Ես չեմ ծխում։ Հազվադեպ մի գլանակ վառում էի, բայց անցավ սանձարձակությանս հետ։ Սանձարձակությունս անուն ուներ, ու ինձ ամեն ինչ կարելի էր իր հետ։ Սիրո՞ւմ էի։ Գուցե։ Այժմ միանշանակ չի։ Սկզբում, կեսերին, բայց վերջում՝ չէ։ Օպերայի սառը բետոնին դրած ձեռքն եմ հիշում ու ինչ֊որ վեճեր։ Գլուխս դժժում է։ Խմե՞լ ենք իրար հետ։ Հա՛հ։ Գարեջուր, գարեջուր, էլի գարեջուր։ Ամեն անգամ մի շիշ, բայց հիշելիս փսխելս գալիս է։
Ես ինքնահռչակ գրող էի, բայց նրա համար հռչակավոր։ Դերասանուհի նաև։ Բեմին հայտնվելիս շնչահեղձ էի լինում երևի ու կակազում, բայց նրա աչքերում, օօ~ Նա ճիշտ էր, մեր դրամաներն իրոք հանճարեղ էին։ Փառահեղությունը Ալմոդովարին ու Տոռնատորեին կգրավեր։ Նրանց, քանզի երկուսին եմ պաշտում։ Հա պաշտում։ Վախենալու բառ է, գիտեմ։
Հետո ճաշակս բարձրացավ։ Դէ, գարեջուրն արդեն ֆիրմաներով ու համային նրբերանգներով էի տարբերում։
Քաղաքում ցրտին զբոսնել էլ սովորեցի։ Բարակ բլուզով ու թեթև աշնանային տաբատով մի օր երևանյան առաջին ձյան տակ մնացինք։ Տաքսիներն ամեն քայլափոխի են, բայց այդ օրը չկային։ Սովորական մեքենաներն այս քաղաքում զույգերի համար չեն կանգնում։ Տուն հասա։ Միշտ էլ հասնում են տուն։
Հիմա վերհուշերի ժամանակն է։ Ձմեռ է։ Համընդհանուր ցավեր, որոնք կրում ես քո մեջ ու դարձնում սեփական։ Ժպտալու համար անգամ մեղադրվում ես, որովհետև թաքուն չես պահում, ակումբների խորշերում չի մնում ու նեոնային լույսերով գունավորվում։ Այնտեղ քեզ չէին էլ նկատի։ Սովորական հաճախորդ ես, որից կարելի է փող քերել։ Քանի որ աղջիկ ես ու առանձնապես ոգևորված չես կիսամերկ կանանց գայթակղիչ շարժումներով, մատուցողը կարող է միայն հեգնանքով խոսել հետդ։ Թեյավճարի հույս չկա։
Դու համընդհանուր ցավերը խեղդելու տարբերակներ չունես էլ։ Մնում է ամբոխի մեջ խառնվել, արտասվել, արտասվել։ Ժպտալու ժամանակը չի։ Դու իրավունք էլ չունես։ Ինչի՞ համար ժպտաս։ Զվարճանքը էլիտար զբաղմունք է։ Դա նույնիսկ կարող է պարզվել, որ գեներով փոխանցվող ունակություն է։
Ես այն հին պնդման հետևորդն եմ, իբր՝ «ծխելը վնասակար է առողջությանը»։
Ու գիտեմ, որ մի գլանակի այրվել-վերջանալու չափ էլ կարող է տևել սերը։
Քանի֊որ անանձնական ցավերի մեջ կծկված եմ, ցավով լի գավաթով խմում եմ անանձնական ապագա երջանկության կենացը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։