ԳլխավորԿրթություն

Իրազեկում․ «Մաթեմատիկա»

Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում մաթեմատիկական առարկաները ներառված են բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Հանրակրթական դպրոցում մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով («Մաթեմատիկա»), 7-9-րդ դասարաններում («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և 10-12-րդ դասարաններում («Հանրահաշիվ և մաթ․ անալիզի տարրեր», «Երկրաչափություն»)՝ առանձին մաթեմատիկական առարկաներով։

Մաթեմատիկայի ծրագրի հիմքում դրված են հինգ հիմնական գաղափարներ, դրանց ենթագաղափարները և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների և ըստ դասարանների։

Առաջարկվող չափորոշչի նախագծի առարկայական վերջնարդյունքներում կարևորվում է գիտելիքի կիրառելիությունը։ Այդ վերջնարդյունքները չափելի են, օրինակելի ծրագրերում կոդավորված և նախատեսված ամփոփիչ գնահատման համար։

Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ) հետ։

Ի տարբերություն մաթեմատիկայի ներկայումս գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

• 2-11-րդ դասարաններում ներառվել են ֆինանսական կրթության տարրեր։

• Համալրվել և ամբողջացվել են վիճակագրությունը և հավանականությունների տեսությունը։

• Վերջնարդյունքներում ավելացվել է դինամիկ մաթեմատիկայի ծրագրերի կիրառության պահանջը։

• Տարրական դպրոցից մի շարք թեմաներ տեղափոխվել են հաջորդ դասարան և խորությամբ ուսուցանվելու են 5-րդ դասարանում՝ առանց ծանրաբեռնելու տվյալ դասարանի ծրագիրը։

• «Երկրաչափություն 7-9» վերջնարդյունքներից հանվել են ապացույցներն ու արտածումները․ դրանք առկա են տեսական բովանդակության մեջ, դասապրոցեսում, խնդիրներում, նախագծային և հետազոտական աշխատանքներում։

• «Տարածաչափություն» բաժինը հանվել է «Երկրաչափություն 7-9» ծրագրից, ինչը պայմանավորված է առարկայի ներքին տրամաբանությամբ, ինչպես նաև 12-ամյա պարտադիր կրթությամբ։

• Միջին դպրոցի որոշ թեմաներ տեղափոխվել են հաջորդ դասարաններ, մի շարք թեմաների վերջնարդյունքներ թեթևացվել են։

• Առարկան ավագ դպրոցում ներկայացված է երեք ծրագրով (պայմանական՝ խորացված, հիմնական, թեթևացված), որը հնարավորություն է տալիս սովորողներին կատարել ընտրություն՝ ըստ իրենց կրթական կարիքների։ Երրորդ՝ թեթևացված ծրագիրը, մշակման փուլում է։

ԿԳՄՍՆ

Comment here