ԳլխավորԼուրՄի կտոր գիրք

«Շախմատային նովել»՝ Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ

Կադր «Շախմատային նովել» ֆիլմից

Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ ներկայացնում ենք հատված ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգի (28.11.1881-22.02.1942) «Շախմատային նովել» ստեղծագործությունից։

***

Բարեբախտաբար հսկիչն ուշադրություն չէր դարձնում իմ ոչ այնքան էլ սովորական վարքին։ Ամենայն հավանականությամբ, նա բնական էր համարում, որ երկու ժամ ոտքի վրա անցկացրած մարդը ցանկանում է հենվել պատին։ Եվ ահա, ես արդեն կանգնած էի շինելին բոլորովին մոտ։

Աննկատելիորեն նրան դիպչելու հնարավորություն ունենալու համար ես ձեռքերս դրեցի մեջքիս։ Շոշափեցի գրպանը և համոզվեցի, որ նրա ներսում իրոք ուղղանկյունաձև, ծալվող և թեթևակիորեն շրշացող մի բան կա՝ գիրք է, գի՜րք։ Եվ հանկարծ ինձ խայթեց մի միտք. «Գողացիր այդ գիրքը։ Եթե քեզ հաջողվի այդ անել, դու կարող ես թաքցնել այն քո սենյակում և կարդա՜լ, կարդալ, կարդալ, վերջապես նորի՜ց կարդալ»։ Հազիվ ծագեց այդ միտքն իմ ուղեղում, երբ նրա թույնն սկսեց գործել անմիջապես։ Ականջներս սկսեցին դժժալ, սիրտս սկսեց խփել, սառած մատներս հրաժարվեցին ենթարկվել։ Բայց երբ անցավ սկզբնական ընդարմացումը, ես աննկատելիորեն սեղմվեցի շինելին և, աչքերս ոչ մի վայրկյան չհեռացնելով հսկիչից, մեջքիս վրա թաքցրած ձեռքերով սկսեցի դուրս հրել գիրքը գրպանից։ Ավելի վեր, էլ ավելի վեր, հետո՝ ցնցում, ես զգույշ ու թեթև ձգեցի, և իմ ձեռքում հայտնվեց մի ոչ մեծ գրքույկ։ Միայն այդ ժամանակ ես վախեցա նրանից, ինչ արել էի։

Նահանջելն անհնար էր։ Ինձ ի՞նչ էր մնում անել։ Ես ետևից անդրավարտիքիս տակ խրեցի գիրքն այնպես, որ այն մնար գոտու տակ, հետո աստիճանաբար այն մղեցի դեպի ազդրս։ Այժմ արդեն ես կարող էի այնտեղ պահել գիրքը՝ ձեռքերս զինվորականի պես կարերին սեղմած։ Հարկավոր էր փորձել։ Ես մի քայլ հեռացա կախիչից, երկու քայլ, երեք քայլ։ Հիանալի է։ Կարելի է վայր չգցել և տանել գիրքը, եթե միայն պինդ սեղմեմ գոտիս։ Այնուհետև սկսվեց հարցաքննությունը։ Այն ինձանից պահանջեց առավել մեծ լարում, քան սովորաբար։ Հարցերին պատասխանելով՝ ես չէի մտածում իմ պատասխանների վրա. բոլոր ճիգերս կենտրոնացրել էի այն բանի վրա, որ չթողնեմ գիրքը սահի դուրս։ Բարեբախտաբար հարցաքննությունն այս անգամ երկար չտևեց, և ինձ հաջողվեց գիրքը բարեհաջող սենյակ հասցնել։

Ձեզ չեմ հոգնեցնի մանրամասնություններով։ Կասեմ միայն, որ վերադարձի ճանապարհին շատ վտանգավոր մի պահ եղավ միջանցքում. գիրքը գոտկատակից անդրավարտիքիս մեջ սահեց, և ես ստիպված եղա հազի մի ուժգին նոպա ձևացնել, որպեսզի սաստիկ կռանալով, այն կրկին հրեմ դեպի գոտկատակս։ Բայց ինչպիսի՜ն էր իմ բերկրանքը, երբ ես այն բերեցի իմ դժոխքը և վերջապես մնացի մենակ։ Սակայն ես արդեն միայնակ չէի։ Դուք, երևի, կարծում եք, թե իմ առաջին մղումը գիրքը վերցնելը, այն աչքի անցկացնելը և կարդալ սկսե՞լն էր։ Ամենևին։ Ամենից առաջ ես սկսեցի վայելել այն ունենալու երջանկությունը, ցանկանում էի երկար֊երկար խտղտել իմ ջղերը, մտածելով, թե ինչ գիրք եմ գողացել, ուզում էի, որ այն շատ մանր տառատեսակ ունենար, որպեսզի նրա մեջ շատ֊շատ տառեր ու շատ֊շատ բարալիկ փոքրիկ էջեր լինեին, որ ես կարողանայի կարդալ այն հնարավորին չափ երկար։ Ցանկանում էի, որ այդ գրքի ընթերցումը մտքի լարում պահանջեր ինձանից։ Ոչ մի թեթևսոլիկ, տափակ բան ինձ հարկավոր չէր։ Լավ կլիներ, եթե հնարավոր լիներ որևէ բան անգիր անել այնտեղից, ասենք, ոտանավորներ։ Լավ կլիներ, եթե դա լիներ (ի՜նչ հանդուգն երազանք) Հոմերոս կամ Գյոթե։

Վերջապես ես այլևս չկարողացա զսպել իմ ագահ հետաքրքրությունը։ Ձգվելով անկողնուս վրա, հսկիչի մոտ կասկածներ չհարուցելու համար, այն դեպքում, երբ նա անսպասելիորեն բացեր դուռը, ես գոտուս տակից հանեցի գիրքը։ Առաջին հայացքը, որ ես նետեցի նրա վրա, ոչ միայն հիասթափեցրեց ինձ, ես սարսափելի զայրացա. իմ ավարը, որ թռցնելով ես ինձ ենթարկում էի այնպիսի հրեշավոր վտանգի և որն այնքան վառ հույսեր էր ծնել, ընդամենը շախմատախաղի մի ձեռնարկ դուրս եկավ՝ խոշորագույն վարպետների խաղացած հարյուր հիսուն շախմատային պարտիաների ժողովածու։ Եթե բոլոր կողմերից շրջապատված չլինեի պատերով ու վանդակներով, կատաղության մոլուցքի մեջ ես պատուհանից դուրս կնետեի գիրքը։ Ի՞նչ օգուտ, դե ի՞նչ օգուտ կունենայի ես այդ անհեթեթությունից։ Ինչպես գիմնազիստների մեծամասնությունը, շախմատ ես խաղում էի երբեմն, ժամանակ անցկացնելու համար։ Բայց ինչի՞ս էր պետք այդ տեսական բանդագուշանքը։ Հնարավոր չէ շախմատ խաղալ մենակ, այն էլ առանց ֆիգուրների և առանց տախտակի։

Ես վրդովված թերթում էի գիրքը, հուսալով գտնել, գոնե ինչ֊որ բան կարդալու համար՝ որևէ ներածություն կամ բացատրություն, բայց ոչինչ չգտա, բացի ուղիղ, քառակուսի աղյուսակներից, որոնք վերարտադրում էին վարպետների պարտիաներն ինձ անհասկանալի նշանակումներով. a 2 — a 3, Ձf 1 — g 3 և այլն։ Այդ բոլորն ինձ համար հանրահաշվական բանաձևերի նման մի բան էր, որի բանալին ես չունեի։ Միայն աստիճանաբար ես կռահեցի, որ a, b, c տառերը նշանակում են ուղղահայաց շարքերը, իսկ 1—8 թվերը՝ հորիզոնականները, և որ դրանք ցույց են տալիս ամեն մի առանձին ֆիգուրի դիրքը տվյալ պահին։ Ուրեմն այդ զուտ գրաֆիկական դիագրամներն, այնուամենայնիվ, ինչ֊որ բան ասում էին։ «Ո՞վ գիտե,— մտածում էի ես,— եթե ինձ հաջողվի պատրաստել շախմատային տախտակի նմանակը, գուցե ես կարողանամ խաղալ այդ պարտիաները»։ Վանդակավոր սավանն ինձ աստծո շնորհը թվաց։ Ես այն ծալեցի որոշակի ձևով, և ունեցա դաշտ՝ վաթսունչորս քառակուսիների բաժանված։ Գրքից պոկեցի առաջին թերթը և թաքցրի ներքնակիս տակ։ Հետո պատրաստեցի արքա, թագուհի և մնացած ֆիգուրները հացի միջուկից (արդյունքներն, իհարկե, ծիծաղաշարժ էին) և վերջապես, հաղթահարելով անթիվ դժվարություններ, կարողացա սավանի վրա վերարտադրել գրքում բերված դիրքերից մեկը։ Բայց երբ փորձեցի խաղալ ամբողջ պարտիան, պարզվեց, որ դժբախտ ֆիգուրները, որոնց կեսն, ի տարբերություն «սպիտակների», փոշով էի պատել, բոլորովին անպետք էին իմ նպատակի համար։

Առաջին օրերը խաղի փոխարեն համատարած շիլափլավ էր ստացվում, ես նորից ու նորից էի սկսում պարտիան՝ հինգ, տաս, քսան անգամ։ Բայց ուրիշ ո՞վ ուներ այնքան անտեղի ազատ ժամանակ, որքան ես՝ ինձ պարուրած դատարկության գերին։ Ուրիշ ո՞վ կարող էր ունենալ նպատակին հասնելու այդքան համառ ցանկություն և այդքան համբերություն։ Մի պարտիան անսխալ մինչև վերջ հասցնելու համար ինձնից պահանջվեց վեց օր։ Ութ օր հետո շախմատային ֆիգուրների դասավորությունը հիշողությանս մեջ ամրապնդելու համար ես միայն մեկ անգամ օգտագործեցի սավանը, իսկ ևս ութ օր հետո այն ինձ պետք չէր։

a 1, a 2, c 3, c 8 վերացական հասկացողություններն իմ երևակայության մեջ մեքենաբար ընդունում էին պարզորոշ, պլաստիկ ձևեր։ Այդ անցումը կատարվեց առանց որևէ դժվարության։ Եմ երևակայության ուժով ես կարողանում էի մտքումս վերարտադրել շախմատային տախտակն ու ֆիգուրները և կանոնների խիստ որոշակիության շնորհիվ անմիջապես էլ մտովի ընդգրկում էի ցանկացած կոմբինացիան։ Այդպես փորձված երաժիշտը, թեթևակի նայելով նոտաներին, լսում է ամեն մի գործիքի պարտիան առանձին՝ և բոլոր ձայները միասին։ Եվս երկու շաբաթ հետո ես առանց որևէ դժվարության կարողանում էի հիշողությամբ, կամ, շախմատիստների լեզվով ասած, կուրորեն խաղալ գրքի ցանկացած պարտիան։

Եվ միայն այդ ժամանակ ես գիտակցեցի, թե ինչ հիանալի գանձ տվեց իմ հանդուգն գողությունը։ Չէ՞ որ ես զբաղմունք գտա, թող լինի անմիտ ու անիմաստ, բայց և այնպես զբաղմունք, որը լցնում էր շրջապատող դատարկությունը։ Հարյուր հիսուն պարտիաները, որ խաղացել էին վարպետները, դարձան մի զենք, որի միջոցով ես կարող էի պայքարել ժամանակի և տարածության ճնշող միօրինակության դեմ։ Այդ պահից սկսած, աշխատելով պահպանել նորության հմայքը, ես սկսեցի ճշտորեն բաժանել իմ օրը. երկու պարտիա առավոտյան, երկուսը՝ ճաշից հետո, և պարտիաների համառոտ քննարկում՝ երեկոյան։ Այդպես իմ օրը, որ մինչև այդ տձև էր, ինչպես դոնդողը, լցվեց ինչ֊որ բանով։ Նոր զբաղմունքն ինձ չէր հոգնեցնում։ Շախմատի հիանալի առանձնահատկությունն այն է, որ միտքը, խստորեն սահմանափակելով իր գործունեության սահմանները, չի հոգնում նույնիսկ շատ ուժեղ լարվածության տակ, ընդհակառակը, նրա էներգիան մեծանում է, դառնում ավելի ճկուն։ Սկզբում ես պարտիաները խաղում էի մեխանիկորեն, բայց աստիճանաբար, նորից ու նորից կրկնելով վարպետորեն խաղացված կոմբինացիաներն ու գրոհները, ես սկսեցի էսթետիկական հաճույք գտնել դրանում։ Ես սովորեցի տարբերել հարձակումների ու պաշտպանության նրբությունները, հնարքներն ու խորամանկությունները, կռահեցի, թե ինչպես կարելի է մի քանի քայլ առաջ կանխատեսել խաղի զարգացումը, ինչպես են սկսվում և իրականացվում գրոհն ու հակագրոհը, և շուտով կարողանում էի տարբերել ամեն մի չեմպիոնի անհատական խաղաոճը, տարբերել ճիշտ այնպես անսխալ, ինչպես բանաստեղծության մի քանի տողով կարելի է անվանել բանաստեղծին։ Եվ այն, ինչ որ առաջ Ժամանակը կարճելու միջոց էր միայն, բավականություն դարձավ ինձ համար, և շախմատային արվեստի անկրկնելի ստրատեգները՝ Ալյոխինը, Լասկերը, Բոգոլյուբովը, Տարտակովերը, սիրելի ընկերների պես բաժանում էին ինձ հետ բանտարկության մենակությունը։

Այո՛, այժմ արդեն ես միայնակ չէի իմ լուռ մենախցում։ Շախմատի կանոնավոր պարապմունքները նպաստեցին այն բանին, որ տեղի տալու պատրաստ իմ մտավոր ունակությունները սկսեն վերականգնվել։ Զարմացած ուղեղս գործում էր, ինչպես առաջ, և նույնիսկ ավելի սուր և ճկուն էր դարձել։ Պայծառ և տրամաբանված մաածելու իմ վերականգնված ունակությունն առաջին հերթին արտահայտվում էր հարցաքննություններին։ Ես անգիտակցորեն կեղծ սպառնալիքների և սքողված հարձակումների դեմ պայքարելու մի հմտություն էի մշակել իմ մեջ շախմատի տախտակի մոտ, և այդ ժամանակից ի վեր քննիչներն արդեն չէին կարողանում հանկարծակիի բերել ինձ։ Նույնիսկ թվում էր, թե գեստապոյականները որոշ հարգանքով են վերաբերվում ինձ։ Հնարավոր է, որ նրանց զարմացնում էր, թե այդ ո՞ր անտեսանելի աղբյուրից եմ ես ուժեր վերցնում հետագա դիմադրության համար, երբ այնքան մարդիկ արդեն ծնկի էին եկել իրենց աչքերի առաջ։ Այդ երջանիկ ժամանակը, երբ ես օր օրի սիստեմատիկորեն խաղում էի այդ հարյուր հիսուն պարտիաները, տևեց երկուս ու կեսից երեք ամիս։

Իսկ հետո ես դարձյալ անսպասելիորեն հայտնվեցի մեռյալ կետում։ Իմ առջև դարձյալ դատարկությունն էր։ Մինչ այդ ես քսանից երեսուն անգամ արդեն սերտել էի յուրաքանչյուր պարտիան։ Նորության հմայքն անցել էր, կոմբինացիաներն արդեն չէին մտահոգում ինձ, չէին լիցքավորում էներգիայով։ Աննպատակ բան էր անվերջ կրկնել պարտիաները, որոնց մեջ վաղուց արդեն ես անգիր գիտեի ամեն մի քայլը։ Բավական էր սկսել, և ամբողջ խաղը ծավալվում էր իմ աչքերի առաջ, ինչպես ափիս մեջ, նրանում անսպասելի, լարված, առեղծվածային ոչինչ չկար։ Այ, եթե ես գտնեի մի նոր գիրք նոր պարտիաներով և նորից ստիպեի, որ աշխատեր իմ ուղեղը… Սակայն դա անհնարին էր, և ինձ մնում էր մի ելք միայն, հին, ինձ քաջ ծանոթ պարտիաների փոխարեն հնարել նորերը։ Ես հարկադրված էի խաղալ ինքս ինձ հետ, կամ ավելի ճիշտ՝ իմ դեմ։

Չգիտեմ, երբևէ մտածե՞լ եք դուք, արդյոք, այն մասին, թե ինչպես է ազդում մարդու բանականության վրա բոլոր խաղերից այդ լավագույնը։ Բավական է, սակայն, մտածել մի փոքր, որպեսզի հասկանալի լինի, որ շախմատում, որպես զուտ բանական խաղում, ուր բացառված է պատահականությունը, ինքն իր դեմ խաղալն անհեթեթություն է։ Ըստ էության շախմատի գլխավոր հմայքն էլ հենց այն է առաջին հերթին, որ խաղի ստրատեգիան զարգանում է երկու տարբեր մարդկանց ուղեղներում միաժամանակ, ըստ որում նրանցից ամեն մեկն ընտրում է սեփական ճանապարհը։ Մտքերի այդ ճակատամարտում սևերը, չիմանալով, թե ինչ մանևր կնախաձեռնեն այժմ սպիտակները, աշխատում են գուշակել այն և խանգարել նրանց այն դեպքում, երբ սպիտակներն իրենց հերթին ամեն ինչ անում են սևերի գաղտնի մտադրությունները կռահելու և նրանց հակահարված տալու համար։ Եթե միևնույն մարդն ուզենար լինել միաժամանակ և սևերը, և սպիտակները, կստացվեր մի անիմաստ դրություն, երբ նույն ուղեղը միաժամանակ և՛ գիտե, և՛ չգիտե ինչ֊որ բան։ Սպիտակների կողմից մի քայլ անելով նա կարծես հրամանով պետք է մոռանար։ թե ինչ խորամանկ պլան էր հղացել մինչ այդ։ երբ խաղում էր սևերի կողմից։

Նման երկատումը գիտակցության մասնատումից բացի կպահանջեր նաև նրա փոփոխակի միացում և անջատում, ինչպես ավտոմատ գործող ինչ֊որ ապարատում։ Կարճ ասած, ինքն իր դեմ խաղալը նույնքան պարադոքսալ բան է, որքան սեփական ստվերի վրայով թռչելու փորձը։ Այնուամենայնիվ, երկար ամիսներ ես հուսահատորեն ճգնում էի անել անկարելին, անհեթեթը։ Ուրիշ ընտրություն ես չունեի, այլապես կկանգնեի գիտակցությունս վերջնականապես կորցնելու և հոգեկան լիակատար տկարության մեջ ընկնելու վտանգի առաջ։ Իմ հուսահատ վիճակում շուրջս նորից թանձրացող ահռելի դատարկությունից վերջնականապես չճզմվելու համար ես ստիպված էի գոնե փորձել հասնել իմ սև ու սպիտակ «եսերի» այդ երկատմանը…

Ստեղծագործությունն ամբողջ կարող եք կարդալ այստեղ։