ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Ամենաարկածային գրողի՝ Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է. աֆորիզմներ

Ժյուլ Վեռն

Ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է (08.02.1828-24.03.1905)։

Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։

Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը», «Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները», «Երկրից դեպի լուսին», «Նավապետ Գրանտի որդիները», «Քսան հազար լյո ջրի տակ», «Աշխարհի շուրջը 80 օրում», «Խորհրդավոր կղզին», «Տասնհինգամյա նավապետը», «Ռոբուր նվաճողը», 20 պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի վավերագրական և գիտական աշխատանքներ։

Վեռնի առավել նշանավոր ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Ամալյա Ղուկասյանը, Սուրեն Տիրատուրյանը, Վահան Վարդանյանը, Շուշանիկ Թամրազյանը և ուրիշներ, տեղեկանում եանք Հայաստանի ազգային գրադարանից:

Վեռնի գրվածքների հիման վրա նկարահանվել է մոտ 200 ֆիլմ։

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ էլեկտրական աթոռ, ինքնաթիռ, ուղղաթիռ, սուզանավ, GPS նավիգացիոն համակարգ, թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին, աշտարակ Եվրոպայի կենտրոնում, միջտիեզերական ճանապարհորդություն, տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն։

Ներկայացնում ենք նրա աֆորիզմ դարձած մտքերից։

***

• Այն ամենը, ինչ մարդը կարող է երևակայել, մյուսները կարող են կյանքի կոչել։

• Ամենաճիշտը՝ ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես այն տեղի է ունենում։

• Մարդը, որի բախտը բերել է, դա այն մարդն է, որն արել է այն, ինչն ուրիշները միայն պատրաստվում էին անել։

• Ապրել` նշանակում է ոչ միայն բավարարել օրգանզմի նյութական պահանջները, այլև գլխավորապես գիտակցել իր մարդկային արժանապատվությունը։

• Նա, ով մանկությունից գիտի, որ աշխատանքը կյանքի օրենքն է, ով երիտասարդ հասակից հասկացել է, որ հացը ձեռք է բերվում միայն քրտինքով, նա ընդունակ է սխրագործության, որովհետև անհրաժեշտ օրն ու ժամին նա կամք ու ուժ կունենա այն կատարելու համար։

• Կանայք ընդհանրապես անվախ են, բացառությամբ նրանց, ովքեր վախենում են աշխարհում ամեն ինչից։

• Ինչ էլ որ ես հորինեմ, ինչ էլ որ ես հնարեմ, այդ ամենը միշտ ավելի ցածր կլինի իրական հնարավորություններից: Կգա ժամանակ, երբ գիտության նվաճումները կգերազանցեն երևակայության ուժին։

• Նույնիսկ քաղաքակրթված մարդիկ են հարբած վիճակում կորցնում մարդկային կերպարանքն ու նմանությունը։

• Աշխարհը պատկանում է նրանց, ովքեր վաղ են արթնանում. այնքան ժամանակ, մինչև չեն արթնանում մյուսները։

• Ժամանակը կգա, երբ գիտությունը առաջ կանցնի երևակայությունից։