ԳլխավորՄի կտոր գիրք

Հերման Հեսսե. «Տափաստանի գայլը» (հատվածներ)

Հերման Հեսսե. «Տափաստանի գայլը»

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946) Հերման Հեսսեի (2.07.1877-9.08.1962) «Տափաստանի գայլը» վեպից։

***

«Լիարժեքության հաշվին նա հասնում է ապահովության և անվտանգության, Աստծով ներշնչվելու փոխարեն ունենում է խղճի հանգստություն, զվարթության փոխարեն` վայելք, ազատության փոխարեն` հարմարավետություն, մահացու տապի փոխարեն` հաճելի ջերմաստիճան: Ուստի քաղքենին իր էությամբ կյանքի հանդեպ թույլ մղումներ ունեցող արարած է, վեհերոտ, որ վախենում է գոնե ինչ-որ չափով իր եսի հույսին մնալ, հեշտությամբ կառավարվում է: Այդ նպատակով էլ իշխանության փոխարեն նա հաստատում է մեծամասնությունը, ուժի փոխարեն` օրենքը, պատասխանատվության փոխարեն` քվեարկության գործողությունը»:

***

«Իշխանասերը կործանվում է իշխանությունից, դրամասերը` դրամից, ստրուկը` ստրկությունից, զվարճասերը` զվարճությունից: Այդպես էլ Տափաստանի գայլը կործանվեց իր անկախությունից: Նա հասավ իր նպատակին, ավելի ու ավելի անկախ դարձավ, ոչ ոք նրան ոչինչ հրամայել չէր կարող, ոչ մի բանի նա չպետք է ընտելանար, նա ինքն էր միշտ վճռում իր գործերն ու իրավունքները: Քանի որ յուրաքանչյուր ուժեղ մարդ անպայման հասնում է այն բանին, ինչը որոնելուն կոչում է նրա իսկական մղումը: Սակայն ձեռք բերած ազատության մեջ Հարրին հանկարծ զգաց, որ իր ազատությունը մահ է, որ ինքը մնացել է մենակ, որ աշխարհը ինչ-որ չար կախարդանքով իրեն թողել է հանգիստ, որ ինքն այլևս պետք չէ մարդկանց, ինչպես որ ինքն իրեն, որ նա մենակության ու մեկուսացման ավելի ու ավելի նոսրացող մթնոլորտում շնչահեղձ է լինում»:

***

«Գեղեցիկ բան է բավականությունը, ցավի բացակայությունը, այս տանելիորեն գլխիկոր օրերը, երբ ոչ ցավը, ոչ էլ ուրախությունը չեն հանդգնում աղաղակել, երբ նրանք խոսում են միայն կիսաձայն ու քայլում միայն ոտնաթաթերի վրա: Միայն թե վատն այն է, որ ես հենց այս բավականությունը բոլորովին չեմ կարողանում տանել…Երբ մի կարճ ժամանակ չեմ ապրում ոչ ուրախություն, ոչ էլ վիշտ և շնչում եմ, այսպես կոչված, լավ օրերի գաղջ, անհամ տանելիությունը, իմ մանկական հոգին այնպես է պարուրվում անափ վշտով, որ բավականության ժանգոտված տավիղը շպրտում եմ բավականության աստծո գոհունակ ու քնատ դեմքին և նախընտրում եմ իմ մեջ սատանայական այրող ցավ զգալ, քան այս առողջարար սենյակային ջերմաստիճանը»:

***

Ոչ, ես համոզված չեմ, որ նա ինքնասպան է եղել: Նա դեռ ապրում է, քայլում է ինչ-որ տեղ` իր հոգնած ոտքերով բարձրանալով ու իջնելով օտար տների սանդուղքներով, ինչ-որ տեղ ուշադիր դիտում է փայլուն մանրահատակն ու մաքուր մշակված արաուկարիաները (շքածառ-խմբ.), օրեր շարունակ նստում է գրադարաններում և գիշերներն անցկացնում պանդոկներում կամ պառկում է բազմոցին, պատուհանից այն կողմ ականջ դնում աշխարհի ձայներին ու մարդկանց կյանքին, հասկանում, որ ինքը կտրված է նրանցից, բայց ինքնասպան չի լինում, քանզի հավատի վերջին փշրանքն ասում է նրան, որ նա պետք է մինչև վերջ դատարկի ահավոր ցավի այդ բաժակը, և դա այն ցավն է, որից պետք է մեռնի նա:

 

«Նույնիսկ երբ իշխում են ուժեղ բնավորությունները, քաղքենուն անմիջապես սեղմում են պատին, նա, միևնույնն է, չի ոչնչանում երբեք, իսկ երբեմն էլ թվում է` իշխում է աշխարհին: Ո՞րն է գաղտնիքը: Ո´չ նրա հոտի բազմազանությունը, ո´չ առաքինությունը, ո´չ common sense-ը, ոչ էլ կազմակերպվածությունն ի վիճակի չէին լինի փրկել նրան կործանումից: Եվ, այդուհանդերձ, քաղքենիությունն ապրում է, հզոր է եւ ծաղկուն: Ինչու՞: Պայտասխանն այս է. ՏԱՓԱՍՏԱՆԻ ԳԱՅԼԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ: Իրականում քաղքենիության կենսական ուժերը հիմնված են բոլորովին էլ ոչ նրա կանոնավոր անդամների հատկանիշների վրա, այլ բազմաթիվ ձախողակների, որոնց նա իր գաղափարների անորոշության եւ առաձգականության շնորհիվ կարողանում է ընդգրկել իր մեջ»:

***

«Պատկերացրեք ձեզ համար այգի, որտեղ կան հարյուրավոր տեսակի ծառեր, հազարավոր տեսակի ծաղիկներ, մրգերի, խոտերի հարյուրավոր տեսակներ: Եթե այդ այգու տերն անգիտակ լինի բուսաբանական զանազանություններին, բացի «ուտելին» և «մոլախոտը» զանազանելուց, ապա այգու ինը տասներորդ մասից նա ոչինչ չի հասկանա, արմատախիլ կանի ամենակախարդական ծաղիկները, կկտրի ամենաազնիվ ծառատեսակները կամ կատի դրանք ու ծուռ կնայի դրանց: Այդպես է վարվում և Տափաստանի գայլը իր հոգու հազարավոր ծաղիկների հետ»:

***

«Նա ամեն ինչում մեղադրում է գայլին և չի ուզում տեսնել, որ գայլը երբեմն իր լավագույն մասն է: Վայրի ամեն բան իր մեջ նա անվանում է գայլ և դա համարում է չար, վտանգավոր, քաղաքենիական տեսակետից` սարսափելի բան, ու թեև իրեն զգում է իբրև արվեստագետ, թեև համոզված է իր զգացմունքների նրբությանը, ի վիճակի չէ տեսնել, որ գայլից բացի` գայլի ետևում իր մեջ ապրում է ուրիշ շատ բաներ, և բոլորը չէ, որ գայլ են, այսինքն այնտեղ ապրում է նաև աղվես, հրեշ, վագր, կապիկ և դրախտային թռչուն: Եվ որ այդ ողջ աշխարհը` հաճելի և սարսափազդու, մեծ և փոքր, ուժեղ և թույլ արարածների այդ դրախտային այգին նույն կերպ ճնշված ու շղթայված է գայլի մասին հեքիաթով, ինչպես որ նրա` Հարրիի մեջ, ճնշված է քաղքենու` կեղծ մարդու կողմից շղթայված իսկական մարդը»։

***

«Բնականաբար, Բախի, Մոցարտի և լուրջ երաժշտության համեմատությամբ այդ ջազը խոզություն էր, սակայն խոզություն էր մեր ողջ արվեստը, մեր ողջ մտածողությունը, մեր ողջ թվացյալ մշակույթը, եթե դրանք համեմատության մեջ դնեինք իսկական մշակույթի հետ: Իսկ այս երաժշտությունն ուներ ուղղամտության պարզ հոգի ու դուրեկան նեգրականություն և զվարթ, մանկական տրամադրության մեծ առավելությունը: Նա ինչ-որ բան էր պարունակում նեգրից և ինչ-որ բան` ամերիկացուց, որ մեզ` եվրոպացիներիս վրա, իր ամբողջ ազդեցիկությամբ հանդերձ թողնում էր երեխայական թարմության և մանկականության տպավորություն: Եվրոպան նու՞յնպես այդպիսին է լինելու: Նա արդե՞ն այդ ճանապարհի վրա է»: