ԳլխավորՄի կտոր գիրք

«Հիվանդասենյակ համար 6». Անտոն Չեխով

Ներկայացնում ենք հատվածներ ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ Անտոն Չեխովի (17 (29) հունվարի, 1860 — 15 հուլիսի, 1904) «Հիվանդասենյակ համար 6» ստեղծագործությունից։

***

Երբ Անդրեյ Եֆիմիչն իր պաշտոնն ընդունելու համար քաղաք ժամանեց, «աստվածահաճո հիմնարկը» սոսկալի վիճակի մեջ էր գտնվում։ Գարշահոտության պատճառով հիվանդասենյակներում, միջանցքներում և հիվանդանոցի բակում դժվար էր շնչել։ Հիվանդանոցի սևագործ գեղջուկները, հիվանդապահուհիները և նրանց երեխաները քնում էին հիվանդների հետ, հիվանդասենյակներում։ Գանգատվում էին, որ ուտիճների, փայտոջիլների և մկների երեսից օր չեն տեսնում։ Վիրաբուժական բաժանմունքում կարմիր քամի հիվանդությունն անպակաս էր։

Ամբողջ հիվանդանոցն ուներ գանգամաշկման միայն երկու դանակ և ոչ մի ջերմաչափ, վաննաներում կարտոֆիլ էին պահում։ Վերակացուն, հանդերձապահուհին և բուժակը հիվանդներին կողոպտում էին, իսկ հին բժշկի՝ Անդրեյ Եֆիմիչի նախորդի մասին պատմում էին, իբր թե նա զբաղվել է հիվանդանոցի սպիրտի գաղտնի վաճառքով և հիվանդապահուհիներից ու հիվանդ կանանցից իր համար ստեղծած է եղել մի ամբողջ հարեմ։

Քաղաքում շատ լավ գիտեին այդ անկարգությունների մասին և նույնիսկ չափազանցնում էին դրանք, բայց այդ ամենին հանգիստ էին վերաբերվում. ոմանք դրանք արդարացնում էին նրանով, որ հիվանդանոցում պառկում են միայն քաղքենիները և գեղջուկները, որոնք չեն կարող դժգոհ լինել, որովհետև իրենց տանը շատ ավելի վատ են ապրում, քան հիվանդանոցում. հո սալամբի մսով չե՜ն կերակրելու դրանց։

Մյուսներն էլ, արդարացնելու համար, ասում էին, որ առանց զեմստվոյի օգնության, միայն քաղաքի միջոցներով, լավ հիվանդանոց պահելն ուժից վեր բան է։ Փա՜ռք աստծո, որ գոնե վատը կա։ Իսկ երիտասարդ զեմստվոն ոչ քաղաքում, ոչ էլ մոտակայքում հիվանդանոց բաց չէր անում՝ հիմնվելով այն բանի վրա, որ քաղաքը արդեն իր հիվանդանոցն ունի։

Ստուգելով հիվանդանոցը՝ Անդրեյ Եֆիմիչը եկավ այն եզրակացության, որ դա անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նրա կարծիքով ամենախելոք բանը, որ կարելի էր անել, այս էր՝ հիվանդներին ազատ արձակել, իսկ հիվանդանոցը փակել։ Բայց նա մտածեց, որ այդ բանն անելու համար միայն իր կամեցողությունը բավական չի և որ այդ անօգուտ կլինի. եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի. պետք է սպասել, մինչև որ դա ինքն իրեն հողմահարվի։

Մանավանդ որ, եթե մարդիկ հիվանդանոց են բացել և այն հանդուրժում են իրենց քաղաքում, նշանակում է դա նրանց հարկավոր է. նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։

Պաշտոնն ստանձնելով՝ Անդրեյ Եֆիմիչն ըստ երևույթին բավական անտարբեր վերաբերվեց անկարգություններին. նա միայն հիվանդանոցի սևագործ գեղջուկներին ու հիվանդապահուհիներին խնդրեց, որ հիվանդասենյակներում չգիշերեն, և հիվանդանոցում դրեց գործիքների երկու պահարան. իսկ վերակացուն, հանդերձապահուհին, բուժակը և վիրաբուժական բաժանմունքի կարմիր քամին մնացին իրենց տեղերում։

Անդրեյ Եֆիմիչը խելացիություն և ազնվություն անչափ շատ է սիրում, բայց իր շուրջը խելացի ու ազնիվ կյանք հաստատելու համար նրան պակասում է կամքի ուժ և հավատ՝ որ ինքն իրավունք ունի։ Հրամայել, արգելել և իր ասածը պնդել նա ուղղակի չի կարողանում։ Կարծես թե նա ուխտել է ձայնը երբեք չբարձրացնել և բայի հրամայական եղանակ չգործածել։ «Տո՛ւր» կամ «բե՛ր» ասելը նրա համար դժվար է. երբ նա քաղցած է լինում, անհամարձակ հազում է և ասում խոհարարուհուն. «Չէ՞ր կարելի ինձ մի թեյ էնիք անել…» կամ՝ «Չէ՞ր կարելի ինձ ճաշ էնիք անել»։

Իսկ ասել վերակացուին, որ այլևս գողություն չանի կամ վռնդել նրան, կամ բոլորովին վերացնել այդ պետք չեկող, պարազիտային պաշտոնը՝ կատարելապես վեր է նրա ուժերից։ Երբ Անդրեյ Եֆիմիչին խաբում են կամ շողոքորթում, կամ հայտնապես կեղծ հաշիվ են բերում ստորագրելու, նա խեցգետնի պես կարմրում է և իրեն մեղավոր զգում, բայց հաշիվն, այնուամենայնիվ, ստորագրում է. երբ հիվանդները գանգատվում են նրան, որ իրենք քաղցած են մնում կամ որ հիվանդապահուհիներն իրենց հետ կոպիտ են վարվում, նա շփոթվում է և մեղավորի պես մռթմռթում.

— Լա՛վ, լա՛վ, ես հետո կքննեմ… Հավանորեն այստեղ մի թյուրիմացություն կա…

Սկզբի շրջանում Անդրեյ եֆիմիչը մեծ եռանդով էր աշխատում։ Նա ամեն օր առավոտից մինչև ճաշ ընդունելություն էր անում, վիրահատություններ էր կատարում և նույնիսկ զբաղվում էր մանկաբարձական պրակտիկայով։ Կանայք նրա մասին ասում էին, որ նա ուշադիր է և հիանալի է գուշակում հիվանդությունները, հատկապես երեխաների և կանացի հիվանդությունները։

Բայց գործն իր միօրինակությամբ և ակնհայտ ապարդյունությամբ ժամանակի ընթացքում նկատելիորեն ձանձրացրեց նրան։ Այսօր երեսուն հիվանդ ես ընդունում, վաղը տեսնում ես՝ երեսունհինգն եկավ, մյուս օրը՝ քառասունը, և այդպես օրը-օրին, տարին տարու վրա, իսկ մահացությունը քաղաքում չի պակասում, և հիվանդները չեն դադարում գալ։ Առավոտից մինչև ճաշ եկած քառասուն հիվանդին լուրջ օգնություն ցույց տալ ֆիզիկապես հնարավոր չէ, նշանակում է, ակամայից լոկ խաբեություն է դուրս գալիս։

Հաշվետու տարում ընդունվել է 12.000 երթևեկ հիվանդ. նշանակում է, պարզ դատելով, խաբվել է 12.000 մարդ։ Իսկ լուրջ հիվանդներին հիվանդասենյակները դնել և նրանցով զբաղվել գիտության կանոնների համաձայն՝ նույնպես չի կարելի, որովհետև կանոնները կան, իսկ գիտություն չկա։ Իսկ փիլիսոփայութունը թողնելու և մյուս բժիշկների պես պեդանտորեն կանոններին հետևելու համար նախ և առաջ հարկավոր են մաքրություն և օդափոխություն և ոչ թե կեղտոտություն, հարկավոր են առողջարար սնունդ և ոչ թե հոտած, թթու կաղամբի շչի, լավ օգնականներ՝ և ոչ թե գողեր։

Եվ հետո՝ ի՞նչ միտք ունի խանգարել մարդկանց մեռնելու, երբ մահը յուրաքանչյուրի նորմալ ու օրինական վախճանն է։ Ինչ օգուտ նրանից, որ ինչ֊որ չարչու կամ չինովնիկի մեկը մի հինգ, տասը տարի ավելի ապրի։ Իսկ եթե բժշկագիտության նպատակը համարենք այն, որ դեղերը մեղմացնում են տանջանքները, ապա ակամայից հարց առաջ կգա՝ ինչո՞ւ դրանք մեղմացնել։

Նախ, ասում են, որ տանջանքները մարդուն տանում են դեպի կատարելության և, երկրորդ, եթե մարդկությունը իսկապես վարժվի դեղահաբերով ու կաթիլներով մեղմացնել իր տանջանքները, ապա նա բոլորովին մոռացության կմատնի կրոնն ու փիլիսոփայաթյունը, որոնցում մինչև այժմ գտնում էր ոչ միայն պաշտպանություն ամեն տեսակ դժբախտություններից, այլև նույնիսկ երջանկություն։

Պուշկինն իր մահից առաջ սոսկալի տանջանքներ է կրել, խեղճ Հայնեն անդամալույծ պառկած է եղել մի քանի տարի. էլ ինչո՞ւ չհիվանդանան ինչ֊որ Անդրեյ Եֆիմիչ կամ Մատրյոնա Սավիշնա, որոնց կյանքն անբովանդակ է և բոլորովին դատարկ կլիներ ու նման ամեոբայի կյանքի, եթե տանջանքները չլինեին։

Այսպիսի խորհրդածություններից ճնշված՝ Անդրեյ Եֆիմիչը վհատվեց և սկսեց հիվանդանոց այցելել ոչ ամեն օր։

***

Նախասենյակից հիվանդասենյակ տանող դուռը բաց էր։ Իվան Դմիտրիչը արմունկին հենված՝ պառկած էր անկողնում և անհանգստացած ականջ էր դնում օտար ձայնին. նա հանկարծ ճանաչեց բժշկին։ Զայրույթից նա ամբողջ մարմնով ցնցվեց, վեր թռավ տեղից, երեսը կարմրած, չարացած աչքերը ճակատը թռած՝ վազեց հիվանդասենյակի մեջտեղը։

— Բժի՜շկն է եկել,— գոչեց նա ու քրքջաց։— Վերջապե՜ս։ Պարոնա՛յք, շնորհավորում եմ, բժիշկը մեզ արժանացնում է իր այցելությանը։ Անիծվա՜ծ զեռուն,— ճղճղաց նա և այնպիսի մոլեգնությամբ, որ երբեք չէին տեսել հիվանդասենյակում, ոտքը հատակին խփեց։— Սպանե՛լ այդ զեռունին։ Ո՛չ, սպանելը քիչ է։ Գցե՛լ արտաքնոցը, խեղդե՛լ այնտեղ։

Անդրեյ Եֆիմիչը, լսելով այդ, նախասենյակից հիվանդասենյակի ներսը նայեց և հարցրեց մեղմորեն.

— Ինչի՞ համար։

— Ինչի՞ համար,— բղավեց Իվան Դմիտրիչը, սպառնալից տեսքով նրան մոտենալով և ջղաձգաբար փաթաթվելով խալաթի մեջ։— Ինչի՞ համար։ Գո՜ղ,— արտասանեց նա զզվանքով ու շրթունքներին այնպիսի ձև տալով, ասես ցանկանում էր թքել։— Շառլատա՛ն։ Դահի՛ճ։

— Հանգստացե՛ք,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ մեղավորի ժպիտով։— Հավատացնում եմ ձեզ, ես երբեք և ոչինչ չեմ գողացել, իսկ մնացածը դուք, հավանորեն, խիստ չափազանցնում եք։ Ես տեսնում եմ, որ դուք բարկացած եք ինձ վրա։ Հանգստացե՛ք, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք, և ասեք սառնասրտությամբ՝ ինչի՞ համար եք բարկացած։

— Իսկ դուք ինչո՞ւ եք ինձ այստեղ պահում։

— Նրա համար, որ դուք հիվանդ եք։

— Հա՛, հիվանդ եմ։ Բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր խելագարներ ազատ շրջում են, որովհետև ձեր տգիտությունն անընդունակ է նրանց առողջներից զանազանելու։ Իսկ ինչո՞ւ ե՛ս և այս դժբախտները պետք է նստենք այստեղ բոլորի տեղը, որպես քավության նոխազներ։ Դուք, բուժակը, վերակացուն և հիվանդանոցի բոլոր սրիկաները բարոյական տեսակետից անչափելիորեն ցածր եք մեր յուրաքանչյուրից. իսկ ինչու ենք մենք այստեղ նստած, իսկ դուք՝ ո՛չ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

— Բարոյական հանգամանքները և տրամաբանությունն այստեղ դեր չունեն։ Բոլորը կախված է դիպվածից։ Ում նստեցրել են, նա էլ նստած է, իսկ ում չեն նստեցրել, նա զբոսնում է, ահա բոլորը։ Որ ես բժիշկ եմ, իսկ դուք հոգեկան հիվանդ՝ դրա մեջ ո՛չ բարոյական բան կա, ոչ էլ տրամաբանություն, այլ կա միայն դատարկ պատահականություն։

— Այդ դատարկաբանությունը ես չեմ հասկանում…— խուլ ձայնով ասաց Եվան Դմիտրիչը և նստեց իր մահճակալին։

Մոիսեյկան, որին Նիկիտան քաշվել էր բժշկի ներկայությամբ խուզարկել, իր անկողնի վրա դասավորել էր հացի պատառներ, թղթի կտորներ ու ոսկորներ և տակավին ցրտից դողալով՝ արագ ու երգեցիկ եղանակով ինչ֊որ բան ասաց հրեերեն։ Երևի նա երևակայեց, թե կրպակ է բացել։

— Ինձ ազատ արձակեցեք,— ասաց Իվան Դմիտրիչը, և նրա ձայնը դողաց։

— Չեմ կարող։

— Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։

— Որովհետև այդ իմ իշխանությունից դուրս է։ Ինքներդ դատեցեք՝ ձեզ բաց թողնելուց ի՞նչ օգուտ։ Ասենք գնացիք։ Քաղաքացիները կամ ոստիկանությունը ձեզ կբռնեն և ետ կբերեն։

— Այո՛, այո՛, այդ ճիշտ է…— ասաց Իվան Դմիտրիչը և ճակատը շփեց։— Սարսափելի դրություն է։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ի՞նչ։

Իվան Դմիտրիչի ձայնը և նրա երիտասարդ, խելոք դեմքը՝ ծամածռություններով հանդերձ, դուր եկան Անդրեյ Եֆիմիչին։ Նա ուզեց փաղաքշել և հանգստացնել այդ երիտասարդին։ Անդրեյ Եֆիմիչը նստեց նրա կողքին, անկողնի վրա, մտածեց ու ասաց.

— Դուք հարցնում եք, թե ի՞նչ անել։ Գտնվելով այսպիսի վիճակում՝ ձեզ համար ամենալավագույնն է փախչել այստեղից։ Բայց, ցավոք սրտի, այդ անօգուտ է։ Ձեզ կբռնեն։ Երբ հասարակությունը պաշտպանում է իրեն ոճրագործներից, հոգեկան հիվանդներից և ընդհանրապես անհարմար մարդկանցից, նա անհաղթելի է։ Ձեզ մի բան է մնում՝ հանգստանալ, մտածելով, որ ձեր այստեղ մնալն անհրաժեշտ է։

— Այդ ոչ ոքի պետք չէ։

— Քանի որ գոյություն ունեն բանտեր և գժանոցներ, դե, ուրեմն, մեկնումեկը պետք է նստի այնտեղ։ Եթե ոչ դուք, ապա ես, ոչ ես, ապա մի որևէ երրորդը։ Սպասեցեք, մինչև հեռավոր ապագայում բանտերի ու գժանոցների գոյության վերջը կգա, այլևս ոչ պատուհանները ճաղեր կունենան և ոչ էլ զսպաշապիկներ կլինեն։ Իհարկե, վաղ թե ուշ կգա այդպիսի ժամանակ։

Իվան Դմիտրիչը ծաղրաբար ժպտաց։

— Դուք կատակում եք,— ասաց նա՝ աչքերը կկոցելով։— Այնպիսի պարոնները, ինչպիսին դուք եք և ձեր օգնական Նիկիտան, ապագայի հետ ոչ մի գործ չունեն, բայց հավատացած կարող եք լինել, մեծարգո պարոն, կգան լավագո՜ւյն ժամանակներ։ Ոչինչ, որ գռեհիկ եմ արտահայտվում, ծիծաղեցե՛ք, բայց կշողա նոր կյանքի արշալույսը, ճշմարտությունը կհաղթի, և մեր փողոցում տո՜ն կլինի։ Ես այդ ժամանակին չեմ արժանանա, կսատկեմ, բայց որևէ մեկի ծոռները հո կարժանանա՜ն։ Ողջունո՜ւմ եմ նրանց ամբողջ սրտով և ուրախանո՜ւմ, ուրախանո՜ւմ նրանց փոխարեն։ Հառա՜ջ։ Թո՛ղ աստված օգնի ձեզ, բարեկամնե՜րս։

Իվան Դմիտրիչի աչքերը փայլեցին, նա ոտքի ելավ և, ձեռքերը տարածելով դեպի պատուհանը, հուզված ձայնով շարունակեց.

— Այս ճաղերի հետևից օրհնո՜ւմ եմ ձեզ։ Կեցցե՜ ճշմարտությունը։ Հրճվո՜ւմ եմ։

— Հրճվելու առանձին պատճառ ես չեմ գտնում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը, որին Իվան Դմիտրիչի շարժումը դերասանական թվաց և միևնույն ժամանակ շատ դուր եկավ։— Բանտեր և գժանոցներ չեն լինի, և ճշմարտությունը, ինչպես դուք բարեհաճեցիք արտահայտվել, կհաղթի, բայց չէ՞ որ իրերի էությունը չի փոխվի, բնության օրենքները դարձյալ նույնը կմնան։ Մարդիկ կհիվանդանան, կծերանան ու կմեռնեն ճիշտ այնպես, ինչպես և հիմա։ Ինչպիսի հիասքանչ արշալույս էլ որ լուսավորի ձեր կյանքը, այսուամենայնիվ, վերջիվերջո ձեզ դագաղ կդնեն ու փոսը կնետեն։

— Հապա անմահությո՞ւնը։

— է՜, դուք էլ ինչ եք ասում։

— Դուք չեք հավատում, դե՛, իսկ ես հավատում եմ։ Դոստոևսկու թե Վոլտերի մոտ ինչ֊որ մեկն ասում է, որ եթե աստված չլիներ, մարդիկ նրան կստեղծեին։ Իսկ ես խորապես համոզված եմ, որ եթե անմահություն չկա, մարդու վեհ խելքը վաղ թե ուշ այն կհնարի։

— Լավ է ասված,— ասաց Անդրեյ եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով։— Այդ լավ է, որ դուք հավատում եք։ Այդ հավատն ունենալով, մինչև անգամ ողջ֊ողջ որմաթաղ արված վիճակում կարելի է իրեն երջանիկ զգալ։ Շնորհ արեք ասելու՝ դուք որևէ տեղ կրթություն ստացե՞լ եք։

— Այո՛, սովորել եմ համալսարանում, բայց չեմ ավարտել։

— Դուք մտածող և լրջմիտ մարդ եք։ Ամեն մի պարագայում դուք կարող եք ձեր հոգին խաղաղեցնել ձեր իսկ ունակությամբ։ Կյանքի ըմբռնման ձգտող ազատ և խոր մտածողությունը ու կատարյալ արհամարհանքը դեպի աշխարհի հիմար ունայնությունը,— ահա այն երկու բարիքները, որոնցից բարձրը մարդս երբեք չի տեսել։ Դուք ևս կարող եք տիրանալ դրանց, թեկուզև երեքտակ ճաղերի հետևում ապրելիս լինեք։ Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ, սակայն բոլոր երկրավոր թագավորներից երջանիկ էր։

— Ձեր Դիոգենեսը դդումի մեկն էր,— մռայլ ասաց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ եք ինձ պատմում Դիոգենեսից և ինչ֊որ ըմբռնումից,— հանկարծ բարկացավ նա և տեղից թռավ։— Ես սիրո՜ւմ եմ կրքոտությա՜մբ։ Ես ունեմ մտամոլություն, թե ինձ հալածում են, և մի մշտական տանջող վախ, բայց լինում են րոպեներ, երբ ինձ համակում է կյանքի ծարավը, և այն ժամանակ ես վախենում եմ, թե կխելագարվեմ։ Սոսկալի՜ ապրել եմ ուզում, սոսկալի՜։

Նա հուզված քայլեց հիվանդասենյակում և, ձայնը ցածրացնելով, ասաց.

— Երբ ես երազում եմ, ինձ ուրվականներ են այցելում։ Ինչ֊որ մարդիկ են գալիս ինձ մոտ, ես լսում եմ ձայներ, երաժշտություն, և ինձ թվում է, թե ես զբոսնում եմ ինչ֊որ անտառներում. ծովի ափին, և այնպես բուռն կերպով ցանկանում եմ իրարանցում, հոգսեր… Ասե՛ք ինձ, դե՛, այնտեղ ի՞նչ նորություն կա,— հարցրեց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ կա այնտեղ։

— Դուք քաղաքի՞ մասին եք ցանկանում իմանալ, թե՞ ընդհանրապես։

— Դե՛, նախ ինձ պատմեցեք քաղաքի մասին, իսկ հետո՝ ընդհանրապես։

— Ի՞նչ ասեմ։ Քաղաքում տաղտկալի ձանձրույթ է տիրում… Չկա մեկը, որի հետ մի խոսք փոխանակես, չկա մեկը, որին լսես։ Նոր մարդիկ չկան։ Սակայն մոտ ժամանակներս եկավ երիտասարդ բժիշկ Խոբոտովը։

— Նա մի օրով է եկել։ Հը՛, անտա՞շ մարդ է։

— Այո՛, կուլտուրական մարդ չէ։ Տարօրինակ է, գիտեք… Ամեն ինչից դատելով, մեր մայրաքաղաքներում մտավոր լճացում չկա, կա շարժում. նշանակում է, այնտեղ իսկական մարդիկ էլ պետք է լինեն, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ այնտեղից այնպիսի մարդիկ են ուղարկում մեզ մոտ, որ երեսներին էլ նայելու չէ։ Դժբա՜խտ քաղաք է։

— Այո՛, դժբախտ քաղաք է,— հառաչեց Իվան Դմիտրիչը և ծիծաղեց։— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս է։ Լրագրերում և ժուռնալներում ի՞նչ են գրում։

Հիվանդասենյակում արդեն մութն էր։ Բժիշկը ոտքի կանգնեց և կանգնած սկսեց պատմել, թե ի՛նչ են գրում արտասահմանում ու Ռուսաստանում և ներկայումս մտքի ինչ ուղղություն է նկատվում։ Իվան Դմիտրիչն ուշադիր լսում և հարցեր էր տալիս, բայց հանկարծ, կարծես ինչ֊որ սոսկալի բան հիշելով, գլուխը բռնեց և պառկեց անկողնի վրա՝ թիկունքը բժշկին դարձրած։

— Ձեզ ի՞նչ պատահեց,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։

— Դուք այլևս ինձանից ոչ մի բառ չեք լսի,— կոպտաբար խոսեց Իվան Դմիտրիչը։— Թողե՛ք ինձ։

— Իսկ ինչո՞ւ։

— Ասում եմ ձեզ՝ թողե՞ք։ Ինձնից ի՞նչ եք ուզում։

Անդրեյ Եֆիմիչր թոթվեց ուսերը, հառաչեց ու դուրս գնաց։ Նախասենյակից անցնելիս նա ասաց.

— Արդյոք չէ՞ր կարելի այստեղ մաքրել, Նիկիտա… Սոսկալի՜ ծանր հոտ է։

— Լսում եմ, ձերդ գերազանցություն։

«Ի՜նչ հաճելի երիտասարդ է,— մտածում էր Անդրեյ Եֆիմիչը՝ տուն գնալով։— Այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ ես ապրում եմ այստեղ, կարծեմ, սա առաջին մարդն է, որի հետ կարելի է զրուցել։ Նա կարողանում է դատել և հետաքրքրվում է հենց նրանով, ինչով պետք է»։