ԳլխավորՄի կտոր գիրք

«Սիրտս կ’արյունի աշխարհի ցավով». Մուշեղ Իշխան

Ներկայացնում ենք հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս, մանկավարժ Մուշեղ Իշխանի (1913 — 12. 06. 1990, Մուշեղ Սրապիոնի Ճենտերեճյան) բանաստեղծություններից։

***

Դուք, որ մեռաք հինգ դար առաջ,
Դուք, որ այսօր կը մահանաք,
Նույն ծառին ծիլն էիք կանաչ
Եվ դարձաք նույն հողին ճարակ…

Հինգ դար առաջ, հինգ դար հետո՝
Նույն անցորդն եք անվերադարձ․
Կ’իջնե անհույս մութ երեկո
Ձեր աչքերուն վրա սառած…

Ծառին համար և այս հողին
Նույնն էր երեկ, նույնն է այսօր
Նույն ծաղկումն է գարնանային
Եվ աշնան նույն տերևը չոր։

Դուք, որ հաճախ արտասվեցիք
Եվ դուք, որ շատ զվարճացաք,
Դուք, որ տվիք փուշ ու ծաղիկ՝
Նույն խավարին դարձաք բանակ…

Նույնն է հիմա դար ու վայրկյան,
Երբ որ չկա երթ ու գալիք․
Համայնական նույնն է ճամբան,
Երբ որ չկա կյանքի ալիք…

Սարսափելին

Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։

Արևածագ թե գիշեր՝
Չունիս ոչ մեկ սպասում.
Եվ սրտիդ մեջ ալեհեր՝
Ո՛չ մեկ ծնունդ ու թաղում։

Արդեն թաղած ես շատոնց
Ամեն հավատք, ամեն սեր
Եվ նույնն է տուն ու փողոց
Քայլերուդ դեմ անտարբեր։

Դուն ստվերի պես մոլոր
Ւը թափառիս առանձին,
Եվ ճամբաները բոլոր
Քեզ ոչ մեկ տեղ կը տանին։

Ալ չես գիտեր՝ ո՞րն է վատ,
Ո՞րն է իրավ, ո՞րը սուտ,
Օրերու բեռն անիմաստ
Այդպես շալկած ուսերուդ…

Սարսափելին մահը չէ,
Դեռ մահից ալ գեշը կա,
Երբ մարդ ողջ է, կը շնչե,
Բայց կյանքին մեջ՝ բացակա։

Գիտեի

Առաջ գիտեի,
Թե մարդիկ ինչո՞ւ կուգային աշխարհ,
Արեգակն ինչ՞ւ կը թափեր ոսկի
Ծաղկաբաց ծառի ափերուն դալար
Ինչո՞ւ կը հնչեր երգը գետակի․
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիտեի,
Թե ինչ կ’ըսեին աստղերը պայծառ՝
Կաքված կամարեն անհաս երկինքի,
Թե ո՛ւր կ’արշավեր վազքը տենդահար
Հավերժագնաց մեր մոլորակի.
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիտեի,
Թե ինչո՞ւ մարդոց ծիծաղին հորդուն
Կը խառնվի լաց, արյուն ու արցունք
Եվ ինչո՞ւ կյանքին հինավուրց ճամբուն՝
Վիհին կը նայի ամեն մեկ բարձունք․
հիմա չեմ գիտեր…

Առաջ գիտեի
Թե ի՞նչ կար կյանքեն, մահեն ալ անդին,
Ի՞նչ գանձեր ծածուկ ուներ ապագան
Եվ թե ո՞ր անսուտ, նորածագ լույսին
Կը բացվեր հանկարծ ամեն գերեզման․
հիմա չեմ գիտեր…

Կը ձանձրանան

Կ’ըսեն՝ շատ կարճ է կյանքը,
Շուտ կը կասի սրտին զարկը
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ շատ քաղցր է կյանքը
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ շատ խոր է կյանքը,
Լույս է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան…

Կ’ըսեն՝ միշտ նոր է կյանքը
Միշտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան…

Աշխարհի ցավով

Սիրտս կ’արյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստվա՛ծ իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերեն փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս։

Անմեղ զոհերու արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց
Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ արյունով հարբած։

Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս
Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անդին անքուն մոտիկ դրացիս
Կը հսկե զավկին հոգեվարքին քով։

Սուրի ու զոհի կը դառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատավորի քրտինքով օծուն։

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնեն պատառը հացին։

Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ․
—Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս…
Կյանքեր թևաբեկ և շղթայակիր․
Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս…

Մարդ արարած

Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Մոմ մը լույսով՝ խավարին մեջ համատարած
Կը հալածես դուն տեսիլքներ արևավառ,
Կը խարխափես և քավարին չես հավատար…

Արցունքներուդ միգամածին խորեն տմույն
Գիտես նայիլ արշալույսի ճաճանչներուն.
Սուգի քողին տակ հուսալից դուն սիրահար՝
Կը տառապիս և վշտերուդ չես հավատար։

Վզիդ շղթա և թևերուդ ծանր կապանք՝
Դուն կը փորձես արծիվներու վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտին մեջ բազմակամար
Կը խեղդվիս, շղթաներուդ չես հավատար։

Փուշ ու տատասկ քեզ կʼարյունեն ճամբուդ վրա,
Բայց խոցոտված քու մատներով արյունլվա
Դուն կ’որոնես ծաղիկներու հոգին պայծառ,
Ցավեդ կ’ոռնաս և ցավերուտ չես հավատար։

Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Քու ձեռքերով հողին կուտաս կյանքեր ծաղկած,
Կʼըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կʼիյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար…