ԳլխավորՄի կտոր գիրք

«Հոգին միշտ նույնն է․ դար մը ավելի, դար մը պակաս». Շահան Շահնուր

Այսօր հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրի (1903-1974) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք մի քանի միտք նրա առաջին՝ «Նահանջը առանց երգի» վեպից։

***

Հոգին միշտ նույնն է․ դար մը ավելի, դար մը պակաս:

Միայն մայրենի լեզուն է, որ բառերուն կրնա տալ այն անկեղծ ու պարզ շեշտը, որ բնավ մտածում չի պահանջեր։ Եվ սիրտը երբոր կխոսի, պետք չէ մտածել։

Ուրիշներու պես մենք ալ մեր կրոնքը ու հավատքը թաղեցինք պատերազմի ընթացքին։ Ու հիմա կհարվածվի մեզ վրա բռնող մեծագույն և հիմնական սյունը՝ ընտանիքը։ Հայ աղջիկը մնաց հեռուն, մնաց լքված, ան, որ անհրաժեշտ էր մեր արյունին, հակառակ իր տգեղության, իր չոր հպարտության և անմիջապես մայրանալու ու ծերանալու հակամիտության։ Ասոնք առավելություններ են ուրիշի մը համար, մինչ․․․

Մեր պապերը ոչինչ կրցեր են քանդակել միսին վրա, անոնք ոչինչ կրցեր են քանդակել միսով։ Մեր մեջ մեծ պակաս մը կա, զոր պետք էր լեցնել գիտնային։ Մենք Հայաստան չենք ապրած, անոր հողն ու օդը անծանոթ են մեզի․ անոր բարքերն ու սովորությունները մեզ չեն կրած և բնական է, որ մենք սիրենք մեր ծննդավայրը միայն, այսինքն երկինք մը օտար։ Մեր նախնիքներուն իրարու հաջորդող անվերջանալի սերունդները չեն կրցեր մեզ փրկել, չեն կրցեր մեզ այն մեծ սերը տալ։

– Ես չեմ ուզեր հույսով ապրիլ։
– Հապա ինչո՞վ․․․
– Ես կուզեմ ապրիլ։

Կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կա բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կոռնա բոլոր քառուղիներին․ նահանջն է ան։ Նահանջը, նահանջը հայերուն։

Կարելի՞ է դյուրությամբ մոլորություններու ճիրանեն ազատիլ։ Ի՞նչ կարժենք մենք, երբ մեր ցավը մեղմելու համար այսպիսի միջոցներու պիտի դիմենք (խմիչք, ծխախոտ,․․․)․ ու՞ր կմնա մեր կորովը, մեր կամքը, մեր ուսումն ու դաստիարակությունը, երբ չպիտի կարենանք տառապագին օրերու դեմ դնել։ Պետք է մաքառինք և երբեք չարհամարհենք ցավը, որովհետև ան է, որ մեզ պիտի կռե, ճկե ու կազմե։

Մարդիկ չեն տառապիր, այլ իրենք զիրենք կտառապեցնեն։ Իրենց անձը կտառապեցնեն, որովհետև չեն գիտեր, թե հակազդելու համար՝ պետք է տեսնել, վայելելու համար՝ պետք է ճանչնալ, և տիրանալու համար՝ պետք է տալ։

Գեղեցիկ հոգի մը վայելելու համար պետք է գեղեցկացած ըլլալ, ազնվական կյանք մը գնահատելու համար՝ պետք է նույն բարձունքին հասած ըլլալ, և նույն բարձունքին հասնելու համար՝ պետք է ճանչնալ ինքզինքը։

Կուզենք սիրվիլ բարձրագույն սիրով մը, կուզենք ունենալ անձնվեր և անշահախնդիր բարեկամներ, կուզենք, որ օրերը մեզ բարիք բերեն և ձախորդության առջև ճակատագիրը միայն կանիծենք։ Իրականին մեջ մենք է, որ չենք գիտեր բարձրագույն սիրով մը սիրել, անձնվեր և անշահախնդիր բարեկամ ըլլալ ու օրերուն բարությունը ժպտիլ։ Մեծագույն ճշմարտությունը, գերագույն իրողությունը մեր անձն է․ ամեն ինչ անկե է, որ կսկսի։ Նախ մենք պետք է, որ ընդառաջ երթանք ամեն բանի, նախ մենք պետք է տանք, բայց տալու համար անհրաժեշտ է, որ տերը ըլլանք մեր հոգիին։

Comment here