնիկի կողքին, նշան արեց ոտաբոբիկ իր հնդկացուն և ասաց ամուսնուս՝ Պոնսիո Դասային. «Դուրս եկ բարեկամիս հետ, նա քեզ ասելիք ունի»։ Իսկ ես, թեև մեռնում էի սարսափից, գիտակցում էի, որ կյանքս փրկելու միակ միջոցը թույլ տալն է, որ նա անի ինձ հետ, մարմնիս հետ այն ամենը, ինչ ցանկանում է անել՝ հենց այստեղ, ճաշասեղանի վրա, և ես ինքս օգնեցի նրան մերկացնել ինձ, թե չէ խճճվում էր ժանյակների մեջ. ես շնչահեղձ էի լինում նրա գարշահոտությունից, իսկ նա թաթի մի հարվածով պատառոտեց վրայիս սպիտակեղենը և սկսեց առանց հմտության ափլփել մարմինս, իսկ ես մեքենայաբար մտածում էի. «Սուրբ երրորդություն, ես ինքս էլ, ախր, չեմ լվացվել այսօր, ի՜նչ խայտառակություն, ժամանակ չեղավ այդ եղնիկի պատճառով»։ Եվ, ահա, վերջապես նա ստացավ ցանկացածը, բայց իր գործն արեց այնպես հապշտապ ու վատ, ինչպես կաներ երևի տարիքով ավելի մեծը, կամ կաթնակերի մեկը։

Նա այնպես ընկճվեց, որ դարձավ անճանաչելի, նա լաց էր լինում մեզի չափ տաք արցունքներով և այնպիսի թախիծ կար դեմքին, այնքան տխրություն աչքերում, որբի այնպիսի միայնություն, որ ես խղճացի նրան և աշխարհի բոլոր տղամարդկանց, սկսեցի մատներիս ծայրով շոյել նրա գլուխը, մխիթարել. «Հերիք է. մի հուզվեք այդպես, իմ գեներալ, պետք չէ։ Կյանքը դեռ առջևում է»: Իսկ այդ նույն պահին մաչետեով զինված ոտաբոբիկ հնդկացին այգու խորքն էր հասցրել Պոնսիո Դասային և սպանել՝ մտածելով, որ գեներալը երդվյալ թշնամի ձեռք կբերեր. սպանել էր ու մարմինը կտրատել խոզերին հարմար մանր մասերի, այնպես որ խեղճ Պոնսիոյի մարմինը թաղելուց առաջ չհաջողվեց էլ մի կարգին ի մի բերել…

***

Ամեն ինչ ունենում է սկիզբ ու վերջ։ Նահապետի աշունը վաղուց էր սկսվել, բայց վերջը ոչ մի կերպ չէր երևում։ Այնքան երկար էր իշխել, որ պանդոկներում նույնիսկ զվարճալի պատմություններ էին պատմում․ «․․․Մի անգամ պետական խորհրդին հայտնեցին նախագահի մահը, և բոլոր նախարարները վախեցած իրար նայեցին, վախով հարցրին մեկմեկու՝ իսկ ո՞վ է այդ լուրը նրան զեկուցելու»։ Եղան նույնիսկ ժամանակներ, երբ պետական գաղտնիքները անմիջապես հայտնվում էին հասարակության բերանում, ոչ մի հրաման չէր կատարվում։ Ամենամտերիմ գեներալը՝ Ռոդրիգո դե Ագիլարը, ասաց, որ խնդիրը նրա հեռանալ-չհեռանալը չէ․ ««Բոլորը հակառակ են Ձեզ, իմ գեներալ, նույնիսկ եկեղեցին», նա առարկեց․«Բնավ այդպես չէ, եկեղեցին նրա հետ է, ում ձեռքին է իշխանությունը»»։ Դրան հետևեց սարսափելի պատիժը․ «․․․Տոնական սեղանին, որպես ընտիր կերակրատեսակ, տապակված գեներալ Ռոդրիգո դե Ագիլարը մատուցվեց»։

Ծերունական եսասիրությունը թույլ չէր տալիս նրան ժառանգորդ նշանակել, այդ թեմայով զրույցներից հրաժարվում էր։ Իսկ հպատակները տարօրինակ վիճակի մեջ էին հայտնվել․ «Մենք չգիտեինք մեր երկրի մի այլ պատմություն՝ բացի այն միակից, որ իրենն էր, մենք չունեինք այլ հայրենիք՝ բացի նրանից, որ արարել էր ինքը՝ իր տեսքով ու նմանությամբ, փոխելով երկրի տարածական չափումները ու ստիպելով ժամանակին ընթանալ իր բացարձակ իշխանության կամոք»։

Իսկ երկիրը շարունակում էր աղքատանալ։ Գանձարանը դատարկ էր։ Փրփրած պարտատերերին սիրաշահել էր պետք․ «Հինայի ու ծխախոտի մենաշնորհը տրվեց անգլիացիներին, կաուչուկինը և կակաոյինը՝ հոլանդացիներին, երկաթուղագծի կառուցման և ջրային ուղիների շահագործման արտոնությունը՝ գերմանացիներին․․․»։ Մինչ երկիրը շարունակ ճոճում էր հայտնի կարգախոսներից մեկը՝ «Հավերժ փառք հայրենիքի մեծ հորը», հպատակները մուրացկան դարձան։ Դեսպանը պահանջը կտրուկ դրեց․ «Կամ պիտի գա ծովային հետևակը, կամ վերցնելու ենք ծովը, այլ ելք չկա»։ Նախագահը դեմ էր հետևակայինների վերադարձին, քանի որ լավ գիտեր՝ նրանք են մարդկանց ներշնչել, թե ամեն ինչ վաճառվում է և գնվում։ Ծովը վերցրին, տեղը մնաց անապատ։ Իսկ ժողովուրդը, չնայած կաշառելու փորձերին, նույնիսկ չբողոքեց, փողոց էլ դուրս չեկավ։

Իր աշնան վերջին տարիներին նահապետը միայնակ շրջում էր հսկայական պալատում՝ այդպես էլ չհագենալով իշխանության ծարավից․ «Հրամայում էր՝ իշխանության տակ ոչինչ չունենալով, փառաբանվում էր՝ փառքը կորցրած, և սփոփվում էր պալատականների հնազանդությամբ միայն՝ չվայելելով և ոչ մի հեղինակություն»։

***

Եվ նա մեռավ այնպես, ինչպես ասաց մահը, մեռավ այն պահին, երբ ամենից քիչն էր ուզում մեռնել, երբ այդքան տարիների անպտուղ պատրանքներից ու ինքնախաբեությունից հետո սկսել էր գլխի ընկնել, որ մարդիկ չեն ապրում, գրողը տանի, այլ գոյություն են պահպանում, որ ամենաերկար ու գործունյա կյանքն էլ հազիվ է բավականեցնում ապրել սովորելուն` այն էլ ամենավերջում:

***

Նա այնպես էր ապրում, կարծես երբեք չէր մեռնելու։ Երբ մահը վերջապես եկավ, մարդիկ նախ պետք է մի շարք հարցեր պարզեին․ անգղերի կտցահարած այդ դեմքը նրա՞նն էր, թե՞ նմանակինը, առասպել չէ՞ր մինչև կյանքի վերջը իր իշխանասիրության ստրուկը մնացած «անհեթեթ այդ բռնակալը», իրակա՞ն էր այն երկիրը, որ նրա ստեղծածն էր, և ինչպե՞ս են իրենք ապրելու այդտեղ արդեն առանց նահապետի։

Գաբրիել Գարսիա Մարկես

Comments (1)

  1. […] «Չոր օգոստոս» պատմվածքը՝ «Չվեպ» ժողովածուից, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Օգոստոսյան վախեր» («Августовские страхы») պատմվածքը […]

Comment here