Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնը։
Մայիսի 12-15-ն անցկացվող միջոցառումը համախմբել է հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ավելի քան 100 ուսանողի։
Բացման արարողությունից հետո մասնակիցների համար «Ինչպե՞ս ներկայացնել ստարտափը և ինչպե՞ս ներկայանալ լսարանի առաջ» թեմայով վարպետության դաս է անցկացրել դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ, որոնցից ընտրվել են լավագույն 26-ը։
Մասնակից թիմերը ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև Վանաձորի և Գորիսի պետական համալսարանները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան ու «Միտ» կրթական կենտրոնը։
Հաքաթոնի ավարտին լավագույն նախագծերը կարժանանան դրամական մրցանակների՝ 1-ին տեղը՝ 1.5 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 1 մլն դրամ, 3-րդ տեղը՝ 0.5 մլն դրամ։
Չորսօրյա միջոցառման ընթացքում թիմերը մենթորների աջակցությամբ կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ։ Թեմաները կընտրվեն Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից՝ ներառելով արհեստական բանականությունը, տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական և կայուն տեխնոլոգիական լուծումները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






