ԳլխավորՄի կտոր գիրք

«Թատրոն». Սոմերսեթ Մոեմ

• Միայն կինը գիտի, թե ինչի է ընդունակ կին արարածը:

• Տղամարդիկ իրենց սովորությունների գերին են, դա կանանց օգնում է բռում պահել նրանց:

•  — Դու երջանի՞կ ես:

— Լիովին:

-Ի՞նչն է քեզ պակասում:

— Ռեալություն:

— Թանկանգինս, ինձ թվում է դու հիմար բաներ ես ասում:

— Իհարկե, կթվա: Քեզ համար միևնույն է` որն է ճշմարտությունը, որը` կեղծիք: Դու միշտ խաղում ես: Դա քո երկրորդ էությունն է: Դու խաղում ես, երբ հյուրեր ենք ընդունում: Խաղում ես ծառաների առջև, իմ առջև: Դու գոյություն չունես, դու միայն քո խաղացած անթիվ դերերն ես: Ես հաճախ եմ մտածում` արդյոք երբևէ եղե՞լ ես ինքդ քեզ հետ, թե՞ ընդամենը միջոց ես եղել այն բոլոր կերպարների մարմնավորման համար, որոնց խաղացել ես: Ես տեսել եմ քեզ դատարկ սենյակ մտնելիս, երբեմն ինձ մոտ ցանկություն է առաջացել անսպասելի բացել դուռը, բայց վախեցել եմ, որ այնտեղ ոչ ոքի չեմ տեսնի:

— Այսպես ուրեմն, քո կարծիքով ես ընդամենը մի խաբեբա՞ եմ:

— Ոչ, իհարկե: Որովհետև դա քո էությունն է: Այնպես, ինչպես մարգարինը կարագ է այն մարդկանց համար, որոնք չգիտեն կարագի համը:

• Դու չես ուզում հասկանալ, որ դերասանի խաղը կյանք չէ, դա արվեստ է, իսկ արվեստն այն է, ինչ ստեղծագործում ես: Իսկական վիշտը տգեղ է, դերասանի խնդիրն է ներկայացնել այն ոչ միայն ճշմարտացի, այլև գեղեցիկ: Եթե ես իսկապես մահանայի, ինչպես և մահացել եմ մի քանի անգամ տարբեր պիեսներում, կարծում ես շատ պետքս կլինե՞ր՝ շարժումներս վայելչագեղ են, թե ոչ, կամ արդյոք իմ վերջին բառերը լսելի են վերնահարկի վերջին շարքերում: Եթե դա կեղծիք է, ապա ավելի մեծ կեղծիք չէ, քան Բեթհովենի սոնատը, իսկ ես նույնպիսի մի կեղծարար եմ, որպիսին դաշնակահարն է, որը նվագում է այն:

• — Եվ դու կարծում ես դա՞ է սերը:

— Մարդկանց մեծ մասն է այդպես կարծում, ճիշտ չէ՞:

— Ոչ, իհարկե: Սերը դա ցավ է ու տառապանք, ամոթ, զմայլանք, դրախտ ու դժոխք, սերը դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:

— Այնքան էլ հուսադրող չի հնչում:

• Կյանքի դժբախտությունն այն է, որ երբեմն անուրջներն իրականություն են դառնում:

• Սերն, իրոք, արժանի չէ այն աղմուկին, որ բարձրացնում են դրա շուրջ:

• «Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ»: Բայց այնտեղ՝ կամարներից այն կողմ, միայն պատրանք է, մենք՝ դերասաններս ենք միակ իրականը: Մարդիկ մեր հումքն են: Մենք ենք իմաստավորում նրանց կյանքը: Մենք վերցնում ենք նրանց հիմար, աննշան զգացմունքներն ու դարձնում արվեստ, դրանցից մենք գեղեցկություն ենք կերտում և նրանց գոյության իմաստն այն է, որ նրանք դիտողներ են, որոնք մեզ պետք են, որոնց վրա մենք նվագում ենք, իսկ էլ ինչ գործիք, եթե ոչ ոք չի նվագելու:

• Ջուլիան սկսել էր վախենալ, որ իրենք չափից ավելի լավ գիտեն միմյանց, որպեսզի իրենց հարաբերությունները այլ ընթացք ստանան և դառնորեն նախատում էր իրեն, որ ծանոթության հենց սկզբից ամեն ինչ մինչև վերջ չհասցրեց: Այժմ Մայքլն այնքան բարեկամաբար էր կապված, որ հազիվ թե երբևէ դառնար իր սիրեկանը:

• Երբեք դադար մի տուր, եթե դրա կարիքը չկա: Բայց երբ արդեն դադար ես տվել, ձգիր որքան կարող ես:

• Եթե կնոջ սիրային զեղումները մերժվում են տղամարդու կողմից, ուրեմն նա պետք է հանգի երկուսից մեկ եզրակացության. կամ այդ տղամարդը հոմոսեքսուալիստ է, կամ` իմպոտենտ:

• Այդպիսին են մարդիկ: Երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով, նրանք անդադար ձգտում են փոփոխության: Նորություն, նորություն և ուրիշ ոչինչ:

• Տղամարդիկ այնքան հիմար են, որ եթե հիմարություն անելու առիթ ներկայանա, նրանք հազիվ թե հրաժարվեն դրանից:

• Մի եղեք բնական: Բեմը դրա տեղը չէ: Այստեղ ձևացնել է պետք: Բայց թվացեք բնական:

• Պատկերել զգացմունքները կարելի է միայն այն ժամանակ, երբ արդեն հաղթահարել ես դրանք:

• Եթե մարդ սկսում է մտաբերել անցյալը, ուրեմն ապագա չունի:

• Մարդկանց պատճառներ պետք չեն, որպեսզի անեն այն, ինչ իրենց սրտով է, նրանց պատրվակներ են պետք:

• Ամեն մարդ պետք է ինքը լինի իր գլխի տերը: Դա է հարստանալու միակ ճանապարհը:

• Միշտ պետք է աշխատել հնարավորին չափ ճիշտն ասել:

• -Չեմ հասկանում:Ի՞նչ է քո ուզածը:

— Ես ասացի: Ռեալություն:

— Բայց որտե՞ղ կարող ես գտնել այն:

— Չգիտեմ: Հավանաբար դա գոյություն չունի:

Սոմերսեթ Մոեմ (1874, հունվարի 25-1965, դեկտեմբերի 16), «Թատրոն»

Comment here