Ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդի (16.10.1854-30.11.1900) ծննդյան օրն է։
Ներկայացնում ենք հատվածներ ու մտքեր նրա «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպից։
***
• Մեղանչելով, մարդն ազատվում է դեպի մեղքը անհաղթահարելի ձգտումից, որովհետև մեղքի կատարումը մաքրման միջոց է: Դրանից հետո ոչինչ չի մնում, հաճույքների վերհիշումից կամ զղջման հեշտասիրությունից բացի: Գայթակղումից ազատվելու միակ միջոցը նրան զիջելն է: Փորձիր ընդդիմադրել, և հոգիդ կհյուծվի, ձգտելով արգելվածին, մի ձգտում,որը համարվում է անօրեն և հրեշավոր, քո իսկ ստեղծած ճիվաղային օրենքների կողմից: Ինչ-որ մեկն ասել է, որ աշխարհի ամենախոշոր իրադարձությունները կատարվում են ուղեղում: Իսկ ես կասեմ, որ ուղեղում և միայն ուղեղում են կատարվում նաև աշխարհի ամենամեծ մեղքերը:
• Տաղանդավոր արվեստագետները ապրում են իրենց ստեղծագործություններով, և այդ պատճառով, իրենք որպես այդպիսին, անհետաքրքիր մարդիկ են:
• Յուրաքանչյուր դիմանկար, որ կերտվում է մեծ զգացմունքվ, դա իր իսկ նկարչի դիմանկարն է և ոչ թե բնորդինը: Բնորդը սոսկ պատահականություն է, առիթ: Ոչ թե նրան, այլ ինքն իրեն է հայտնագործում նկարիչը կտավի վրա: Եվ ես վախենում եմ, որ նկարում երևա իմ հոգու գաղտնիքը: Ահա թե ինչու չեմ ուզում ցուցադրել:
• Քմահաճույքի և հարատև սիրո միակ տարբերությունն այն է, որ քմահաճույքները փոքր-ինչ ավելի երկար են տևում:
• Կան միայն երկու տեսակի կանայք` անշպար և շպարված: Անշպար կանայք շատ օգտակար են:
• Սիրել բոլորին՝ նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ:
• Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ՝ չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն:
• Գեղեցկությունը Հանճարի ձևերից մեկն է, նույնիսկ ավելի բարձր, քան Հանճարը, որովհետև բացատրման կարիք չունի: Դա աշխարհի ամենամեծ երևույթներից է, ինչպես արևի լույսը, գարունը, կամ արծաթյա մահիկի արտացոլումը մութ ջրերում, որ կոչվում է լուսին: Գեղեցկությունն անհերքելի է:
• Սիրահարվածությունը սկսվում է նրանից, որ մարդ խաբում է ինքն իրեն, իսկ վերջանում է նրանով, որ նա խաբում է ուրիշին: Ահա հենց դա էլ աշխարհը կոչում է սիրավեպ:
• Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ՝ վտանգի են ենթարկում սեփական երջանկությունը:
• Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում:
• Միայն երկու տեսակի մարդիկ կան, որոնք իսկապես հետաքրքիր են` մարդիկ, որոնք բացարձակապես ամեն ինչ գիտեն կյանքի մասին, և մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն:
• Կանայք ոգևորում են մեզ վեհ գործեր կատարելու, բայց միշտ խանգարում են դրանք իրականացնելու:
• Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունը անմահ է: Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին: Ինչու՞ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու:
• Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ուսերիդ կրես նաև ուրիշի սխալների ծանրությունը: Յուրաքանչյուր ոք իր անձնական կյանքն ունի և դրա համար ինքն է վճարում: Ափսոս միայն, որ մի սխալի համար հաճախ մարդ ստիպված է լինում վճարել անվերջ: Մարդու հետ ունեցած իր հաշիվներում ճակատագիրը երբեք չի համարում նրա պարտքերը մարած:
• Իմանալը բացասական է սիրո համար: Միայն անհայտությունն է գերում մեզ: Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է:
• Երիտասարդությունը վերադարձնելու համար պետք է միայն կրկնել բոլոր խելահեղությունները:
• «Անբարոյական» գրքերը այն գրքերն են, որոնք աշխարհին ցույց են տալիս նրա արատները:
• Շատ ավելի անվտանգ է ոչնչով ուրշներից չտարբերվել
• Եթե տհաճ է, երբ մարդու մասին շատ են խոսում, ապա ավելի վատ է, երբ բոլորովին չեն խոսում:
• Եթե չես կարողանում քեզ ինչ-որ բան ներել, մոռացիր դա:
• Ովքեր իրենց կյանքի ընթացքում մեկ անգամ են սիրում, իրոք թեթևամիտ են: Նրանց, այսպես կոչված, հավատարմությունը ես համարում եմ սովորույթի լեթարգիա կամ երևակայության բացակայություն:
• Մեզանից ոչ մեկը տանել չի կարողանում այն մարդկանց, որոնք նույն թերություներն ունեն, ինչ որ մենք:
[…] հորիզոնականում անգլիացի աշխարհռչակ գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպն է։ Ավելի քան 133 տարի այս վեպը դուրս չի մնում […]
[…] ասում էր Օսկար Ուալդը, կանանց պետք չէ հասկանալ, նրանց պետք է սիրել։ Եվ սա […]