ԳլխավորՄի կտոր գիրք

«Շախմատային նովել». Ստեֆան Ցվայգ

Ստեֆան Ցվայգ

Ներկայացնում ենք հատված ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգի (28.11.1881-22.02.1942) «Շախմատային նովել» ստեղծագործությունից։

***

Մակ Կոննորը, որը նստած էր իմ կողքին, խռպոտ արտասանեց. «Ռևանշ»։

Ինձ վախեցրեց այն մարտահրավերը, որ հնչեց Մակ Կոննորի ձայնի մեջ։ Նա ավելի շուտ հիշեցնում էր մի բռնցքամարտիկի, որը պատրաստ է իջեցնել վճռական հարվածը, քան մի կոռեկտ ջենտլմենի։ Գուցե նրան վրդովել էր Չենտովիչի վիրավորական վերաբերմունքը, կամ դրա պատճառը նրա սեփական խոցված ինքնասիրությունն էր, համենայն դեպս, Մակ Կոննորն ամբողջովին փոխվել էր, նույնիսկ արտաքուստ։

Նա շիկնել էր մինչև մազերի արմատները, ռունգերը փքվել էին, ճակատի վրա քրտինքի կաթիլներ էին գոյացել, կծոտված շրթունքից մինչև մարտականորեն առաջ ցցված կզակը խոր ծալքեր էին ձգվել։ Ես անհանգստությամբ նրա աչքերում նկատեցի անզուսպ կրքի կրակը, որը սովորաբար խաղացողներին նետում է պտուտախաղի մեջ, երբ իրար ետևից վեց֊յոթ անգամ նրանց չի վիճակվում անհրաժեշտ գույնը՝ անդադար կրկնվող գումարներից հետո։

Ես արդեն գիտեի, որ այդ տենդահարը Չենտովիչի առաջ պատրաստ է դնել իր ողջ կարողությունը և խաղա՜լ, խաղա՜լ, խաղալ սովորական կամ կրկնապատիկ գումարներով, մինչև որ շահի գոնե մի պարտիա։ Եթե Չենտովիչը հանձն առներ այդ գործը, Մակ Կոննորը նրա համար մի իսկական ոսկու հանք կլիներ, և մինչ Բուենոս Այրեսը կերևար հորիզոնում՝ չեմպիոնի գրպանում կհայտնվեր մի քանի հազար դոլար։

Չենտովիչը մնաց անշարժ։

― Կներեք,— քաղաքավարի ասաց նա։— Այժմ, պարոնայք, դուք կխաղաք սևերով։

Երկրորդ պարտիան քիչ էր տարբերվում առաջինից, միայն թե մեր խումբը մի փոքր ավելացել էր ի հաշիվ նոր դիտողների, և խաղն ավելի էր աշխուժացել։ Մակ Կոննորը սևեռուն նայում էր տախտակին, կարծես կամենալով հիպնոսացնել շախմատի ֆիգուրները և դրանք ենթարկել իր կամքին։ Ես զգում էի, որ նա հաճույքով կզոհեր հազար դոլար՝ մեր անվրդով հակառակորդի երեսին «մատ» գոռալու բավականության համար։

Եվ, տարօրինակ բան, նրա մռայլ հուզմունքը անհասկանալիորեն համակել էր բոլորիս։ Այժմ ամեն մի քայլը քննարկվում էր անհամեմատ ավելի կրքով, և մենք վիճում էինք մինչև վերջին ակնթարթը, մինչև որ համաձայնվում էինք ազդանշան տալ Չենտովիչին։ Հասնելով տասնյոթերորդ քայլին՝ զարմանքով տեսանք, որ մեզ մոտ ստեղծվել է մի դրություն, որն ապշեցուցիչ կերպով նպաստավոր էր թվում, մենք կարողացել էինք «c» դաշտի զինվորը հասցնել նախավերջին հորիզոնականը, և մեզ մնում էր միայն տեղափոխել այն առաջ, դեպի c 1։ Մենք երկրորդ թագուհին էինք ստանում։

Սակայն այնքան էլ հանգիստ չէինք՝ չէինք հավատում, որ մեզ իրոք հաղթելու այդքան ակնհայտ շանս է հայտնվել։ Մենք բոլորս կասկածում էինք, թե այդ առավելությունը, որ թվում էր, պոկել էինք, ոչ այլ ինչ էր, եթե ոչ Չենտովիչի լարած թակարդը, որը խաղի ընթացքը կանխատեսում էր բազմաթիվ քայլեր առաջ։ Այնուամենայնիվ, որքան էլ քննարկում և վերլուծում էինք դրությունը բոլոր կողմերից, մենք չկարողացանք գուշակել նենգությունը։ Վերջապես, երբ տասը րոպեն արդեն համարյա անցել էր, մենք վճռեցինք ռիսկի դիմել և կատարել այդ քայլը. Մակ Կոննորն արդեն վերցրել էր զինվորը՝ այն վերջին վանդակը տանելու համար, երբ ինչ֊որ մեկի ձեռքը կանգնեցրեց նրան, և ցածր, բայց հաստատ ձայնն ասաց.

― Պետք չէ, ի սեր աստծո։

Շախմատ

Մենք բոլորս ակամա շուռ եկանք։ Մեր ետևում կանգնած էր քառասունհինգ տարեկանի չափ մի մարդ. նեղ, խիստ գծերով նրա դեմքը արդեն առաջ, զբոսանքների ժամանակ իմ ուշադրությունն էր գրավել իր անսովոր, մեռելային գունատությամբ։ Ըստ երևույթին, նա հենց նոր էր միացել մեր խմբին, և հերթական քայլի քննարկման մեջ խորացած, մենք չէինք նկատել նրա հայտնվելը։ Տեսնելով, որ մենք իրեն ենք նայում, նա աճապարանքով շարունակեց.

― Եթե դուք թագուհի դուրս գաք, նա անմիջապես այն կվերցնի փղով, որը դուք կչեզոքացնեք ձեր ձիով։ Իսկ նա այդ ժամանակ d 7 դաշտը կտանի իր անցողիկ զինվորը և կսպառնա ձեր նավակին։ Եթե նույնիսկ դուք ձիով շախ հայտարարեք, միևնույն է, պարտիան ձեզ համար կորած կլինի՝ ինը կամ տասը քայլից դուք մատ կստանաք։ Համարյա նույն կոմբինացիան կիրառել է Ալյոխինը հազար ինը հարյուր քսաներկու թվականին Պեստյենի շախմատային մրցամարտում Բոգոլյուբովի դեմ խաղալիս։

Ցնցված Մակ Կոննորը ձեռքից բաց թողեց զինվորը և, ինչպես մենք բոլորս, համր զարմանքով աչքերը հառեց երկնքից իջած պահապան-հրեշտակին։

Չէ՞ որ կանխագուշակել պարտիան ինը քայլ առաջ կարող էր միայն ամենաբարձր կարգի խաղացողը, միջազգային մրցությունների մասնակիցը։ Գուցե և նա գնում է այն նույն մրցությանը, ուր գնում է Չենտովիչը և պետք է վիճարկի աշխարհի առաջնությո՞ւնը։ Ինչ էլ որ լիներ, նրա հանկարծակի հայտնվելը, նրա միջամտությունը խաղի ամենակրիտիկական պահին՝ մեզ ինչ֊որ գերբնական բան թվաց։

Առաջինը սթափվեց Մակ Կոննորը.

― Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտայիք,— շշնջաց նա։

― Զինվորը դեռ մի շարժեք առաջ։ Առայժմ խուսափեք։ Ամենից առաջ արքան հանեք վտանգավոր գոտուց՝ g 8֊ից հ 7։ Այդ դեպքում ձեր հակառակորդն, ամենայն հավանականությամբ, գրոհը կտեղափոխի մյուս թևը։ Բայց այդ գրոհը դուք կկասեցնեք նավակի քայլով՝ c 8 — c 4։ Դա նրան կնստի երկու տեմպի ու մի զինվորի, և այդպիսով, ամբողջ առավելության կորուստ։ Այդ ժամանակ երկուսիդ մոտ էլ կհայտնվեն անցողիկ զինվորներ, և եթե դուք ճիշտ պաշտպանվեք, կարող եք ոչ ոքիի հասցնել պարտիան։ Դա լավագույնն է, ինչ դուք կարող եք անել։

Մենք դարձյալ քար կտրեցինք։ Նրա հաշվարկների ճշգրտությունն ու արագությունը ապշեցնում էին մեզ։ Թվում էր, թե նա գրքից է կարդում քայլերը։ Նրա միջամտության շնորհիվ խաղն անսպասելի բնույթ էր ստանում։ «Ոչ ոքի» խաղալ աշխարհի չեմպիոնի հետ, դա այնքան գայթակղիչ էր։ Կարծես խոսքներս մեկ արած՝ բոլորս մի կողմ քաշվեցինք, որ չխանգարենք նրան տախտակին նայելու։

Մակ Կոննորը կրկին հարցրեց.

― Ուրեմն, արքան g 8֊ից հ 7՞։

― Իհարկե։

Հիմա ամենակարևորը խուսափելն է։ Մակ Կոննորը հնազանդվեց, և մենք զնգացրինք բաժակը։ Իր սովորական ալարկոտ քայլվածքով Չենտովիչը մոտեցավ և նայեց, թե ինչ քայլ ենք կատարել։ Հետո նա արքայական թևում հ 2-ից հ 4 շարժեց զինվորը ճիշտ այնպես, ինչպես կանխատեսել էր մեր խորհրդավոր օգնականը։

Իսկ վերջինս արդեն հուզված շշնջում էր.

― Նավակն առաջ, նավակը c 8-իc c 4, այդ դեպքում նա հարկադրված կլինի նախ պաշտպանել իբ զինվորը։ Սակայն դա նրան չի օգնի։ Ուշադրություն չդարձնեք նրա անցողիկ զինվորի վրա, c 3-ից ձիով վերցրեք d 5֊ը, այդ ժամանակ հավասարակշռությունը կվերականգնվի։ Գրոհե՛ք պաշտպանվելու փոխարեն։

Մենք չէինք հասկանում, թե ինչի մասին է խոսում նա։ Նույն հաջողությամբ նա կարող էր չինարեն խոսել մեզ հետ։ Մակ Կոննորը կախարդվածի նման, առանց մտածելու կատարում էր այն, ինչ նրան հրամայում էին։

Մենք նորից զնգացրինք բաժակը՝ կանչելով Չենտովիչին։ Եվ այստեղ նա, ուշադիր նայելով տախտակին, առաջին անգամ վարանեց, մինչև կկատարեր քայլը։ Նա արեց այն նույն քայլը, որ կանխագուշակել էր անծանոթը։ Նա արդեն շուռ էր եկել հեռանալու, բայց այստեղ տեղի ունեցավ ինչ֊որ նոր և անակնկալ մի բան. Չենտովիչը բարձրացրեց աչքերն ու զննեց մեր շարքերը։ Կասկածից վեր է, որ նա ցանկանում էր պարզել, թե այդ ով է մեզնից, որ այդպես եռանդուն դիմադրություն է ցույց տալիս իրեն։ Մեր հուզմունքն աճում էր րոպե առ րոպե։

Առաջ մենք խաղում էինք առանց հաղթանակի լուրջ հույսի, բայց հիմա այն միտքը, թե մենք կարող ենք կոտրել Չենտովիչի սառն ամբարտավանությունը, քաջալերում էր ամենքիս։ Առանց րոպե կորցնելու մեր բարեկամը ցույց տվեց հաջորդ քայլը։ Դողացող ձեռքով ես գդալը խփեցի բաժակին, և հասավ մեր հաղթանակի պահը։ Չենտովիչը, որ մինչ այդ կանգնած էր խաղում, հապաղեց, հապաղեց և ի վերջո նստեց սեղանի մոտ։ Նա աթոռին նստեց դանդաղ ու ծանրորեն, բայց այդքանն էլ միանգամայն բավական էր, որ մենք վերջապես դառնայինք «նույն մակարդակի» խաղացողներ, թեկուզ և այդ բառի բուն իմաստով։ Մենք ստիպեցինք նրան վարվել մեզ հետ, ինչպես հավասարը հավասարի հետ, գոնե, արտաքուստ։

Նա նստած էր անշարժ, սևեռուն նայում էր տախտակին և մտածում քայլի վրա։ Նրա ծանր կոպերը գրեթե ամբողջովին ծածկել էին աչքերը։ Լարված մտածելուց նրա բերանը թեթևակիորեն բացվել էր, դա նրան հիմարավուն տեսք էր տալիս։

Չենտովիչը մտածեց մի քանի րոպե, հետո կատարեց քայլը և վեր կացավ։

Եվ մեր բարեկամն անմիջապես շշնջաց.

― Պատ։ Լավ է մտածված։ Բայց մի գնացեք այդ բանին։ Առաջարկեք փոխանակություն։ Անպայման փոխանակություն։ Դրանից հետո ոչ ոքի կլինի, նա ոչինչ չի կարող անել։

Մակ Կոննորը հնազանդվեց։ Երկու խաղացողների հաջորդ մանևրները (մենք բոլորս վաղուց արդեն դարձել էինք հասարակ վիճակագիրներ) ֆիգուրների՝ մեզ համար անհասկանալի տեղաշարժեր էին։ Յոթ քայլից հետո Չենտովիչը, մի փոքր մտածելով, դեպի մեզ ուղղեց հայացքը և ասաց. «Ոչ ոքի»։ Մի պահ լիակատար լռություն տիրեց։ Հանկարծ միանգամից լսելի դարձան և՛ ծովի աղմուկը, և՛ հարևան հյուրասրահի ռադիոն, և վերին տախտակամածում ճեմողների յուրաքանչյուր քայլը, և՛ քամու բարակ սուլոցը պատուհանի փեղկերում։

Մենք չէինք համարձակվում շարժվել։ Ամեն ինչ այնպես անսպասելի կատարվեց, մենք պարզապես վախեցած էինք. չգիտես որտեղից հայտնված մարդը աշխարհի չեմպիոնին ստիպեց ենթարկվել իր կամքին, այն էլ կիսով չափ տանուլ տված պարտիայում։