ԳլխավորԿրթություն

ԱԺ հանձնաժողովում կայացել է փակ քննարկում՝ չափորոշիչների վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձել է առարկայական չափորոշիչներին։

«Օրեր առաջ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում կայացավ փակ աշխատանքային քննարկում հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ծրագրերի, բովանդակության ու չափորոշիչների մշակման հանձնախմբի անդամների ընտրության շուրջ, որին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Բավականին երկար ծավալվեց քննարկումը, որն ըստ իս՝ միևնույնն է բավական չէր ամբողջապես վեր հանելու մտահոգող հարցերը, վերլուծելու, հղելու հարցեր՝ թե մասնագիտական և թե տրամաբանությունից բխող։

Աշխատանքային խմբի անդամները մասնավորապես անդրադարձ են կատարել գործող չափորոշչի և առարկայական ծրագրերի փոփոխության անհրաժեշտության պատճառներին ու ներկայումս հանրային քննարկման դրված տարբերակում փոփոխություններին և դրանց չափելիությանն ու գործիքակազմին։

Այժմ բարձրաձայնում եմ մի շարք ուսուցիչների կողմից արտահայտվող մտահոգությունները, որոնք չեմ կարող ասել, թե որքանով են հասանելի դարձել լիազոր մարմնի ներկայացուցիչներին և որոնց մեծ մասը կիսում եմ նաև ինքս։

 Չափորոշիչների վերջնարդյունքում առաջադրվող հմտություններն ու կարողությունները տրամաբանորեն պետք է ունենան շարունակական աճ 5-ից դեպի 9-րդ դասարան. այլապես կստացվի, որ 5-րդ և 9-րդ դասարանցիներից պահանջվում են նույն հմտություններն ու կարողությունները։
Ծրագրերում ընդգրկվելիք ժամանակակից գրողների ստեղծագործությունները պետք է հարմարեցվեն համապատասխան տարիքային խմբերին՝ հաշվի առնելով գրողների ստեղծագործությունների յուրահատկությունները։
Ավագ դպրոցում գրականության, հատկապես հայ գրականության առարկայի ուսումնասիրության դասաժաամերը պետք է դիտարկել ոչ թե որպես ընթերցանության և ուղղակի ընդհանուր զարգացման համար տրամադրված ինչ-որ ժամանցային դասաժամեր, այլ պետք է հստակ տարանջատել, որ գրականություն առարկան կանոնակարգված գիտություն է, որն ուսումնասիրում է գրականության զարգացման ուղին նախագծային շրջանից առ այսօր, և պետք է ներկայացված լինի խիստ հերթականությամբ` ներառելով մեր գրական ժառանգության բոլոր կարևոր էջերը։ Ինչ վերաբերում է արտասահմանյան գրականությանը, ապա ցանկալի կլիներ դրա համար տրամադրել առանձին դասաժամ, եթե կարևորվում է օտարերկրյա գրականության ժառանգությունը։
Կարևոր է, որպեսզի ժամանակակից գրականությունը՝ հանձին առաջարկվող գրողների, ներկայացնելիս հստակ առանձնացնել այն նպատակները, թե տվյալ ստեղծագործությունը ինչ է սովորեցնելու աշակերտին, ի՞նչ արժեքներ է փոխանցելու նրան։
Դասագրքերն անշուշտ պետք է փոփոխվեն, սակայն դրանք պետք է կազմվեն այնպես, որ երեխայի մոտ բազմակողմանի հարցեր առաջանան, որոնց պատասխաններն էլ կկարողանա գտնել հենց դասագրքում և ուսուցչի միջոցով։ Կարելի է կազմել համաշխարհային գրականության արտադասարանական ընթերցանության ցանկ, որպեսզի երեխաները ամառային արձակուրդներին կարողանան հանգիստ կարդալ։
Միջին դպրոցում շեշտը պիտի դրվի պատանեկան տարիքի համար նախատեսված գրականության վրա։
Ավագ դպրոցը արդեն ակադեմիական պարտադիր գիտելիքների ձեռքբերման շրջանին է նախապատրաստում։
Պետք է հստակ շեշադրել այն նպատակը, որը հետապնդվում է գրական ստեղծագործության ընտրությամբ․ ի՞նչ է դաստիարակում տվյալ ստեղծագործությունը թե՛ ազգային, և թե՛ համամարդկային արժեքների տարածման տեսանկյունից, արդյո՞ք դասի ընթացքը, տվյալ նյութը հնարավորություն է տալու աշակերտի և ուսուցչի միջև առողջ քննարկումներ, վերլուծություններ և եզրահանգումներ անելու համար։
Առանցքը պիտի լինի հայ մարդու, հայի ինքնագիտակցության ձեւավորումը ո’չ թե որպես զոհի, այլեւ որպես ազնիվ, արարող, մտածող, ստեղծարար անհատի։

Ինձ համար կարևոր հարցադրումներ հնչեցրի, որոնք իմ կարծիքով չփարատվեցին
1. Ի՞նչ սկզբունքով են ընտրվել փորձագիտական խմբի անդամները, արդյոք մրցույթի ժամանակ կոնկրետ չափանիշներ սահմանվել են՝ մասնագետների ընտրությունն իրականացնելու համար։
2. Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել ժամանակակից գրողները, նրանց գործերը։
3. Ծրագրերում ընդգրկվել են ժամանակակից գրողների ստեղծագործություններ․ արդյո՞ք տարիքային խմբերին համապատասխանեցված են, թե ոչ, քանի որ կան ստեղծագործություններ, որոնք բավականին բաց և ազատ են։
4. Երբ ուսուցիչներին հնարավորություն է տրվում ձևավորել իրենց սեփական ծրագիրը, արդյո՞ք սա խնդրահարույց չի լինելու այն առումով, որ կարող է խառնաշփոթ ստեղծել և տանել բարձիթողի կամայականության»։

Comment here